
Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի 250 աշակերտ ունեցող դպրոցի դասասենյակները չեն բավարարում։ Երեքհարկանի դպրոցի բոլոր հարկերի զուգարանները քանդել են, որպեսզի դասասենյակներ ավելացնեն կամ մեծացնեն դասարանը։ Դասարաններ են ավելացվել նաև միջանցքների հաշվին, իսկ երբեմն դասերն արել են նաև միջանցքում։

1968 թվականին կառուցված դպրոցն անմխիթար վիճակում է։ 1992թ-ին այն մասնակի վերանորոգվել է, 1996թ.-ին՝ կոսմետիկ նորոգումներ են արվել։ Դպրոցի մի հատվածն ընդհանրապես չի գործում, կիսափուլ վիճակում է։ Այդ պատճառով է դասասենյակների պակաս զգացվում։

Դպրոցի կազմակերպիչ Ազնիվ Ավդալյանը նշում է, որ չնայած չի թույլատրվում առաջին դասարանցիների դասերն անցկացնել երկրորդ հարկի դասասենյակներում, այնուամենայնիվ, իրենք խախտում են նաև այդ կանոնը, և առաջին դասարանցիներին բարձրացնում վերև։ «Այլ ելք չունենք»,- ասում է Ազնիվ Ավդալյանը։
Գործնական առարկաների՝ քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության համար աշակերտները ևս առանձին սենյակներ չունեն։ Միայն պահպանվել է քիմիայի սենյակը, իսկ կենսաբանության և աշխարհագրության սենյակների պարագաները մեկ սենյակում են հավաքված։ Նազիկ Ավդալյանը ձեռքբերում է համարում իրենց համակարգչային սենյակը, որտեղ 4 համարգիչ կա, չնայած այդ սենյակն էլ ծնողներից մեկի աջակցությամբ է մասամբ վերանորոգվել։

«Գրքերը խոնավանում են, փչանում են, բայց մենք հնարավորինս փորձում ենք պահպանել»,-ասում է կազմակերպիչը։ Դպրոցի գրադարանին ևս բաժին է հասել առաջին հարկի նախկին զուգարանի տարածքը։

Քանդված զուգարաններին փոխարինել է դրսում տեղադրված փայտե խցիկը՝ ուսուցիչների համար, և քարե շինությունը՝ աշակերտների համար։ Երկուսն էլ՝ կիսախարխուլ վիճակում։
Ուսմասվար Արտակ Գրիգորյանը պատմում է, որ գրեթե ամեն տարի եկել են, հետաքրքրվել դպրոցի վիճակով, բայց այդպես էլ մինչ օրս իրենց դպրոցում որևէ փոփոխություն չի կատարվել։ «Ինչ արել ենք, մեր ուժերով»,- ասում է նա։

Նրա տեղեկություններով, այս ամռանը դպրոցը պետք է սկսեն վերանորոգել, քանի որ այն ընդգրկվել է Լինսի հիմնադրամից հատկացվող դպրոցաշինության ծրագրում։ Նախատեսվում է ամռանից սկսել վերանորոգման աշխատանքները և ավարտին հասցնել 2012 թվականին։ Մնացել է հաստատել միայն նախահաշիվը։ Վերանորոգումը ամենահրատապ խնդիրներն է լուծելու. այս տարի նախատեսվում է վերանորոգել տանիքը, լուծել ջեռուցման խնդիրը, փոխել պատուհանները։ Բայց դպրոցի կիսաքանդ շինությունը, միևնույն է, չի նորոգվելու։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել