
Սեւերսկի որբանոցի սան, 97-ամյա Ամալյա Սուքիասյանի հուշերից
Հիշում եմ տարիներ առաջ տեղի ունեցածը: 93-ամյա, տարիքին չհամապատասխանող աշխույժ քայլվածքով ու հարցերին ակտիվորեն պատասխանող կնոջը հրավիրել էին Գյումրիի Սեւերսկի նախկին որբանոցի շենքում միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար նախատեսված «Թռչունյան տուն» կրթահամալիրի բացմանը:
Այն ժամանակ Արմենուհի Սուքիասյանին ներկայացնելիս ասացին, որ նույն այդ` Սեւերսկու որբանոցի սաներից է եղել: Հետո արդեն Արմենուհի տատին այցելեցի իր տանը: 93-ամյա կինը չէր հիշում, թե իրականում որ թվականին է ինքը ծնվել, բացատրելով, որ այդ հարցին պատասխանել է նայած տրամադրության: «Միսս Մական որ կհարցներ, կըսեի` 1910 թիվն եմ, հենց որ նեղը կընկնեի, կըսեի` 12 թիվն եմ,- այն ժամանակ ծիծաղելով բացատրեց Արմենուհի տատը»: Սեւերսկի որբանոցի մասին պատմում էր սիրով` նշելով, թե որքան լավ են ապրել ամերիկացիների օրոք: «Մերս ու հերս որ մեռան, հորքուրս էլ ինձ ու քրոջս չպահեց, տարավ գցեց որբանոց,-հիշում էր Արմենուհի տատը,- 20 թվերն էր, էդ ինչքա~ն որբ կար էն ժամանակ, հազարավոր երեխեք Թուրքահայաստանից բերած, էն ջարդերից փախցրած, տեղի որբերից էլ քիչ չէին, ան, ես ու քուրս քեզի օրինակ: Բայց սոված չէինք մնա, ամերիկացիք լավ կկերցնեին, շոր կուտային, մեզի ասեղնագործություն կսորվցնեին, տղեքին` արհեստ:
Նոր տարուն էլ անպայման նվերներ կուտային: Առաջին տարին մեզի միսս Մական ըսավ, թե գուլպա գործեք: Ես սկզբում խամ էի, փոքր նասկի գործեցի: Հետո տեսա, որ էդ նվերները մեր գործածների մեջ լցրին, իմս շատ քիչ եղավ: Էն մյուս տարին էնքան երկար էի գործել, իմ բոյիս, միսս Մական վերցրել գցել էր վիզն ու կխնդար, թե էս ի՞նչ ես գործել: Բայց բերնեբերան լցրել էին` միրգ էր, չարազեղեն էր: Վատ չենք ապրել, լավ ենք ապրել: Վատըցավ, հենց որ ամերիկացիք գնացին: Տեղի երեխեքից մեծ մասին հանին, դուրս գցին, թե` ով հարազատ ունի, էրթա, էլ չենք կրնա պահե»:
Արմենուհի տատն այն ժամանակ պատմեց, որ ամերիկացները առողջ ու գեղեցիկ տղաներին եւ աղջիկներին տեղափոխում էին Ամերիկա: «Սաստավները կլցնեին ու կտանեին, փոքր քրոջս էլ գուզեին տանեին, ես լացա-կոծա, ըսի` չեմ թողնի, կամ ընձի էլ տարեք, կամ երկուսս էլ կմնանք, ես իրանից զատ ուրիշ հարազատ չունիմ: Միսս Մական ընձի շատ կսիրեր, տեսավ, որ ես շատ լաց եղա, էլ չթողեց, որ քրոջս տանին, ըսավ` որ իրան չենք տանի, թող քուրն էլ մնա»: Սա պատմելով` 93-ամյա կինը «մոռացավ» ասել, որ քույրն իրենից սիրուն էր, դրա համար էլ նրան տանում էին, իրեն` ոչ:
![]() |
![]() |
Եվ հիմա, առաջին հանդիպումից 7 տարի անց գնում եմ Արմենուհի տատի սիրուն քրոջ` Ամալյա տատի հետ հանդիպման: Ճանապարհին ինձ ուղեկցող տիկին էմման` Ամալյա Սուքիասյանը, ափսոսանք է հայտնում, որ Արմենուհի տատը չհասցրեց բոլորել 100 տարին, մահացավ 98 տարեկանում:
Քույրը` Ամալյա տատը, իր սկեսուրն է, արդեն 97 տարեկան է, ու իրենք «տնով-ցեղով շատ կդողան վրեն, թե հանկարծ բանըմ չէղնի»: Տիկին Էմման մինչեւ տուն հասնելը հասցնում է պատմել, թե որքան անհանգիստ էության տեր կին է Ամալյա տատը, անընդհատ շարժման մեջ` եկեղեցի է գնում, տան մաքրությանն է հետեւում, անգամ լվացք է անում այդ տարիքում, թեպետ իրենք արգելում են: Տունը մարդաշատ է: Աչքերով փնտրում եմ Ամալյա տատին, չգտնելով` ստիպված հարցնում եմ, թե ուր է: «Աման կլվա,- ծիծաղում է տղան,- հիմի գուկա: Հնար չկա, ինչքան կըսեմ, թե` մերս, մի էրա, մի լվա, չի լսե»: Ու այդ պահին սենյակի բաց դռան արանքում գծագրվում է փոքրամարմին կնոջ մի կերպար, որ արագ մոտենալով ու ամուր սեղմելով մեկնածս ձեռքը` մի հատ էլ տնավարի համբուրում է այտս: «Բարով ես եկել, աղջիկ ջան, համեցի նստի»,- առաջարկում է Ամալյա տատը: Ինքը տեղավորվում է բազմոցի ծայրին` ծնկների վրա ուղղելով խալաթի փեշերն ու սպասողական հայացքով նայելով ինձ: Տատի դեմքին լարվածություն եմ նկատում: «Վատ է լսում, դրա համար էլ լարվում է, բայց էդ տարիքին առանց ակնոց կարդում է»,- ասում է տղան` 75-ամյա Կարապետը: Ամալյա տատին խնդրում եմ պատմել որբանոցում անցկացրած տարիների մասին: «Ես երկու-իրեք տարեկան էի, որ մերս մեռավ: Հերս երկրորդ կնիկ բերավ, հետո որ հերս էլ մեռավ, հորքուրս ինձի ու քրոջս տվավ Սեւերսկու որբանոցը, համարյա 10 տարի ընտեղ ենք ապրել: Էհ, Արմենուհին պիտի էղներ, որ պատմեր,- հոգոց է հանում տատը,- ես ախր շատ բաներ լավ չեմ հիշե, փոքր եմ եղել: Բայց ըսեմ, որ լավ կպահեին, վատ չէինք ապրի, թազա շոր էլ կառնեին, զուրկ չէին թողնի, ասեղնագործություն կսորվցնեին, խալի-կարպետ գործել կսորվցնեին, օտար լեզու կսորվցնեին: Հետո որ դպրոցական եղանք, մեզի ամեն առավոտ դպրոց կտանեին: Որբերու դպրոցն առանձին էր:Դպրոցից էլ գուկայինք, կերթայինք արհեստանոցները»:
Խնդրում եմ պատմել իրեն Ամերիկա տանելու պատմությունը: «Ինչ պատմեմ, ըշտը ընձի էլ մյուս ջոկած երեխեքի հետ գուզեին տանեին Ամերիկա, բայց Արմենուհին լացավ, թե` քրոջս մի տարեք, կամ էլ կտանիք` երկուսիս տարեք, իրանք էլ որոշին, որ երկուսիս էլ չտանին,- պատմում ու քթի տակ ծիծաղում է Ամալյա տատը,- Արմենուհու քիթը մեծ էր, քրոջս համար կըսեին` գեշ է, ըդուր համար էլ իրան չէին ուզե տանի, բայց դաստիարակներն իրան շատ կըսիրեին, ժրության հմար: Արմենուհին չար էր, ես խելոք էի: Բացի էդ, հորքուրս չիդեմ ուրտեղից էր իմացել, որ ընձի գուզեն Ամերիկա տանին, եկել, չէր թողել, թե` իրանք լրիվ որբ չեն, իրանք ըստեղ հարազատ ունին, իրանց չտանիք: Բայց հո Արմենուհին գուզեր էրթալ Ամերիկա: Մեզի երկու-իրեք մասի էին բաժնել ու կջոգեին: Հենց մեկին կառանձնացնեին, Արմենուհին կվազեր, գուկար ջոկածների մեջը կկանգներ: Իրան էլի թեւից կբռնեին, կտանեին իրա տեղը: Ու ըդպես մե քանիմ անգամ: Վերջը տեսնելով, օր հնար չկա, երկուսիս էլ թողեցին»: 1926-27 թթ. շատ որբերի նման, Սուքիասյան քույրերն էլ հեռանում են որբանոցից եւ մինչեւ ամուսնությունն ապրում հորաքրոջ մոտ: Ամալյա տատի թոռները պատմում են, թե իրենց տատն ինչպես է աշխատել Գյումրիի գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում, որպեսզի կերակրի իրեն ու տղային` 6-ամյա Կարուշին:
«Տատս կպատմեր, թե ինչխ ցելաֆոնը կփաթեր ոտքերին, որովհետեւ կոշիկ չի ունեցել, կերթար գործի, հետո էլ գործարանի ճաշարանի սեղանների վրայից հացի փշրանքները կսրբեր, կլցներ գոգնոցը, որ բերեր հորս կերցներ, սոված չմնային,- պատմում է տատի Ամալյա թոռը,- պատերազմի տարիներին շատ վատ են ապրել ու տատս միշտ կկրկնե, թե իրա լավ կյանքը հիմի է: Հետո աչքերի տեսողությունն էնքան է ընկել, որ ստիպված է եղել գործից դուրս գա: Տունը պահելու համար հերս 12 տարեկանից դպրոցը կիսատ է թողել, գնացել է կոշկակարի մոտ արհեստ սորվելու»:
97-ամյա կնոջ հիշողությունից շատ բան ջնջվել է անցյալի պատկերներից, սակայն թոռների հավաստմամբ` մինչեւ հիմա էլ անգիր տողեր է արտասանում «Աբու-Լալա Մահարի» եւ «Անուշ» պոեմներից: Ամալյա թոռնուհին դիմում է տատին` տատ, հլա արտասանե, մեր լրագրողն էլ լսե: 97-ամյա կինը երկու տող «Աբու-Լալա Մահարի»-ից արտասանելուց հետո նեղվում է. «Որ շուտ ըսեիք, որ պիտի արտասանեմ, կպատրաստվեի, մե հատմ ավել կկարդայի, հիմի չեմ հիշե,- ավելացնում է տատն ու մեղավոր ժպտում,- ուրիշ անգամ, ձագ ջան, ուրիշ անգամ որ գաս, կարտասանեմ»:
Մեկնաբանել