
Հայաստանի կապի, հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի վիճակն ու խնդիրներն այսօր «Կոնգրես» հյուրանոցում քննարկեցին տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեն և ոլորտի այլ ներակայացուցիչներ։
Նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ այս ոլորտում օրենսդրական բարեփոխումներ են իրականացվում, արդեն հաստատվել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգը։ Նախարարն ասաց, որ ոլորտի առաջատար ճյուղը շարժական՝ մոբիլ կապն է, որը 2006թ-ից հետո արագ զարգացում է ապրել։ Ըստ բջջային օպերատորների տրամադրած տվյալների՝ այսօր Հայաստանում արդեն 3 մլն բաժանորդ կա։ «2008թ-ի համեմատ 6 անգամ փոխվել է ինտերնետ կապից օգտվողների թիվը։ Եթե 2008թ-ին ինտերնետից օգտվողների թիվը շուրջ 200 հազար էր, ապա այժմ հասել է 1,2 մլն-ի»,- ասաց Մանուկ Վարդանյանը։ Նախարարը նշեց, որ չնայած այս ամենին, հասարակության շրջանում սակագների և որակի վերաբերյալ դեռևս դժգոհություններ կան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ 2006թ-ին այս ոլորտում լուրջ զարգացումներ են գրանցվել, ինչին նպաստել է «ԱրմենՏելի»-ի մենաշնորհի վերացումը, որը թույլ չէր տալիս շուկան ազատականացնել։ «Կապի ոլորտում ամեն ինչ զարգանում է օրեցօր, ժամ առ ժամ, և մենք պետք է կարողանանք ոչ թե հետևել ընթացքին, այլ զուգահեռ գնալ առաջ»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։
Ըստ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի՝ Հայաստանում ինտերնետ կապի մատչելիության ցուցանիշը 10 տարվա ընթացքում պետք է հասնի 100 %-ի, իսկ համակարգիչների հասանելիությունը՝ 80 %-ի։ Հայաստանում ՏՏ ոլորտում գործում է 200 ընկերություն, որոնց արտադրանքի 70 %-ը արտահանվում է հիմնականում ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան և այլ երկրներ։ Համաձայն Բագրատ Ենգիբարյանի ներկայացրած տվյալների` մեծ ծավալի արտադրանք են արտահանում նաև արտասահմանյան ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը, որոնց համար Հայաստանը գրավիչ է, քանի որ մրցողունակ աշխատուժ կա, բարձր որակ՝ համեմատաբար նվազ ծախսերով։ ՏՏ ոլորտի 24 տեսակի մասնագիտացումից 12-ը Հայաստանում առկա է։ Ոլորտը տարեկան 27-37 % աճ է ապահովում՝ բացառությամբ ճնգաժամային տարվան, երբ գրանցվել է 17 % աճ։ ՏՏ ոլորտում 5200 մասնագետ կա։ Իսկ ամենաբարձր աշխատավարձ Հայաստանում հենց այս ոլորտում է գրանցվել՝ միջինը 700 ԱՄՆ դոլար։ Կիսահաղորդիչների պատրաստման ոլորտում Հայաստանը ոչ միայն առաջատար դիրքերում է տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ոլորտի ներկայացուցիչներից փորձեց ճշտել, թե կա՞ արդյոք օրենսդրական բաց, թերություն կամ արգելք, որի մասին կուզենային խոսել կամ քննարկել։ Սակայն հարցն այդպես էլ անպատասխան մնաց. ներկաներից ոչ մեկը օրենսդրական բացթողումներ չնշեց։
Համադուն Տուրեն մրցակցային դաշտի կարգավորման համար կարևորեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դերը։ Ըստ նրա՝ հենց հանձնաժողովը պետք է մտածի, թե ինչպես բարելավել ծառայությունները. նոր օպերատորներ մտցնել, որպեսզի իջեցվեն սակագները, ստեղծել մրցակցային լայն դաշտ, կիրառել պատժամիջոցներ և այլն։ Ավելին, այստեղ պետք է համահունչ աշխատեն Հանձնաժողովը և նախարարությունը, հստակեցվեն հարաբերությունները, թե որն ինչ ֆունկցիաներ իրականացնի։
«Չկա երկիր, որ ունենա կատարյալ մոդել, չկան երկու երկրներ, որոնք նույն մոդելով ընթացած լինեին, երկրները տարբեր են։ Ձեր դեպքում՝ հաջողությունը բջջային օպերատորին մենաշնորհից զրկելն էր և նոր օպերատոր մտցնելը։ Չկարգավորվող հարցեր չկան, բոլորն էլ բախվում են դրանց»,- ասում է Հ. Տուրեն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել