«Սփյուռքից գալիս են Հայաստան, որպես տուրիստ լավ ժամանակ են անցկացնում սրճարաններում եւ Հայաստանի տեսարժան վայրերում, երբեք Հայաստանի մյուս կողմը չեն տեսնում, չգիտեն, թե ինչ է կատարվում շրջաններում կամ Երեւանի ծայրամասերում»,- ասում է ամերիկահայ Սառա Անջարգոլյանը:
Մարտի 26-ից ապրիլի 18-ը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացել է Սառայի վավերագրական լուսանկարների ցուցահանդեսը, որը կրել է «Ինչպես ենք մենք ապրում» խորագիրը: Յուրահատուկ դիզայնը, որը ձեւավորել է ճարտարապետ եւ դիզայներ Նարինե Միրզայանը, 5/7 ֆուտ չափի առաստաղից կախված լուսանկարները այն տպավորությունն են ստեղծել, կարծես ցուցահանդեսի դիտողն անցնում է այդ մարդկանց կյանքերի միջով:
Թուֆենկյանի հիմնադրամի առաջարկով Սառան անցյալ տարվա հուլիսին սկսել է լուսանկարների այս շարքը, որպեսզի սփյուռքն իմանա Հայաստանում ապրող անապահով ընտանիքների մասին:
3.5 շաբաթ Թուֆենկյան հիմնադրամի սոցաշխատողների հետ այցելել է անապահով ընտանիքներ, շուրջ 4000 նկարներ արել, որից 40-ն ընտրվել է ցուցահանդեսի համար:
15 անապահով ընտանիքի պատմություն է լուսանկարել Սառան, իսկ ցուցահանդեսին ներկայացվել է 9-ը:
Այս լուսանկարը Սառայի սիրելի գործերից է, որովհետեւ Նարինեի աչքերում հույս կա:
«Ակորդեոնը ինչ-որ տուփի մեջ գցած էր, ասաց, որ ջահել ժամանակ նվագում էր, վերցրեց ու զգացի, որ երբ ինքն իր ջահել ժամանակ նվագած ակորդեոնը բռնեց, ուժ եկավ մի քիչ, հույս, պատուհանից էլ դեմքի վրա լույս ընկավ...այս նկարը ցուցահանդեսի սիմվոլն է»,- ասում է Սառան:
Սառան սիմվոլիկ է համարում նաեւ դրսում` հին լողատաշտակում պատկերված երեխայի ոտքերը պատկերող նկարը.
«Չկա դեմք, այսինքն` այս ընտանիքներից շատերը նույն ձեւով են ապրում, անդեմ են, ապրում են ստվերում եւ անտեսված»:
Սառայի համար այս շարքը ազդեցիկ է եղել եւ դժվար, երբեմն չի հավատացել իր տեսածներին. «Ես լսել էի, որ այսպիսի բաներ կային Հայաստանում, բայց չէի կարող դա պատկերացնել, թե ինչպես ամեն օր երիտասարդ տղան` 29-ամյա Գրիգորը, աղբանոց է գնում, երեք երեխա ունի, կարող է նորմալ ապրուստ ունենալ, բայց ապրում էր աղբանոցի հաշվին: Իմ համար ամենամեծ շոկն այն էր, որ դա նորմալ երեւույթ է դարձել իրենց համար»:
Ցուցահանդեսն արդեն ունեցել է մոտ 800 այցելու: Մարդիկ սկսել են ակտիվություն ցուցաբերել, տարբեր կազմակերպություններ արձագանքել են, ցանկացել օգնել այդ ընտանիքներին:
«Ամենակարեւորն այն էր, որ սփյուռքն իմացավ, որ Հայաստանի մի մասում նման իրավիճակ գոյություն ունի»,- նկատում է Սառան:
Այցելուներից մեկը Սառայի լուսանկարների ցուցահանդեսը դիտելուց հետո ասել է, որ նկարները «շատ գեղեցիկ են»: Գնահատականը Սառայի համար հաճելի է եղել, սակայն նա ասում է, որ այս նկարները «գեղեցիկ ասելը» տարօրինակ է, երբ թեման այդքան ծանր է. «Ինձ համար ամենակարեւորն այն էր, որ այս ընտանիքների պատմությունը արժանապատվությամբ կարողանայի պատմել եւ ցույց տալ, այլ ոչ թե տգեղ ձեւով»:
Սառան ասում է, որ ինքը ոչ միայն լուսանկրել է այդ ընտնաիքներին, այլ հարցազրույցներ արել, տեսագրել, որպեսզի սխալ պատկերացում չկազմի եւ կարողանա օվյեկտիվորեն ներկայացնել այդ մարդկանց ապրելակերպը եւ ճշգրիտ մակագրել լուսանկերները:
«Ես գիտեի, որ մարդիկ անպայման կուզենան իմանալ, թե ինչու է, օրինակ, Ռուզանան ապրում այդ ձեւով, կամ ինչու Արմինեն չի կարողանում երեխաներին կերակրել: Ես ուզում էի ճշգրիտ այդ ամենն իմանալ ու ներկայացնել»,- նշում է Սառան:
Սակայն ցուցահանդեսից դժգոհ է եղել Լոս Անջելեսի Հայաստանի հյուպատոսությունը եւ այդ առիթով մամուլի հաղորդագրություն տարածել.
««Այսօր Հայաստանի` աղքատության հետ կռիվ տվող ընտանիքներն ապրում են աղբանոցների հաշվին, երեխաները պայքարում են թերսնման դեմ, ալկոհոլիզմն ու ընտանեկան բռնությունը դարձել են սովորական, ընտանիքներն ապրում են մետաղական տնակներում», սա մեր հասարակության բնորոշ նկարագիրը չէ, այն չի արտացոլում Հայաստանի բնակիչների, այդ թվում եւ չքավորության մեջ ապրող ընտանիքների ընդհանրական պատկերը. աղբանոցի հաշվին ապրող, ալկոհոլիզմով ու բռնությունից տառապող ընտանիքների ողբերգական վիճակը համատարած երեւույթ չէ եւ չի կարող «սովորական» դառնալ հայկական ընտանիքների համար»:
Հակառակ դրան` ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունն աճել է: Սառան կատակով նշում է, որ միգուցե դա էլ պատճառ դարձավ, որ ավելի շատ մարդիկ սկսեցին այցելել, քան իրենք սպասում էին:
Ինքնուս լուսանկարչուհու կենսագրությունից
Սառա Անջարգոլյանի ընտանիքը Պարսկաստանից ԱՄՆ է տեղափոխվել 1981 թ: Հիմա ապրում են Լոս Անջելեսում: Սառան քաղաքագիտություն է ուսումնասիրել Կալիֆոռնիայի համալսարանում, իսկ իրավագիտություն` Բերքլիում:
Որպես դատապաշտպան աշխատել է Վաշինգտոնում: 1994 թ.-ից նա մշտապես այցելել է Հայաստան, իսկ 2002-2004 թթ. «Ֆուլբրայթի» անվան կրթաթոշակով Սառան Հայաստան է եկել, շրջել Հայաստանի մարզերով ու լուսանկարել:
Այստեղից ծնվել է նրա առաջին մեծ շարքը` «Հայաստանը 2002-2007 թթ.»: Մի քանի վավերագրական ֆիլմեր է պատրաստել «Բարս Մեդիա»-ի հետ: Աշխատել է նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում` որպես իրավագիտության ֆակուլտետի դեկանի օգնական:
Իր աշխատանքի եւ ուսումնասիրությունների ուղղությունը եղել է կանանց դերի բարձրացումը նախկին խորհրդային հասարակություններում:
2009 թ. հուլիսին կրկին եկել է Հայաստան` «Ինչպես ենք մենք ապրում» շարքի լուսանկարներն անելու համար. «Ինձ համար Հայաստանն ավելի հարազատ է, քան Լոս Անջելեսը: Հայաստանն իմ տունն է, իմ տեղն է»,- ասում է Սառան:
Նա հիմա Լոս Անջելեսի քաղապետարանում իրավաբան է աշխատում: Նշում է, որ ավելի շատ կուզենար լուսանկարներով զբաղվել, բայց չի ստացվում:
Լուսանկարչությունը եկամուտ չի բերում, դրա համար իրավաբանությունը չի թողնում. «Իրավաբան լինելն ինձ թույլ է տալիս ինչ-որ ֆոտոպրոեկտներ անել: Բայց ժամանակս չի հերիքում, շատ քիչ է մնում լուսանկարչության համար»:
Համալսարանում սովորելու տարիներին Սառան երբեմն փախել է իրավաբանության դասընթացներից եւ մասնակցել լուսանկարչության դասընթացներին:
Այդպես սկսել է լուսանկարչությամբ զբաղվել, բայց լուսանկարչությունն ավելի շատ փորձով է սովորել` շատ նկարելով: Շատ է լուսանկարել հատկապես Հայաստանում ապրած տարիներին, շփվել է տարբեր լուսանկարիչների հետ:
«Համարյա ուրիշներից եմ սովորել»,- խոստովանում է Սառան: Նա անընդհատ նայում է տարբեր լուսանկարիչների աշխատանքները, գրքեր եւ շարունակում է շփվել լուսանկարիչների հետ:
Հայերի կյանքը աջ եւ ձախ կողմերում` Հայաստանում եւ ԱՄՆ-ում
Սառան մի քանի այլ ամբողջական շարքեր էլ ունի, որոնք տեղադրված են իր անձնական կայքում` www.SaraAnjargolian.com:
Հայկական թեման շարունակվում է նաեւ Սառայի «Բաժանված ընտանիքներ» շարքում, որը լուսանկարչուհու 2.5 տարվա աշխատանքի արդյունքն է: Նա 2007 թ.-ից սկսել է լուսանկարել ընտանիքներ եւ կոնտրաստային համադրությամբ ներկայացրել Լոս Անջելեսում աշխատող ընտանիքի անդամներից մեկի եւ Երեւանում նրա ընտանիքի առօրյան: 9 ընտանիք է ընտրված այս շարքի համար:
Աբովյանցի Սիլվան Լոս Անջելեսում մի տատիկի է խնամում, որպեսզի օգնի իր ընտանիքին: Ձախ կողմում Սիլվայի կյանքն է Լոս անջելեսում, իսկ աջ կողմում` նրա ընտանիքի կյանքը Հայաստանում:
Սառան ասում է, որ ցանկացել է ցույց տալ երկու աշխարհները` կողք-կողքի, որն իրականում կողք-կողքի դժվար է համադրվում: Սառան ուզում է այս շարքը գիրք դարձնել:
«Ամենամեծ բանը, որ ես նկատել եմ այս շարքում, մարդկանց համար այստեղի մենակությունն է, այսինքն` ինչքան մենակ են զգում իրենց, երբ թողնում եւ գալիս են Լոս Անջելես: Մյուս կողմից` Սիլվան իրեն լավ է զգում, որ կարողանում է այդքան օգնել իր ընտնիքին»,- ասում է Սառան:
Հենց «Բաժանված ընտանիքներ» շարքն է պատճառ դարձել, որպեսզի Սառան նկարի «Ինչպես ենք մենք ապրում» շարքը:
Իրականությունը` ոչ իրական ձեւով
«Մեկ տեղ եմ ընտրում, լուսանկարչական խցիկը դնում եմ այդտեղ, երբեք չեմ շարժում տեղից եւ տարբեր նկարներ եմ անում օրվա ընթացքում, հետո ընտրում եմ ամենահետաքրքիր նկարները եւ միացնում Photoshop-ով: Ոնց որ թե այդ օրվա կամ երեկոյի պատմությունն եմ պատմում, բայց մեկ նկարով»,- այսպես ծնվել է Սառայի «Պանորամա» շարքը:
Այսինքն` 5,6,7 իրար շատ նման կադրեր միմյանց միացված Photoshop ծրագրով: Լուսանկարները ոչ թե մեկ վայրկյանի, այլ տարբեր պահերի արված նկարներ են, բայց իրար հետ կապված են այնպես, որ դիտողին թվում է, թե նույն պահի մեկ լուսանկար է: Միայն շատ ուշադիր զննելիս նույն մարդուն երկու կամ երեք անգամ կարելի է նկատել:
Նա դոկումենտալ լուսանկարներով փորձում է դիտողին փոխանցել իրականությունը, բայց համադրում է արվեստի հետ` իրականությունը պատմելով ոչ իրական ձեւով:
«Ինձ համար հետաքրքիր է, որ կարող ես պատմություն պատմել, որը խաղում է իրականության հետ, միեւնույն ժամանակ եւ իրականություն է ներկայացնում, բայց անհնար է, որ այդ իրականությունը նույն ժամանակ լինի, այդ կոնտրաստն ինձ համար շատ յուրահատուկ է»,- ասում է Սառան:
Այս նախագիծը ծնվել է արվեստի դասընթացներին մասնակցելու եւ ընկերների հետ շփումների արդյունքում: Պանորամաները Սառան հիմնականում ընկերական շրջապատի հավաքույթներից է ստացել: Օրինակ` մի դեպքում իր ընկերուհի Լառայի առաջին երեխայի ծննդյան կապակցությամբ Սառայի եւ ընկերների հավաքն է:
Սառայի տեսած «Հայաստանը 2002-2007 թթ.»
Դսեղ գյուղի եկեղեցում մոմավաճառուհու լուսանկարը Սառայի «Հայաստանը 2002-2007 թթ.» սեւ ու սպիտակ լուսանկարների շարքից է:
Սառան հիշում է, որ այս նկարը հատուկ վաճառողուհու համար տպագրել է, որպեսզի նրան տա. «Գտա իրեն, նկարը տվեցի` մի քիչ հպարտորեն ու ուրախ, բայց ինքն ասաց` ափսոս, որ դեմքս լավ չի երեւում,- հիշում է Սառան,- ինքը չհասկացավ նկարը, ես էլ, իհարկե, ոչ մի բան չասացի, բայց ես ուրախ էի, որ վերադարձել ու տվել էի նկարը»:
Այս շարքում ընդհանուր նկարներ են` արված Սառայի` Հայաստանում ապրած տարիներին եւ Հայաստան կատարած այցելությունների ժամանակ:
Այս տարի եւս Սառան ուզում է գալ Հայաստան իր` «Ինչպես ենք մենք ապրում» շարքի ցուցահանդեսով: Այժմ Թուֆենկյան հիմնադրամի հետ հենց այդ հարցերն է քննարկում:
Սառան իր լուսանկարների բոլոր շարքերն էլ տարբեր պատճառներով սիրում է. դրանք էմոցիոնալ տարբեր զգացմունքներ, տրամադրություն ու հույզեր են առաջացնում լուսանկարչուհու մոտ:
«Հայաստանի նկատմամբ այնքան տարբեր զգացմունքներ ունեմ, հույս ունեմ, որ այս նկարները ինչ-որ կերպ խոսում են այդ զգացմունքների մասին,- ասում է Սառան եւ նորից անդրադառնում «Ինչպես ենք մենք ապրում» շարքին,- ամենամեծ բանը, որ ես սովորել եմ, որ մեր երիկիրը չէ միայն այդ վիճակում, շատ այլ երկրներ կան, որոնք նույնպես այդ վիճակում են: Սփյուռքը այդ պատճառով շոկի մեջ էր: Մեր երկիրն էլ ուրիշ երկրների նման այս խնդիրներն ունի, եւ մարդկանց համար մի քիչ դժվար է ընդունել դա, որպես հայ ընդունել դա, մանավանդ Ամերիկայում»:
Հայաստանում ապրած տարիները Սառայի համար «ամենալավ տարիներն են» եւ միշտ սիրով է հիշում Հայաստանը:
«Ընկերական շրջապատը, որ ձեռք բերեցի Հայաստանում, ինձ սովորեցրեց մարդկային հարաբերություններ, Ամերիկայում բոլորը շատ զբաղված են, անընդհատ վազքի մեջ: Նստել, ընկերոջդ հետ երկար ժամանակ խոսել, շփվել մարդկանց հետ` այստեղ մի քիչ պակասում է: Իսկ Հայաստանում ես դա նորից սովորեցի: Ավելի մարդասիրական արժեքներ ձեռք բերեցի, եւ իմ մեջ դրանք հիմնավորվեցին»,- անկեղծանում է Սառան:
Նա նաեւ խոստովանում է, որ փորձում է Լոս Անջելեսում էլ այդ կերպ դասավորել իր կյանքը, բայց դժվար է: Այնտեղ կյանքն ավելի արագ է ու դինամիկ:
«Չնայած Երեւանն էլ է գնում դեպի այդ արագ կյանքը»,- Սառայի վերջին այցելության տպավորությունն է:
Ամենամեծ ձեռքբերումը ճշմարտությունը գտնելն ու փոխանցելն է
«Երբ զգում եմ, որ ինչ-որ թեմայի մասին ճշմարտություն եմ բռնացրել, դա ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է, երբ կարողանում եմ այդ ճշմարտությունը ֆիքսել եւ ուրիշին էլ հասցնել». սա է պատճառը, որ Սառան զբաղվում է լուսանկարչությամբ, հատկապես վավերագրական լուսանկարչությամբ:
Ավելին, Սառան շատ է սիրում մարդկանց հետ շփվել, եւ լուսանկարչությունը նրան այդ հնարավորությունը տալիս է` շփվել տարբեր մարդկանց հետ եւ նրանց կյանքի պատմությունը պատմել լուսանկարների միջոցով:
«Ինչքան նկարում եմ, այդքան էլ չեմ նկարում: Բավականին ժամանակ եմ անցկացնում այդ մարդկանց հետ, եւ այդ շփումը` նստելը, խոսելը, պատմելը` հետաքրքիր ու հաճելի համատեղում է»,- նկատում է Սառան:
Նույն պատճառներով Սառան ընտրել է իրավաբանությունը` մադկանց հետ շփվելու համար: Բայց նրա մեկնաբանմամբ, իրավաբանությունն ավելի պաշտոնական է, քան լուսանկարչությունը:
«Դատարանում էլ ինչ-որ մեկի իրավունքների պատմությունն ես պատմում»,- նմանությունն է բացատրում Սառան:
Այժմ Սառան ուզում է սկսել լուսանկարել ամերիկյան թեմաներով, օրինակ` ԱՄՆ-ում հայտնի գիրության խնդիրը` «Չաղության էպիդեմիա» պորտրետների շարքով եւ այլն:
Իսկ եթե կարողանա չաշխատել, կուզենար Ամերիկայի մի ծայրից մյուսը մեքենայով անցնել, գյուղական բնակավայրերը ու ապրելակերպը նկարել: Հայկական թեմաներից ուզում է մի փոքր շեղվել, որովհետեւ տեսածն արդեն տպավորիչ է եղել:
«Իրենց խնդիրները ինձ են փոխանցվում եւ ազդում են ինձ վրա: Չեմ կարողանում ճիշտ պատեր դնել իմ եւ իրենց միջեւ»,- ասում է Սառան եւ խոստովանում, որ անապահով ընտանիքների ծրագրից հետո դժվարությամբ է վերականգնվել, դժվար է ստացվել շփումը իր շրջապատի եւ ընկերների հետ:
«Շատ կուզենայի ասել, որ մեր կյանքը նույնն է, մի ընդհանուր աշխարհի մեջ ենք, մեր գոյությունը իրար հետ է կապված, եւ ոչ թե այդքան տարբեր: Չեմ կարող ասել, որ դժվար էր ինձ համար նկարել նրանց կյանքը, չեմ կարող նույնիսկ համեմատել իմ կյանքը իմ նկարած մարդկանց կյանքի հետ, դրա համար աբսուրդ է ասել, որ դժվար էր ինձ համար»,- ամփոփում է Սառան:
Տես նաեւ՝«Ինչպես ենք մենք ապրում»
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել