
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հայկական ոսկերչության ոլորտի վրա էապես է ազդել, գրանցվել է գրեթե կրկնակի անկում. եթե 2008թ-ի ավարտին ոլորտում եղել է մոտ 600 աշխատատեղ, ապա 2009թ-ին՝ 380։ «Անցյալ տարվա հուլիսից արդեն իսկ որոշակի աշխուժություն է մտել միջազգային շուկաներում։ Հաշվի առնելով, որ 2008թ-ի դեկտեմբերց մինչև 2009թ-ի օգոստոսը «ԱԼՌՈՍԱ» հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը դուրս էր եկել շուկայից, ինչպես նաև այլ խոշոր ընկերություններ, ոլորտի անկումը բացատրելի է դառնում։ Օգոստոսից «ԱԼՌՈՍԱՆ» կրկին վերադարձել է շուկա, աշխուժության հաշվին որոշակի աճ արդեն գրանցվել է»,- այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում ոսկերչության ոլորտի գնահատելիս ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Առևտրի և արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյան։
Ըստ մասնագետի՝ Հայաստանն այժմ ճգնաժամի հաղթահարման սանդղակի մեջտեղում է, մի քանի ամսից ոլորտի ցուցանիշներն ավելի պարզ կդարձնեն իրավիճակը՝ կախված նախատեսված ծրագրերի իրականացումից։
Անցյալ տարվա 4 ամսվա կտրվածքով՝ սեպտեմբերից դեկտեմբեր, ոլորտում գրանցվել է ամսեկան միջինը 21 % աճ: Աճը հաշվարկվել է ոլորտի 10 հիմնական ընկերությունների ցուցանիշների հիման վրա, որոնցից են՝ Երևանի ոսկերչական գործարանը, «Ջեյ Սի Էյ», «Լոռի», «Արևակն», «Դայմոտեք» ընկերությունները և այլն։
Գագիկ Քոչարյանի տվյալներով, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ոսկերչության ոլորտի աճը ցայտուն եղել՝ մոտ 35 %։ Եթե նախորդ տարվա նշված ամիսներին ներկրվել է 10 հազար կարատ ադամանդ, ապա այս տարի նույն ժամանակահատվածում ներմուծումը եղել է արդեն 6 անգամ՝ 60 հազար կարատ։ Այսօր արդեն ոսկերչության ոլորտն աշխատատեղով է ապահովում ոչ թե 360, այլ 735 անձանց։ Հայաստանյան ընկերությունները 2009թ-ի օգոստոս ամսից սկսել են գործել և գնումներ իրականացնել։ Արդեն իսկ 4-5 մլն դոլարի հումք է գնվել։
Հայաստանը տարեկան արտահանում է 25-30 մլն դոլարի ոսկի։ Հայկական ոսկին արտահանվում է ԱՊՀ շուկա՝ հիմնականում Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Եվրոպա՝ Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլ երկրներ։ Իսկ ադամանդի արտահանման հոսքը առավել մեծ է դեպի Բելգիա, Իսրայել և Հնդկաստան։
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչական իրերի արտահանման միջին ցուցանիշը քիչ է տատանվում՝ բացառությամբ ճգնաժամային տարվանից։ 2009թ-ին ոսկերչական իրերի մոտ 10.7 մլն ԱՄՆ դոլարի արտահանում է գրանցվել, 2008թ-ին՝ 22.6 մլն, 2007թ-ին՝ 28. 7 մլն։ «Ոլորտի զարգացման համար մեծ դեր ունի Միացյալ Նահանգների շուկան, որն այսօր, ցավոք, դեռ քնած է։ Դրա աշխուժացումը կարող է բերել կտրուկ աճի։ Այդուհանդերձ, աճ արձանագրվելու է»,- վստահ է Գագիկ Քոչարյանը։
«Հետքի» հարցին, թե ինչպես կազդեն դոլարի և եվրոյի տատանումները ոլորտի վրա, Գագիկ Քոչարյանի դիտարկմամբ, «տարադրամի աճը միշտ էլ դրական ազդեցություն է ունենում էքսպորտի վրա»։
Ոսկերչության ոլորտում ներդրումային ծրագրերի մասին «Հետքի» հարցին Գ. Քոչարյանը խուսափեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ դեռ շուտ է ու հաստատված ծրագրեր չկան, աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց խոստացավ մանրամասներ հաղորդել հաջորդ հանդիպմանը։
Հայաստան ամեն տարի ներմուծվում է մոտ 4.5 – 5 տոննա ոսկի։ Հայաստանում պատրաստի ոսկի տալի է Մասիսի գործարանը։ «Առայժմ այն չի կարող ապահովել այն հզորությունը, որ բավարարի ոլորտի պահանջարկը, այդ իսկ ատճառով ոսկին կիսամշակված ձևով արտահանվում է Հայաստանից դուրս։ Բայց աշխատանքներ են տարվում, որ այդ գործարանի հզորություններն ավելանա, և մենք կարողանանք որոշ չափով ապահովել մեր ներքին արտադրողներին մեր ոսկով»,- նշում է Գագիկ Քոչարյանը։ 2008թ-ին Հայաստան է ներմուծվել է 144 մլն դրամի ադամանդ, որից 80 մլն-ը՝ ոսկերչական իրերի արտադրության համար։
Գագիկ Քոչարյանը նաև խոսեց իրականացված օրենսդրական փոփոխություններից ու ծրագրերից, որոնք միտված են բարելավել ոսկերչության դաշտը և առավել մեծ աճ գրանցել։ Համաձայնագրեր կան ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի հետ, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններում ներմուծել հայկական արտադրանքն այդ երկրներ։
Ըստ բանախոսի՝ ոլոլրտի փոփոխությունների առաջնահերթությունը իրավական դաշտի բարեփոխման է միտված, մասնավորապես հարկայի բեռի թեթևացմանը։ Մինչ այժմ բանկային ոսկին, այսինքն՝ 12 կգ-անոց ձուլակտորը ազատված էր ԱԱՀ-ից, բայց եթե այդ ձուլակտորը ներմուծվում կամ վաճառվում էր որևէ միջնորդի կողմից, ապա ԱԱՀ-ն գանձվում էր։ Օրենսդրական նոր փոփոխությամբ վերջիններն էլ են ազատվում ԱԱՀ-ից։ Այս բարեփոխումները, Գագիկ Քոչարյանի հավաստմամբ, նպատակ ունեն տնտեսվարող սուբյեկտի համար ավելի մատչելի դարձնել ոսկեգործությամբ զբաղվել և ի հայտ բերել ոլորտում իրականացվող գործարքները՝ դրանով իսկ նվազեցնելով ստվերային շրջանառությունը։ «Հետքի» հարցին, թե կան արդյոք մոտավոր հաշվարկներ, թե ինչքան է կազմում ստվերային շրջանառությունը, բանախոսը թվեր չնշեց՝ պատճառաբանելով, որ չկան նման հաշվարկներ։
Ոսկերչության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման, նոր սերնդի դաստիարակման խնդիրների հետ կապված բանակցություններ են վարվել իտալական Դիզայնի ինստիտուտի հետ, որը համաձայնել է կազմակերպել ուսուցում 10 առաջատար ուսանողների համար, որոնք պետք է հաղթահարեն մրցույթը և մեկնել դասընթացների։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել