
Նախագահ Սերժ Սարգսյանի` ԱՄՆ կատարած այցից ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը լուրջ ճեղքումներ չէր սպասում: Այդ մասին նա խոստովանեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Միջազգային քաղաքականությունն այնպիսի է, որտեղ լուրջ ճեղքումները կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ տվյալ գործընթացի պատրաստվածության աստիճանը շատ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում: Այսօր ասել, որ հայ-թուրքական գործընթացի պատրաստվածության աստիճանը շատ բարձր մակարդակի վրա է, ես չեմ կարող ասել»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Ըստ բանախոսի` հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի միակ հնարավորությունը քաղաքական ակտիվ ուժագծի որդեգրումն էր, ինչը ունեցավ ինչպես դրական, այնպես էլ բացասական գծեր: Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` քանի որ Հայաստանն այսօր երկու զուգահեռ գործընթացներով շարժվող երկիր է` հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, կանգնած է այն վտանգի առջև, թե արդյոք ի վիճակի կլինի իրականացնել այս երկու մեծ փոփոխությունները զուգահեռաբար:
Սարգսյանի ԱՄՆ այցելությունը, Վրադան Խաչատրյանի կարծիքով, նշված վտանգը չի փարատել, քանի որ Էրդողանը չի հնչեցրել այն միտքը, որ իսկապես գոյություն չունի նախապայման: «Մենք ամեն անգամ գալիս ենք նույն վտանգին, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են խրոնոլոգիական կարգով միմյանց հետ կապել հայ-թուրքական սահմանի բացումը կամ հարաբերությունների նորմալացումը և Ղարաբաղի հիմնահարցը»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Վերջինս դրական է համարում այն, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության մինչ այժմ եղած լայնածավալ մասշտաբը փոքրացել է: «Բայց մենք որպես փոքր երկիր պետք է խիստ աչալուրջ լինենք, որովհետև արտաքին ճնշումենրը կարող են շատ լուրջ դեֆորմացիաներ առաջացնել»,- եզրահանգեց Վարդան Խաչատրյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել