HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը փորձաքննություն նշանակեց Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում

«ԻստԻնվեստոր» գերմանական ներդրումային ընկերությունն ընդդեմ ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» դատաքննությունը երեկ կասեցվեց: Դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչների միջնորդությունը` նշանակելով Կոմբինատի դատահաշվապահական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն: Հայցվոր կողմի ներկայացմամբ` այս փորձագիտությունն անհրաժեշտ է, որպեսզի պարզվի, թե որքան կկազմեր Ընկերության սեփական կապիտալը եւ մեկ բաժնետոմսի գինը դրանք համախմբելու պահի դրությամբ  (12.10.2008 թ.): «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեփան Լաքսհուբերը պնդում է, որ Ընկերությունը արհեստականորեն արժեզրկել է սեփական կապիտալը, որպեսզի նվազեցնի նաեւ բաժնետոմսերի շուկայական գինը: «Համարժեք փոխհատուցում չի տրվել, եւ դա, ինչպես նշել ենք նաեւ հայցադիմումում, մենք համարում ենք սեփականության իրավունքի խախտում, դրա համար անհրաժեշտ է իրական շուկայական արժեքը ճշտել»,- «Հետք»-ին ասաց «ԻստԻնվեստորի» շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Դանելյանը: Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի ներկայացուցիչ Դավիթ Մանթաշյանը, ըստ էության, չէր առարկել միջնորդությանը, սակայն ժամանակ էր խնդրել միջնորդության մեջ թվարկված հարցերին հավելյալ հարցեր ներկայացնելու համար: Երեկ տեղի ունեցած դատական նիստում նա երկու հարցադրումներ ներկայացրեց` ո՞վ եւ ի՞նչ մեթոդների կամ ստանդարտների կիրառմամբ իրավունք ունի գնահատել կամ կարծիք հայտնել Ընկերության բաժնետոմսերի շուկայական արժեքի վերաբերյալ, եւ որքա՞ն կկազմեր ընկերության 8 հազար դրամ անվանական արժեքով մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը 2008 թ. հոկտեմբերի 12-ի դրությամբ: Վերջին հարցադրումն արդեն իսկ հայցվոր կողմի միջնորդությունում նշված էր: Հայցվոր կողմի միջնորդության համաձայն` փորձաքննության կատարումը հանձնարարվեց ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: Իսկ փորձագիտության իրականացման համար անհրաժեշտ անշարժ գույքի գնահատման աշխատանքների կատարումը կհանձնարարվի լիազորված եւ լիցենզավորված գնահատող կազմակերպության: Հիշեցնենք, որ գերմանական ներդրումային «ԻստԻնվեստոր» ընկերությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում ուներ 3.2% բաժնետոմս, սակայն 2008 թ. հոկտեմբերին կոմբինատը համախմբել է (կոնսոլիդացրել) իր բաժնետոմսերը, ինչի արդյունքում «ԻստԻնվեստորը» չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը դիմել է դատարան` վերականգնելու իր բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը: Դատաքննությունը կվերսկսվի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter