HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալ Բելլա Մնացականյանը սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում

25-ամյա Բելլային Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 11 տարի ազատազրկման` 2007 թ. մայիսի 12-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի իր հարեւանուհու` 1988 թ. ծնված, հղի Մերի Մաթեւոսյանի սպանության եւ խմբի կողմից եւ ուրիշի գույքին զգալի չափի գաղտնի հափշտակության համար (ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի առաջին մասով): Նրա հետ միասին 12 տարի ազատազրկման է դատապարտվել Գուրգեն Գեւորգյանը` ամուսնու եղբայրը: Սակայն երկուսն էլ պնդում են, որ իրենք չեն կատարել այդ սպանությունը: Այս դեպքին անդրադարձել էինք «Հետքի» դեկտեմբերի 17-ի համարում (Հղի կինը սպանե՞լ է հղի կնոջը): Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը եւս անփոփոխ թողեց ստորադաս ատյանի դատավճիռը: Բելլան մոտ մեկ ամիս առաջ հացադուլ էր հայտարարել, որպեսզի իր ձայնը լսելի լինի եւ Վճռաբեկ դատարանը բողոքը քննության առնի: Սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է այս տարվա փետրվարի 11-ի թվագրմամբ: Բելլային հանդիպեցինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա պատմեց, որ դեպքի օրը Մերին իրեն զանգահարել է առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, խնդրել է գնալ իրենց տուն, օգնել իրեն բժշկի նշանակած դեղերի հարցում: Բելլան երեխային կերակրելուց հետո` 10:30-ի սահմաններում, այցելել է Մերիին: «Երբ ես ներս մտա, նկատեցի, որ իրենց բնակարանում մի տղամարդ է նստած, որին ես նախկինում երկու անգամ տեսել էի: Բայց ինքը ներկայացրել էր ինձ որպես մորական կողմի բարեկամ,- պատմում է Բելլան,- հետո Մերին հանկարծակի իմ եւ այդ ոմն Գեւորգի մոտ խոստովանեց, որ երեխան, որին ինքը սպասում է, Գեւորգինն է: Ինձ համար զարմանալի ու անհասկանալի էր, թե ինչու է Մերին իմ ու այդ տղայի մոտ ասում այդ ամենը: Այդ տղան զայրացած վիճակում ոտքի կանգնեց, այդ լուրը միանգամից իրեն կատաղեցրեց»: Բելլայի խոսքով` Գեւորգը զայրացել եւ ասել է, որ ինքն ընտանիք ու երեխաներ ունի, իսկ Մերին խոստովանել է, որ այլեււս չի ուզում ապրել ամուսնու ընտանիքում, ուզում է բաժանվել ամուսնուց: Գեւորգը նյարդայնացած քայլել է սենյակում, երկու անգամ ապտակել Մերիին: Այնուհետեւ Մերին Բելլային սուրճ է առաջարկել եւ գնացել խոհանոց: «Մերին խոհանոցի ջուրը բացեց, ես էլ հետեւն եմ կանգնած, զգացի, որ Գեւորգը հետեւումս է կանգնած ու երկու անգամ դանակով հարվածեց Մերրին: «Էս ի՞նչ եք անում»,- ասաց Մերին: Ես չեմ հասկանում` ինչ էր կատարվում... Մարդիկ կան, որ ասում են, թե այդքանից հետո ո՞նց ես ապրում: Շատ դժվար է: Կարծում են, թե ինձ համար այդ ամենը խաղ ու պար է եղել: Ես գիշերները չեմ կարողանում քնել այդ ամենից հետո: Ինձ մենակ աղջիկս է ուժ տալիս, որ գոյատեւեմ»,- ասում է Բելլան: Բելլան եւս այդ ժամանակ 7 ամսական հղիության ժամկետում է եղել: Թե որտեղի՞ց է Գեւորգի ձեռքում դանակ եղել, Բելլան բացատրություն չունի: Այնուհետեւ Գեւորգը Մերիին քաշել է սենյակ, իսկ Բելլային հարվածել: Բելլան ընկել է սառնարանի դռան մոտ` հատակին, ուշաթափվել է, ոչինչ չի հիշում մինչեւ այն պահը, երբ նորից արթնացել եւ տեսել է, թե ինչպես է Գեւորգը Մերիին քարշ տալիս հյուրասենյակ: Բելլան փորձել է հեռախոսով զանգահարել, բայց Գեւորգը նրան դանակով հարվածել է: Բելլայի խոսքերով` իր ազդրին հենց այս հարվածի հետքն է: Բելլան քաշքշել է Գեւորգին, իսկ Գեւորգը նորից է հարվածել ու նրան գցել գետնին: «Այդ ժամանակ ձեռքերս արյունոտվեցին, ես այդ արյունը չէի կարող տեսնել: Ես մի քանի անգամ փորձեցի օգնել, բայց ոչ մի բան չէի կարող անել: Հետո ինձ ստիպեց, որ գնամ սենյակ, Մերիի փողերն ու ոսկեղենը գտնեմ, իսկ Մերին ինձ պատմել էր, որ իր ոսկեղենը հորն է տվել, բայց փողի մասին ոչինչ չգիտեի: Դարակները խառնեցի, բան չկար ու քանդեցի մի քանիսը, որ ասեի, թե իբր նայել եմ ու չեմ գտել»,- շարունակում է Բելլան: Գեւորգը հանել է Մերիի մատի մատանին ու ականջօղերը, տվել Բելլային եւ ասել, որ վաճառի ու փողն իրեն տա, երբ ինքը զանգի: Նաեւ սպառնացել է Բելլային` եթե որեւէ մեկին ասի այդ ամենի մասին, իր ընտանիքը կկործանվի նույն կերպ, ինչպես Մերին: Բելլան բացատրում է, որ այդ վախի ազդեցության տակ ինքը ոչ ոքի ոչինչ չի կարողացել ասել. «Մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա այդ պահերը: Լողացել եմ, ուզել եմ, որ մաքրվի այդ ամենը, ձեռքերս լվանում եմ, բայց ոնց որ ձեռքերիս վրա լինի այդ արյունը: Աչքիս առաջ մենակ դա եմ տեսել` էդ արյունը»: Բելլան ոսկեղենը վաճառքի հանձնելը բացատրում է վախի եւ սպառնալիքի ազդեցության տակ գտնվելով: Սակայն Գեւորգի առկայությունը Բելլայի քրեական գործում գրեթե աննշմար է: Միայն նշվում է, որ այս վարկածը եւս ստուգվել է, բայց նման անձնավորություն չի հայտնաբերվել: Բելլային առաջին անգամ հարցաքննել է Նոր Նորքի ոստիկանության Ավանի բաժանմունքի պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նիկողոսյանը (նա այժմ կալանավորված է ): Առաջին ցուցմունքը Բելլան իր ձեռքով չի գրել, այն գրել է քննիչ Մկրտիչ Ենգիբարյանը: «Արմեն Նիկողոսյանն ինձ համոզում է, որ ես պատմեմ, թե սպանությունը ես ու տեգրս ենք արել: 7-8 հոգի ինձ տարբեր հարցեր են տալիս, տարբեր վարկածներ են առաջարկել: Վերջապես իրենք իրենց կարծիքներով կազմեցին այդ ցուցմունքը, որ ես եմ կատարել այդ հանցագործությունը»,- ասում է Բ. Մնացականյանը: Իսկ Բելլայի ամուսինը` Արթուրը, նշում է, որ այս գործի կնքահայրը հենց Արմեն Նիկողոսյանն է, եւ նրա ձեռքով է կազմվել ողջ գործը: «Արմեն Նիկողոսյանը նրանով իր գործը կատարեց, որ ասեց, թե ինչը ոնց ասեմ: «Իրենք տարբերակներ կառաջարկեն, ու քանի որ դու մասնակից ես եղել, կասես, որ էսի սենց է եղել»,- ասում էր Ա. Նիկողոսյանը: Մինչեւ այդ ամենը հասկացա, որ իրենք ինձ օգտագործում են, ինչպես որ ուզում են, ու քանի որ ես քննչական գործողություններից ոչինչ չէի հասկանում, ոչինչ չգիտեի, թե ում օգնությանը դիմեմ, նույնիսկ պահանջում էի, որ հարազատներիցս մեկին բերեն, դա էլ թույլ չէին տալիս, իրենք օգտվեցին դրանից»: Ըստ Բելլայի` Նիկողոսյանը հավաստիացրել է, թե Բելլան շատ հեշտ դուրս կգա այդ ամենից, եթե իրենց վստահի ու անի այնպես, ինչպես իրենք են ասում: Եվ մինչեւ հանրային պաշտպանի գալը, Բելլայի ցուցմունքն արդեն գրված է եղել: «Հիմա եմ հասկանում, թե ինչքան սխալներ եմ ես արել` հավատալով ու վախենալով: Ես մտածում էի` ավելի լավ է ես բերդ նստեմ, քան ընտանիքիս ինչ-որ բան պատահի ու կորցնեմ: Իսկ հետո իմ պատմած ճշմարտությունը ոչ ոք չընդունեց»,- զղջում է Բելլան: Բելլայի հաջորդ, ինչպես ինքն է խոստովանում` սուտ ցուցմունքի հիման վրա ձերբակալել են Գուրգեն Գեւորգյանին` ամուսնու եղբորը: Քննիչ Մկրտիչ Ենգիբարյանին փոխարինել է Կարեն Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը մարտի 23-ին Բելլային տեղափոխել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁԱՊՎ, դստերը վերցրել են մոր մոտից, չնայած Բելլան երեխային այդ ժամանակահատվածում կրծքով էր կերակրում: «Ինձ ասում է, որ հիմա հարցեր կտան, կասես, որ սպանությունը կատարել եք դու ու տեգրդ: Երկուսով եկան, նստեցին, խոսեցին, որ ցուցմունքը պետք է գրվի տեգրոջս անունով, ու այդ ցուցմունքի հիման վրա ինձ կազատեն: Ես ջուր էի խնդրել, ինձ ջուրը 5 րոպե հետո բերեցին, ես ինչքան հասկացա` ինձ քնաբեր էին լցրել կամ ինչ-որ դեղ, ես ոչինչ չեմ հիշում, միայն իրենց հարցերին «այո» եմ պատասխանել»,- հիշում է Բելլան: Քննիչը Բելլայից պահանջել է, որպեսզի նա ոչ ոքի չասի իր տված ցուցմունքի մասին: Բելլան նաեւ հիշում է, որ քննիչ Կարեն Հովհաննիսյանը 8 անգամ իրեն հարցաքննել է առանց պաշտպանի ու ամեն անգամ պնդել, որ Բելլան Գուրգենի անունը տա: Քննիչը սպառնացել է, որ եթե Բելլան Գուրգենի անունը չտա, երեխային կվերցնեն ձեռքից, մանկատուն կտան եւ այնպես կանեն, որ ինքն էլ ողջ կյանքում բերդում մնա. «Ես այդ բառերը երբեք չեմ մոռանա: Ես հետո հասկացա, որ ինձ պարզապես օգտագործեցին, որ արագ գործը փակեին, իսկ ամենահարմարը տեգրս էր»: Քննիչի ցուցումով Բելլան հրաժարվել է իր փաստաբանից` Վ. Սաֆարյանից: Որպես հանրային պաշտպան այս անգամ ներկայացել է Կարեն Քամալյանը: Բելլան ցանկացել է ծանոթանալ գործի նյութերին եւ աչքի անցկացնել իր ցուցմունքները, սակայն Կարեն Քամալյանը նրան ասել է, թե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ գործում կարեւոր բաներ չկան: Միայն Բելլայի «սուտ ցուցմունքերի» հիման վրա 12 տարի ազատազրկման դատապարտված Գուրգեն Գեւորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա թե նախաքննական մարմնին, թե դատարանում տված ցուցմունքներում նշել է, որ այդ օրն ինքը ուշ է արթնացել, տեսել է փոքրիկ Սամվելին` հեռուստացույց դիտելիս, հետո զգացել է Բելլայի տուն մտնելը, հետո` տանից դուրս գալը, սակայն նույնիսկ տեղյակ չի եղել սպանության մասին մինչեւ երեկո, երբ լսել է Մերիի սկեսրոջ աղաղակներն ու մտել նրանց տուն, տեսել Մերիի դիակը: Վերաքննիչ դատարանում գործը քննվեց ըստ էության: Պաշտպանական կողմը ներկայացրեց ոմն Գեւորգի լուսանկարը, որի բարեկամուհուն կարողացել էին գտնել, եւ դատարանին միջնորդեց բերման ենթարկել նրան ու հարցաքննել: Սակայն դատարանը բարեկամուհուն հարցաքննելուց բացի դատարան չկանչեց եւ չհարցաքննեց լուսանկարում պատկերված անձնավորությանը, եւ այդպես էլ չպարզաբանվեց, թե լուսանկարում պատկերված անձը արդյո՞ք նույն Գեւորգն էր: Բելլայի փաստաբան Վ. Սաֆարյանն ասում է, որ իրենց արդեն հաջողվել է պարզել Գեւորգի հասցեն, բայց, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը բողոքը նույնիսկ քննության չի առել: Բելլայի եւ Գուրգենի հարազատները դիմել են ՀՀ նախագահին ու գլխավոր դատախազին, այդ թվում նաեւ տարբեր կազմակերպությունների: Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա. Մարությանի ստորագրությամբ երկու տարբեր պատասխաններ են ստացել: 2009 թ. դեկտեմբերի 17-ի գրությամբ հայտնում են, որ վերաքննիչ դատարանի որոշումն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ պարզվել է, որ կայացրած որոշումն օրինական է, հիմնավորված եւ բողոքարկելու հիմքեր չկան: Սակայն մեկ օր անց` դեկտեմբերի 18-ի գրությամբ նույն Մարությանը տեղեկացնում է, որ որոշման օրինականությունը ստուգվում է ՀՀ գլխավոր դատախազությունում: Բելլայի ու Գուրգեն Գեւորգյանի քրեական գործով դատական նիստերի մոնիթորինգ է անցկացրել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության «Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնը» («ԹԻ ՀԿ ՇՊԱԿ»): Համաձայն եզրակացության` այս գործում կան այնպիսի հանգամանքներ, տվյալ դեպքում, մեկ այլ անձի կողմից հանցագործության կատարված լինելու հնարավորությունը, որոնք պետք է պարզվեին նախաքննական մարմնի կողմից եւ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտվեին, ինչը չեն արել ոչ նախաքննական մարմինը, ոչ առաջին ատյանի դատարանը եւ ոչ էլ վերաքննիչ քրեական դատարանը: Դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը հայտարարել է ցուցմունքներ կորզելու համար Բելլա Մնացականյանի նկատմամբ կիրառված խոշտանգումների վերաբերյալ: Բացի այդ, եւ Բելլա Մնացականյանը, եւ նրա պաշտպանը հայտարարել են, որ առանց պաշտպանին տեղյակ պահելու դեռ նախաքննության ժամանակ քննիչը 1-5 ժամով այցելել է Բելլա Մնացականյանին եւ զրուցել նրա հետ` առանց արձանագրություն կազմելու, որից հետո Բելլա Մնացականյանը ցուցմունք է տվել, որ տվյալ հանցագործությունը կատարել են ինքն ու Գուրգեն Գեւորգյանը: «Դատարանը տվյալ ցուցմունքը որպես ապացույց ընդունելու համար պարտադիր պետք է հետազոտեր այն, ինչը դատաքննության ընթացքում չկատարեց: Իսկ տվյալ ապացույցները կարող էին համարվել անթույլատրելի»,- գրել է «ԹԻ ՀԿ ՇՊԱԿ»-ի իրավաբանի օգնական Անահիտ Ալեքյանը: Այսպիսով, «ԹԻ ՀԿ ՇՊԱԿ»-ը եզրակացնում է, որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանի կողմից պետք է կամ բեկանվեր, կամ փոփոխվեր, կամ ուղարկվեր նոր քննության: «Եթե իրենք ճշմարտությունն ի հայտ բերեն, շատերը կզրկվեն իրենց աշխատանքից: Եթե գործը իրական ճանապարհով գնար, եւ քննիչը, եւ աշխատակիցները աշխատանքից պետք է հեռացվեին, իսկ դատավորները նման բան չեն անի, մեկը մյուսի հետ կապված են»,- նկատում է Բելլան: Այնուամենայնիվ, նախաքննական մարմինը, այդ թվում նաեւ դատարանը, որեւէ պատասխան չի տվել, թե ում երեխային էր, ի վերջո, սպասում Մերի Մաթեւոսյանը, ինչու՞ դատարանը չի փորձել պարզել լուսանկարում պատկերված անձի ինքնությունը եւ բերման ենթարկել դատարան: «Դատարաններն ընդունում են միայն քննչական մարմնի վարկածներն ու գործողությունները: Թող ինձ պատժեին իմ մեղքի չափով, ոչ թե մարդասպան անունը կպցնեին ինձ ու 11 տարի տային: Թող հաշվի առնեին, որ ես անչափահաս երեխաներ ունեմ, որ ես 7 ամսական հղի եմ եղել, ես չէի կարող դա անել»,- ասում է Բելլա Մնացականյանը: Վերաքննիչ դատարանի որոշումը շուտով ուժի մեջ կմտնի, եւ Բելլային կտեղափոխեն Սեւանի կանանց գաղութ: Բանտում ծնվել եւ մոր կողքին մեծանում է Բելլայի դուստրը` Սյուզին: Երեխան մոր հետ կարող է բանտում մնալ մինչեւ երեք տարին լրանալը, իսկ հուլիսի 15-ին լրանում է Սյուզիի երեք ամյակը: Նա մեկ ամսից կլքի մորը: «Սեւանում հազար ու մի կանայք կան, ես չէի ուզենա, որ իմ երեխայի մեջ տպավորվի այս ամենը, այդ կանանց օգտագործած բառապաշարը»,- ասում է նա: Բելլայի սկեսրոջ առողջական վիճակը լավ չէ, նա չի կարող խնամել Բելլայի երկու երեխաներին: Նրա ավագ որդին` 7-ամյա Սամվելը, հոր եւ տատիկի մոտ է: Բելլայի հարազատները` ամուսինը եւ սկեսուրը, չեն հասցնում միաժամանակ այցելել եւ իրեն, եւ ամուսու եղբորը: Իսկ երեխան առողջ սննդի` մրգերի ու բանջարեղենի կարիք ունի: «Այստեղի ճաշերը չի կարողանում ուտել, նույնիսկ ես չեմ կարողանում: Այստեղից մի քանի կազմակերպության հասցեներ ենք իմացել, օգնություն ենք խնդրել, բայց ոչ մեկից դեռ պատասխան չկա»,- ասում է Բելլան: «Աբովյան» ՔԿՀ-ում երեք մայրեր կան` իրենց երեխաների հետ: Նրանք արդեն 9 տարբեր կազմակերպությունների են դիմել երեխաներին անհրաժեշտ պարագաներ տրամադրելու խնդրանքով: Սակայն որեւէ մեկից պատասխան չեն ստացել: Երեխաները գրեթե ամբողջ օրն անցկացնում են բանտախցում` փակ դռան ետեւում, պատուհանն էլ ճաղապատ է: Օրվա ընթացքում երկու անգամ մայրերին թույլ են տալիս դուրս գալ եւ զբոսնել: «Անընդհատ չենք կարող իրենց ուզած ժամանակ դուրս տանել, մինչեւ ծեծում ենք դուռը, մինչեւ գալիս են, բացում են, իրենց էլ պետք է հարմար լինի, որ բացեն: 27 խցիկ ունեն, բնականաբար, բոլորիս կանչերին չեն կարող միանգամից գալ»,- ասում է Բելլան: Երեխաները խաղալիքների կարիք ունեն, շուտ են ձանձրանում իրենց մոտ եղած մի քանի խաղալիքներից: «Իմ աղջիկը ավելի շատ սիրում է նկարչություն անել, ինչքան էլ բերում են, միեււնույն է` իրեն չի բավարարում»,- շարունակում է Բելլան: Փոքրիկ Սյուզին երբեմն դուրս է գալիս բանտից, տատիկն ու հայրիկը տանում են տուն: Բայց Բելլան երկար չի կարող մնալ առանց Սյուզիի: Սյուզիի հետ խաղում է, ժամանակն ավելի հեշտ է անցնում: Բելլան բանտախուցը կիսում է մեկ այլ կնոջ ու երեխայի հետ: «Որ զբոսանքից ներս ենք գալիս եւ դուռը փակում են, իմ երեխեն ու կողքիս կնոջ երեխեն ո~նց են լացում... Շատ դժվար է այստեղ»,- լացակումած ասում է Բելլան: Նա ուզում է, որ այս քրեական գործը մտնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Թեկուզ 5 տարի տեւի, միայն ճշմարտությունն ապացուցվի»,- ավարտում է Բելլան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter