
«Վրաստանում ևս ասորիներ կան, բայց նրանք ամբողջական տարածքում չեն, ինչպես Ջավախքը, բայց ջավախքցիներն էլ մտածելու բան պետք է ունենան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը` համեմատելով իրենց կրթամշակութային պահանջները ջավախահայերի պահանջների հետ:
«Ոչ մեկդ չե՞ք զարմանում, որ Լինան և ես մաքուր խոսում ենք հայերեն»,- հարցրեց Ռ. Խոսրոևը: Լրագրողների դիտարկմանը, թե ջավախքցիների պնդումն այլ է, քանի որ իրենք ապրում են իրենց իսկ պատմական հողի վրա, վերջինս ավելացրեց. «Պահանջներն են ուրիշ, մոտեցումները են ուրիշ, դրա համար դեռ ժամանակ է պետք, կամ Ջավախքի հարցով պետք է ծայրահեղության գնալ` պահանջեն ավտոնոմիայի սահմաններում ինչ-որ բան, որպեսզի մարդը կարողանա կամաց-կամաց նաև վրացերեն սովորի»,- նշեց Ռ. Խոսրոևը:
«Ես չեմ կարող ասել, որ ասորական համայնքը լավ է զգում Վրաստանում, ինչպես Հայաստանում: Այն հնարավորությունները չկան, ինչպես Հայաստանում»,- ասում է մյուս ներկայացուցիչը` Լինա Յակուբովան: Նա եղել է Վրաստանում և ուսումնասիրել նաև այնտեղ ապրող ասորիների կյանքը, ֆիլմ նկարել նրանց մասին: Լինա Յակուբովան հավելում է, որ եթե Հայաստանում, և հատկապես ասորաբնակ գյուղերում, ինչպիսին է, օրինակ, Արզնին, ասորերենը պաշտոնապես դասավանդվում է, ապա Վրաստանում նման բան չկա և երկար ժամանակ չի էլ կարող լինել: Ավելին, ասորիները Հայաստանում պաշտոնապես իրենց եկեղեցին ունեն, իսկ Վրաստանում` ոչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել