Թե ինչու է Արաքսի գյուղապետը երդվել այլեւս սոխ չցանել
Վարկավորման առումով տխուր վիճակ է Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Սա համայնքապետ Ռուբեն Կարապետյանի բնորոշումն է: Նրա տվյալներով` համայնքի 300 տնտեսությունից մոտ 200-ը «վարկի տակ են», նրանցից 100-ից ավելին մեկից ավելի վարկեր ունեն մարելու: Գյուղացիները վարկ են վերցնում հիմնականում «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից, «Կամուրջ»-ից, «Արեգակ»-ից, «Ֆինքա»-ից: «Իգնչ է անում գյուղացին. կարուսել է` մեկը վերցնում մյուսին է տալիս»,- ասում է Ռուբեն Կարապետյանը:
Գյուղապետն ինքն էլ է վարկ վերցրել, ընդ որում` 3-ը: Նախանցյալ տարի նա հողամասի 6000 մետրի վրա սոխ է ցանել, 15 տոննա բերք է ստացել: Դրա համար 1000 դոլար վարկ է վերցրել, այն ժամանակ կազմել է 300 հազար դրամ, բայց վճարել է 490 հազար դրամ: Իսկ սոխը չի կարողացել վաճառել. 6 տոննայից ավելի թափել է, մյուս մասն էլ որպես բարեգործություն ուղարկել է գաղութներ:
«Եթե նվազագույնը 100 դրամով վաճառեի, եկամուտ կունենայի, բայց նախանցյալ տարի սոխի առումով արհեստական ի՞նչ սարքեցին, որ ընդհանրապես չվաճառվեց: Այսօր գյուղացուց սոխի ամենամեծ գնորդը Պաշտպանության նախարարությունն է, բայց, իմ ինֆորմացիայով, նախանցյալ տարի ներմուծել են պարսկական ու թուրքական սոխ, այստեղ լճացավ ու ընդհանրապես չվաճառվեց»,- ասում է Ռուբեն Կարապետյանը:
Գյուղացիների մեծ մասը եւս սոխ ցանելու համար էր վարկ վերցրել, սոխը չեն վաճառել, չեն կարողացել փակել արդեն ունեցած վարկերը եւ ստիպված տարբեր վարկավորող կազմակերպություններից կամ բանկերից են վարկ վերցրել:
«Այդ պահին մենակ փող լինի, գյուղացին կվերցնի, ու այդպես կարուսելի մեջ է ընկնում. այստեղից տանում դնում են այնտեղ, այնտեղից մեկ ուրիշ տեղ, իսկ արանքում լուրջ տոկոսներ է գալիս»,- շարունակում է համայնքապետը:
Ռուբեն Կարապետյանն ասում է, որ ինքն էլ «Ֆինքայից» վարկ վերցնելու հայտ է ներկայացրել, բայց հաշվարկելուց հետո պարզվել է` տոկոսադրույքը հասնում է մոտ 40-ի` բոլոր վճարումները միասին:
«Տոկոսադրույքները շատ թանկ են: Ես իմ կաշվի վրա եմ դա զգացել: Ես էլ եմ հող մշակում, ես էլ եմ բոստան դնում, իմ կնոջ հետ քաղհան անում: Ես որպես գյուղապետ չեմ խոսում, ես խոսում եմ որպես գյուղացի»,- ասում է Ռուբեն
Կարապետյանը եւ հավելում, որ եթե նույնիսկ տոկոսադրույքը բարձր է, գոնե պետք է երկարաժամկետ վարկեր տան գուղացիներին:
Գյուղապետը, սակայն, չի մեղադրում նաեւ բանկերին եւ Կառավարությանը: Նա նկատել է, որ «Կառավարությունը թեքվել է դեպի գյուղեր»:
Մեր հարցին, թե «թեքվելուց հետո» կոնկրետ ինչ է արվել Կառավարության կողմից, համայնքապետը դժվարացավ պատասխանել. «Կարեւորը գալիս է: Գալիս են, բարեւում են, լսում են, որոշ խնդիրներ լուծվում են»:
Բայց բանկը Արաքսի գյուղացիներին վարկ է տալիս, երբ լուրջ գրավ կա դնելու: Գեւորգ Օհանյանի ու Զարուհի Այվազյանի ընտանիքն արդեն 10 տարի է օգտվում է վարկերից:
Ասում են` վարկը օգտակար է, հատկապես նեղ պահին, երբ փող է պետք: «Վերցնում ես, բայց փակելը դժվար է»,- ասում է Զարուհին:
Նրանք կարողացել են որոշ չափով տնտեսությունը կարգավորել` գյուղատնտեսական տեխնիկա են գնել, տրակտոր, մեքենա, հարեւան գյուղում 4 հա հող: 1.5 ամիս առաջ կրկին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» 5000 դոլար վարկ են վերցրել, որպեսզի սերմեր, պարարտանյութեր կարողանան գնել: Ուսանող ունեն, պետք է հասցնեն նրա վարձն էլ վճարել: Երեք տարի մարման ժամկետով 15% տոկոսադրույքով է ձեւակերպված նրանց վարկը: Գրավ են դրել ունեցած տեխնիկան եւ ոսկիները:
«Հույս ունեինք, որ կփակեինք, բայց հիմա ցուրտը վնասեց ուշահաս դեղձին, սալորին ու ինչ-որ չափով ծիրանին, տեսնենք` ինչպես կլինի»,- մտահոգվում է Գեւորգ Օհանյանը:
«Դե պետք է փակենք, այնպես է, որ պետության հետ խաղ անելը դժվար է: Անասուն ունենք, հորթեր ունենք, համոզված ենք, որ կարող ենք փակել, դրա համար վերցրել ենք: Եթե լավ եկամուտ լինի, կամ բանջար-բոստանն արժեք ունեցավ, հանգիստ կփակենք: Դեղձի այգի ունենք, ծառեր ունենք, պոմիդոր ենք տնկել, պիտի որ լավ լինի, բայց բնության հետ էլ խաղ անել չի լինի` մեկ կարկուտ, մեկ անձրեւ, մեկ ցուրտ»,- շարունակում է կինը:
Համայնքապետ Ռուբեն Կարապետյանը լուծումը այլ կերպ է տեսնում. գյուղացուն հարկավոր է երկարաժամկետ վարկ տրամադրել: «Եթե մի տարի տակ տվեց, գոնե կիմանա, որ մի տարի էլ կա, ոտքի կկանգնի, բայց եթե վարկը մի տարով է, Աստծո կամ բնության քմահաճույքով ապրող է գյուղացին, ցուրտը խփեց, ի՞նչ անի»,- նշում է նա:
Այդուհանդերձ, այդչափ ծանր վիճակում անգամ անցյալ տարի վարկերն ուշացնողներ չեն եղել: Ռ. Կարապետյանի խոսքով` վարկերը նպատակային են ծախսվել:
«Ինչքան էլ չարքի է, բայց լավ է, որ կա, չարիքի փոքրագույնն է: Այս վարկերը չլինեին, ի՞նչ պիտի անեինք, գյուղացին պետք է գնար սրան վիզ ծռեր, նրան վիզ ծռեր, մի 100 դոլար պարտքով ուզեր»,- կարծում է համայնքապետը: Այս տարի նա պոմիդոր, վարունգ ու սմբուկ է ցանելու, իսկ սոխ երդվել է այլեւս չցանել:
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել