8 երեխաների մայր Մարինա Բադալյանը խնդրում է կացարան տրամադրել իրենց եւ դուրս բերել վթարային շենքից
Մարինան 8 երեխաների հետ 2007 թ.-ից ապրում է Կոտայքի մարզի Արտավազ գյուղի ժամանակավոր կացարանում: Նույն շենքում, նրանցից բացի, երկու փախստական ընտանիք է ապրում, չնայած շենքը վթարային է:

Իսկ տունը երկու սենյակից ու որպես խոհանոց ծառայող մուտքից բաղկացած երկհարկանի վթարային շենքի առաջին հարկում է: Տան մուտքից խոնավության հոտը միանգամից զգացվում է, պատերի ծեփերը թափված են ու պատված բորբոսով: Խոնավությունից երկու երեխաները` Մարգարիտան եւ Ռոմանը, հոդացավ (ռեւմատիզմ) են ձեռք բերել, իսկ 9-ամյա Լիլիթի քիթն անընդհատ արնահոսում է:

«Անընդհատ փլատակները գլխներիս է թափվում, մի կողմից կռիշն է քամին քշել, թափել, մյուս կողմից պատն է փլվում: Հիմա ես չեմ իմանում` ու՞մ կարամ դիմեմ: Բա Հայաստանում մեր համար տենց օրենք գոյություն չունի՞, որ մեզ էլ մի տեղ տան, մի տեղ գնանք, հետո՞ ինչ, որ մենք փախստականի կարգավիճակ չունենք»,- հարցնում է տիկին Մարինան:

Ընտանիքն ապրում է միայն երեխաների 32 հազար դրամ թոշակով եւ 47 հազար դրամ նպաստով: «Նույնիսկ երեխեքի ուտելիքին չի հերիքում»,-ասում է Մարինա Բադալյանը: Հողամաս չունեն, անասուններ` եւս: «Անասուններին որտե՞ղ պահեմ, սա է տունս»,- հավելում է տիկին Մարինան:
400 դոլարով տունը տվել են գյուղապետին
Բադալյան Մարինան եւ ընտանիքը 1988 թ. Ադրբեջանից գաղթել են Ուզբեկստան: Ամուսինը զինվորական է եղել, գրել են Հայաստան, որ տեղավորեն իրենց, սակայն մերժում են ստացել:
«88-ին, երբ փախուստն արդեն ընկել էր, սաղ գալիս էին, մենք էլ գրեցինք Հայաստան, որ մեզ տեղ տան, գանք Հայաստան: Ամուսինս զինվորական էր, Սովետաշենը մեզ մերժեց, ասացին` տուն չունենք: Մենք էլ գնացինք Ուզբեկստան»,- պատմում է Մարինա Բադալյանը:
Այդուհանդերձ, 1990 թ. Ուզբեկստանից տեղափոխվել են Հայաստան: Հաստատվել են Արտավազ գյուղում: Սովխոզում աշխատած տարիներին Մարինան բնակարան է ստացել:
Սակայն դժբախտ պատահարից` որդու մահից հետո Մարինայի ամուսինը հեռացել է Ռուսաստան, ինքն էլ ետեւից` երեխաների մի մասին թողնելով մոր` Մարուս տատիկի խնամքին, մյուսներին վերցնելով իր հետ:
Ռուսաստանում մի քանի տարի ապրելուց հետո տիկին Մարինան վերադարձել է, որպեսզի վաճառի տունը, վերցնի մյուս երեխաներին ու վերադառնա Ռուսաստան:
Բայց այդ ընթացքում` 2002 թ., վթարից մահացել է ամուսինը: Մարինայի երեխաները Ռուսաստանում մնացել են առանց խնամքի եւ շուտով տեղափոխվել մանկատուն:
Որպեսզի կարողանա երեխաներին վերադարձնել Հայաստան, Մարինան բնակարանը 400 դոլարով վաճառել է ներկայիս համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանին` նրա իսկ առաջարկով, քանի որ ներքեւի հարկում ապրելիս է եղել նրա եղբոր ընտանիքը:
ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղեկալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի օգնությամբ Մարինան կարողացել է, ի վերջո, երեխաներին բերել Հայաստան:
Նրանք երեխաների հետ տեղափոխվել են մոր մոտ, իսկ հետո բոլորը միասին հայտնվել ժամանակավոր կացարանում:
«Ընդեղ ասեք, էլի, երեխեքի մասին»,-արտասվելով խնդրում էր 86-ամյա Մարուս տատը:
Արտավազ գյուղի բնակիչների մոտ 70 տոկոսը Ադրբեջանից գաղթած փախստականներ են: Մարուս տատը եւս փախստական է:
Եկել է Շամխորի շրջանի Նյուզգյար գյուղից: Հիմա նա դստեր ու թոռների հետ է ապրում, որովհետեւ իր տունը հրդեհից այրվել է:
«Էկել եմ, թուրքերից առել էդ տունը, բայց տունը պաժառ է ընկել, էնտեղ ապրել չի լինում»,- ասում է Մարուս տատը:
«Հրշեջները ջուրը թափել են վրեն, հողից տներ են, ցեմենտից տուն չի, խոնավությունը քաշել, փլվել է: Ասում են` գնա էն տանը նստի, ո՞նց գնամ նստեմ` պոլ էլ չկա, որ նստեմ: Մի գերան ենք դեմ տվել պատին, էդ գերանը որ ընկնի, տունը կնստի»,- պատմում է Մարինան եւ նշում, որ վտանգավոր է երեխաների հետ այնտեղ ապրելը:
Մորից բացի Մարինան այլ բարեկամներ չունի Հայաստանում, ոչ մեկից չի կարող օգնություն խնդրել: «Մարզպետից էն կողմ էլ ի՞նչ անեմ»,- ասում է տիկին Մարինան: Նրա երկու աղջիկներն ամուսնացած են, որդին Ռուսաստան է մեկնել, որ որեւէ գործ գտնի: Գնացել է, բայց երեք ամիս է գործ չունի: Մոր ասելով` աշխատանքի թույլտվություն չունի:
Իրենց այդ կացարանից տեղափոխելու խնդրանքով Մարինան դիմել է տարբեր ատյանների` վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, հետո` Սերժ Սարգսյանին, այժմ էլ` Տիգրան Սարգսյանին, բայց ապարդյուն:
«Էնքան եմ գրել, անգրագետ աղջիկ չեմ, նախարարություններ եմ գրել, Յիրիկյանին էլ եմ գրել: Գրում են, որ «դուք կարող եք Ձեր պատասխանը ստանալ մարզպետարանից»: Մարզպետարանն ասում է` «ինչո՞վ օգնենք, էդ է եղել, էդ ենք տվել»: Էս աղջիկ երեխես ռեւմատիզմ, էն տղես` ռեւմատիզմ, սաղ էս տնից. ո՞ւր գնամ, ո՞ւմ դիմեմ, մեկը չկա՞, որ պատասխան տա»,- շարունակում է տիկին Մարինան:
Վարչապետին հասցեագրված 2008 թ. դիմումներն ուղարկվել են Կոտայքի մարզպետարան, որոնք քննարկվել են Արտավազ համայնքի ղեկավարի հետ համատեղ: Համայնքի ղեկավարի գրությունը փաստել է, որ 2007 թ. իրենց արդեն հատկացվել է ժամանակավոր կացարան: «Համայնքում ազատ բնակմակերես չլինելու պատճառով, Ձեր խնդրանքն այժմ չենք կարող բավարարել»,- գրել է Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հ. Բալասանյանը:
Մարինան ասում է, որ իր նախկին բնակարանի առքուվաճառքի գործարք կամ նոտարական վավերացում չի եղել: Գումարը տվել է գյուղապետին: Նա հիմա ուզում է վերադարձնել գումարը եւ ետ ստանալ իր բնակարանը, բայց չի ուզում գյուղապետի հետ վեճի մեջ մտնել:
«Ես լսեցի, որ բնակարանը դեռ ամուսնուս անունով է, ես ուզում եմ իմ վրա գրել ու վերցնել բնակարանը, բայց չեմ ուզում նեղացնել ոչ մեկի»,- ասում է Մարինան:
«Թող չծախեր, ես ի՞նչ անեմ»,- ասում է համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանը եւ նշում, որ ոչ Մարինայի, ոչ ամուսնու անունով սեփականության վկայական չի եղել, բնակարանը պատկանել է սովխոզին:

«Եթե հնար ունեք, օգնեցեք, եթիմ երեխեք են, հեր չունեն, ես ձեր ցավը տանեմ: Եթե հեր ըլնիր, իրենց հոգսը կքաշեր: Ես եմ, ես էլ կուչ եկած կնիկ եմ: Ընդեղ ասեք, էլի, երեխեքի մասին»,- արտասվելով մեզ ճանապարհեց Մարուս տատիկը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել