HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքի փոփոխություն՝ Ջավախքի հայապահպանությա՞ն, թե՞ հայաթափման համար

Ջավախքահայերը կազատվե՞ն կացության կարգավիճակ ձեռք բերելու պարտավորությունից Երեկ տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը քննության է առել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։ Կառավարությունը եզրակացրել է, որ նախագծի ընդունումը կխախտի բոլոր սփյուռքահայերի եւ, մասնավորապես, վիրահայերի հավասարության սկզբունքը, Ջավախքի հայապահպանությանը նպաստելու փոխարեն կարող է պատճառ դառնալ Ջավախքի հայաթափմանը։ Այս պատճառաբանմամբ կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքի նախագծին։ Շիրակ Թորոսյանն առաջարկել է փոփոխել «Օտարերկրացիների մասին»  օրենքի 7-րդ հոդվածը։ Այն կարգավորում է առանց մուտքի վիզայի Հայաստանի Հանրապետություն ժամանելու  իրավունք  ունեցող օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելը . «Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ»: 90-օրյա ժամկետը լրանալուց հետո օատարերկրյա քաղաքացին պետք է կացության կարգավիճակ ձեռք բերի։ Շիրակ Թորոսյանն առաջարկել է Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգներում գրանցված կամ բնակվող ազգությամբ հայ քաղաքացիներին 90-օրյա ժամկետը լրանալուց հետո ազատել կացության կարգավիճակ ձեռք բերելուց։ Շիրակ Թորոսյանն ասում է, որ դա զուտ տեխնիկական նպաստավոր պայմաններ ապահովելու տեսանկյունից է դիտարկվել։ «Շուրջ 1500-2000 ջավախքահայ ուսանողները, որ այստեղ կրթություն են ստանում, բնականաբար, նրանք 90 օրից ավելի են մնում և պետք է լրացուցիչ ծախսեր կատարեն, պետական տուրք վճարեն, ինչ-որ քաշքշուկի մեջ մտնեն կացության կարգավիճակ ձեռք բերելու համար։ Բացի այդ՝ շատերը չգիտակցելով, որ այդպիսի պարտավորություն ունեն, ընկնում են տույժերի ու տուգանքների տակ. 50-100 հազար դրամ։ Արդյունքում մարդիկ անտեղի փող են ծախսում»,-«Հետքի» հետ զրույցում մեկնաբանեց պատգամավորը։ Նա հավաստեց, որ ջավախքցիների տուգանման դեպքեր շատ են եղել. «Ես իմ ձեռքի տակ ունենալով ջավախքահայ մի շարք ուսանողների բողոքները՝ խնդրին անդրադարձել եմ»,-նշեց Շ. Թորոսյանը,- ավելին, շատերն են նշված տարածքից գալիս բուժման, սեզոնային աշխատանքի և նույն խնդրին բախվել են, բայց հիմնականում խնդիրն ավելի շատ ուսանողներին է վերաբերում»։ Կառավարությունը Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա է մերժել օրենսդրական փոփոխությունները՝ օրենքի առջև բոլորի հավասարության հիմնավորմամբ։ Գործադիրը հիմնավումը, որ դա կարող է նպաստել Ջավախքի հայաթափմանը, ըստ Շիրակ Թորոսյանի, խնդրի խորությամբ չդիտարկելու արդյունք է։ «Ամեն դեպքում՝ մենք նրանց ազատենք կացության կարգավիճակ ստանալուց, թե ոչ, նրանք գալու են սովորելու։ Այստեղ խնդիր չկա, ուղղակի ազատում ենք ավելորդ քաշքշուկներից ու գումարային ծախսումներից՝ որպես առանձնահատուկ արածաշրջան, որպես իրենց պատմական հողի վրա ապրող հայերի՝ որոշակի տեխնիկական արտոնություններ ենք տալիս, որը որևէ ձևով չի խոչընդոտում ոչ հավասարությանը, ոչ էլ կնպաստի Ջավախքի հայաթափմանը»,- կարծում է Շիրակ Թորոսյանը։ Օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը, ինչպես պատգամավորն է ասում, դեռ վերջնականապես չի տապալվել, քանի որ այս նախագիծը քննարկվել է Աժ պետաիրավական հանձնաժողովում և այնտեղ հարցի կարևորությունն  ընդգծվել է։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկել է վերաքննարկել հարցը կառավարությունում՝ Շիրակ Թորոսյանի մասնակցությամբ։ «Կառավարության ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե քանի որ արդեն ժամկետները սահմանափակ են, իրենք պետք է եզրակացություն տան։ Մերժումն ավելի շատ տեխնիկական բնույթ էր կրում, քան թե բովանդակային»,-ասում է Շիրակ Թորոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter