HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հարյուրամյակին ամեն ինչ կվերջանա»

Ծաղկեփունջն ամուր գրկած իր ընկերոջ հետ Ծիծեռնակաբերդ էր բարձրանում 83-ամյա Սուրեն Հարոյանը։ Նրանք ամեն տարի միասին Ծիծեռնակաբերդ են գալիս՝ Սուրեն Հարոյանի «նախնիների գերեզմանոց»: Սուրեն Հարոյանն ինքն է այդպես ասում՝ «Ծիծեռնակաբերդը իմ պապերի ու տատերի գերեզմանն է»։1915 թվականին գաղթի ճանապարհին զոհվել է Սուրեն Հարոյանի Հովհաննես պապը և անհետ կորել է Եկատերինա տատը։ Նրանք գաղթել են Էրզրումից։ Արևմտյան Հայաստանի գյուղերով հասել են Սիսիան, այնուհետև Վրաստան՝ Կախեթ, հետո՝ Թիֆլիս։ Հարոյանների մյուս բարեկամները ևս հավաքվել են Թիֆլիսում։ 1946 թ-ից Սուրեն պապն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ «Սպանություն, թալան, առևանգում... ռուսական զորքերի հետ կարողացել են գալ, իհարկե, ռուսական զորքերի մեջ եղել են և անպետք սպաներ, որոնք հայերի նկատմամբ լավ չեն վերաբերվել, տեղ-տեղ նրանց անուշադրության են մատնել, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ռուսների հետ չլինենք, մեր հույս հավատը միայն ռուսներն են, ուրիշ ոչ ոքի վրա հույսներնս չպիտի դնենք։ Եվրոպան մեզ ամեն շաբաթ է խաբելու, Ամերիկան՝ ամեն օր, Ռուսաստանը՝ տարին մեկ անգամ, բայց դա չի խանգարում»,- ասում է Սուրեն Հարոյանը և անցնում քաղաքական հարցերին։ Նրա կարծիքով՝  նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը լավագույն լուծումն էր, իսկ նախագահն այս ամենն անում է, որ թուրքերի դեմքը ցույց տա. «Հասավ այս պահը, հիմա ետ կանգնեց, թողեց իրենց գայլի բերանը։ Փոքր պետություն ենք, այսքանը որ կարողացանք անել, որ մեր հետ հաշվի են նստում, հիմա թող իրենք ոնց ուզում են լուծեն»,- ասում է Սուրեն Հարոյնաը։ Նա կտրականապես դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը՝ «թուրքից մենք երբեք լավություն չեն ստանա, ոչ մի ժամանակ նրանք մեզ պետք չեն։ Չե՞նք ապրել առանց թուրքերին, էլի կապրենք, ինչ է եղել»։ Սուրեն Հարոյանը համոզված է, որ Թուրքիան այսօր չի ճանաչում, բայց մի օր անպայման ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը։ «Հարյուրամյակին ամեն ինչ կվերջանա,- վստահորեն ասում է նա,-պատմական ընթացքն է ցույց տալիս դա. ձյունը որ սարից գլորվում է, անընդհատ մեծանում է գունդը, այս անգամ պետք է Աստված մեզ օգնի՝ պարտք է մեզ, մինչև հիմա ինչ արել է՝ ձեն չենք հանել, փեշը բռնած ման ենք տալիս, բայց հիմա արդեն իրա խղճի վրա էլ կանդրադառնա, մեզ օգնելու է»։ Հայաստանի արտաքին քաղաքականությունից գոհ է Սուրեն պապը։ Նրա կարծիքով՝ ունենք պետականություն, արդեն բավարար է, մնում է, որ ճիշտ օգտագործենք։ «Կան արանքներում հանցագործներ, թալանչիներ, ավազակներ, բայց ոչինչ, մեզանից գողացողը էլի մեզ կտա»,- ասում է նա։ «Ես չեմ հասկանում, երբ ասում են՝ թուրքի հետ բարեկամանանք։ Եթե բարեկամացանք, պիտի գնանք այդ մարդակեր Թալեաթի գերեզմանին մեր ղեկավարները ծաղիկ դնեն, բա բարեկամ են լինելու չէ՞, ոնց կարան չդնեն»,- Ճանապարհի կեսին զրույցին միանում է  Ջուլիա Հակոբյանը։ «Հայրս միշտ գալիս էր՝ այստեղ, ասում էր՝ «իմ հոր գերեզմանն եմ գալիս, ես էլ եմ ամեն տարի գալիս»,- ասում է 74-մյա Ջուլիա Հակոբյանը։ Էրզրումի գավառի Իլիջա գյուղից գաղթել է տկն Ջուլիայի հայրը։ «Երբ թուրքերը հարձակվել են, պապիկս վերցրել է հորս, տարել բլուրի հետև, բայց պապիկիս էդ բլուրում հորս աչքի առաջ սպանել են, իսկ իրեն գլորել ցած։ Մի ուրիշը գտել է, տարել հետը և մանկատուն հանձնել»,- հոր պատմածներն է հիշում տիկին Ջուլիան։ Նա մինչ օրս հիշում է նաև հոր՝ մանկատնից սովորած բանաստեղծությունը. «Անտառին մեջ ծառ մը կար, կաղնիներուն հավասար, Ուներ անթիվ ծաղիկներ, Անոնկ այնտեղ կապրեին»։ Ծաղիկները որբերն էին, իսկ կաղնին մանկատան տերը։ Տիկին Ջուլիայի պապը՝ Հարություն Մարտիրոսյանը կորցրել է  կնոջը`Մինազարին, նա աշխատանքից տուն հասնել չի հասցրել։ «Հայրենիքի ձայն» թերթով հայրը իրենց տատին գտնելու համար ողջ կյանքում հայտարարություններ է տվել, բայց այդպես էլ չի գտել։ Նրա կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը մի քանի օլիգարխների է ձեռնտու, ոչ թե ժողովրդին։ «Թուրքական ապրանքը, որի վրա «օքուլ դեֆտերի» է գրված և Թալեաթի նկարն է, բերում են, վաճառում են, մեր երեխեքն էլ չգիտեն, թե մարդակերն է նկարած, որ իրենց պապերին ու տատերին կերել է։ Բա եթե սահմանը բաց չի, ո՞նց են բերում, ո՞վ է բերում»,- ասում է տիկին Ջուլիան և վստահորեն ասում, որ հայ-թուրքկան սահմանը չպետք է բացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter