HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառայությունները մատուցել է, բայց չի վճարվել

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտորն ՀԿ-ի անդամ Արմեն Գալստյանը պահանջում է իր մատուցած խորհրդատվական ծառայությունների համար նախատեսված 700 եվրոն։ Նա դիմել է դատարան՝ ընդդեմ «Աքիլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի և ԵԱՀԿ Երևանի գրսենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապրինոսի։ Արմեն Գալստյանը, որպես «Աքիլես» ՀԿ-ի ներկայացուցիչ 2007թ-ի ապրիլի 16-ից մինչև 2007թ-ի հուլիսի 2-ը ԵԱՀԿ աջակցությամբ գործող Կաշառակերության դեմ կենտրոնի համար խորհրդատվական ծառայություններ է մատուցել։ Սակայն այդ աշխատանքի դիմաց վարձատրվել է «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ Ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքված է եղել Էդուարդ Հովհաննիսյանի հետ։ Արմեն Գալստյանը պատմում է, որ ինքը Է. Հովհաննիսյանի բանավոր առաջարկով փոխարինել է նրան, քանի որ վերջինս ինֆակտ է տարել և գտնվել է հիվանդանոցում, իսկ իր հետ պայմանագրային պարտավորություններ չեն եղել։ Էդուարդ Հովհաննիսյանն էլ պնդում է, որ ինքը ոչ գրավոր, ոչ էլ բանավոր չի լիազորել կամ խնդրել Արմեն Գալստյանին փոխարինել իրեն։ Արմեն Գալստյանը դիմել է դատարան։ Վերջինս երկու անգամ դիմել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակին՝ խնդրելով, որ իրեն տրամադրվի ԵԱՀԿ հանրային ընդունարանում իր կողմից նշված ժամանակահատվածում իրականացրած խորհրդատվության վերաբերյալ ծառայողական բնութագիր։ ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարի տեղակալը գրավոր պատասխանել է, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը չի կարող նրան տալ բնութագիրը, քանի որ Ա. Գալստյանը վարձված չի եղել գրասենյակի կողմից և չեն եղել պայմանագրային պարտավորություններ։ «Դուք ընդամենը «Աքիլես» ՀԿ-ի առաջարկով փոխարինել եք պրն Է. Հովհաննիսյանին նրա հիվանդության ընթացքում»,-փաստել է ԵԱՀԿ գրությունը։ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009թ-ի հոկտեմբերի 1-ի վճռով կարճել է Արմեն Գալստյանի հայցն ընդդեմ դեսպան Սերգեյ Կապրինոսի՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայի 31-րդ հոդվածի՝ դեսպանի անձեռնմխելիության հիմքով՝ փաստելով, որ հայցի այս մասը դատարանում քննության ենթակա չէ։ Իսկ Է. Հովհաննիսյանի դեմ հայցը բավարարել մասնակի։ Դատարանը ապացուցված է համարել, որ պայմանագրով նախատեսված խորհրդատվությունը Է. Հովհաննիսյանի փոխարեն տրամադրել է Արմեն Գալստյանը։ Ավելին, դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ն իր համաձայնությունը տվել է Է. Հովհաննիսյանի փոխարեն Արմեն Գալստյանի՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ, որի մասին նշված է նաև ԵԱՀԿ գրություններում։ Դատարանը գտել է, որ հայցվորի և պատասխանողի միջև ծագել են ենթակապալի հարաբերություններ, չնայած պայմանագրից բխել է աշխատանքն անձամբ կատարելու պարտավորությունը, բայց գործել է օրենքի թուլատրելի բացառությունը՝ ` բանավոր առաջարկի հիման վրա։ Դատարանի հիմնավորմամբ, այս դեպքում ԵԱՀԿ-ի գրությունները փաստում են, որ գործել է հենց այդ բացառությունը։ Պատասխանողի պնդումները, թե Էդուարդ Հովհաննիսյանի և Արմեն Գալստյանի միջև գրավոր պայմանագիր չի կնքվել, իսկ Արմեն Գալստյանը ծառայություններ մատուցել է հասարակական հիմունքներով, դատարանը անհիմն է գտել։ Էդուարդ Հովհաննիսյանը Վերաքննիչ քաղաքացիական դատարանում բողոքարկել է ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Մարգարիտա Հարթենյանի կայացրած վճիռը։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանը չի նշել, թե կոնկրետ որ ապացույցով է հաստատվել այն փաստը, թե Է. Հովհաննիսյանը հայցվորին բանավոր առաջարկել է փոխարինել իրեն՝ դրանով իսկ հայցվորին վերագրելով ենթակապալառուի կարգավիճակ։ Գործում առկա ապացույցներից ոչ մեկն այդ փաստը հաստատող տեղեկություններ չի պարունակում։ Ավելին, Արմեն Գալստյանը չէր կարող խորհրդատվություն մատուցել ՀԿ-ի կողմից, քանի որ ԵԱՀԿ-ի և Էդուարդ Հովհաննիսյանի միջև պայմանագիրը կնքվել է որպես ԵԱՀԿ-ի և ֆիզիկական անձի, այսինքն՝ Է. Հովհաննիսյանի միջև։ Վերաքննիչ դատարանը վճիռը բեկանելուց հետո այն փոփոխել է և հայցը մերժել՝ հիմնավորելով այս որոշումը «արդարադատության արդյունավետության շահերից»։ Էդուարդ Հովհաննիսյանը հրաժարվեց այս թեմայով զրուցել՝ նշելով, որ կխոսի Վճռաբեկ դատարանի որոշումից հետո։ Նա միայն ասաց, որ ինքը Արմեն Գալստյանին չի խնդրել՝ իր փոխարեն ծառայություններ մատուցել և տալիքներ չունի։ Արմեն Գալստյանն ասում է, որ իր դեպքը կարելի է դիտարկել որպես աշխատանքային թրաֆիքինգ. «Ծառայությունները մատուցել եմ ես, գումարը ստացել է մեկ ուրիշը»։ Նա ասում է, որ պայքարելու և գնալու է մինչև վերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter