
Կոտայքի մարզի Արտավազ գյուղը գազիֆիկացված է, սակայն դպրոցում դեռևս չկա ջեռուցման համակարգ: Դասարանները տաքացվում են վառելափայտով: Դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջոռյանն ասում է, որ 2010թ-ին նախատեսված էր դպրոցի գազիֆիկացում, սակայն այս տարի ոչ մի ծրագրում իրենց դպրոցը ներառված չէ: Տնօրենը հավանական է համարում այն հանգամանքը, որ գազիֆիկացումը հետաձգվել է` պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ:
«Մենք լրացրել ենք, թե ինչ էր պետք թե' շենքի վերանորոգման համար, թե' գազիֆիկացման: Երևի թե ճգնաժամի հետ կապված այս տարի այդ մասին խոսակցություն չկա: Եթե ընդգրկված լինեինք, պետք է որ արդեն իմանայինք ու ծանոթ լինեինք»,-ասում է տնօրենը:

Դպրոցում 85 աշակերտ է սովորում: Համակարգիչներով, տպիչ սարքերով դպրոցն ապահովված է: Տնօրենը գույքից ու դպրոցի շենքի վիճակից չի դժգոհում, չնայած շենքն էլ գերազանց պայմաններ չունի: «Ոչ շա լավ է, ոչ էլ շատ վատ»,-ասում է տնօրենը: Դպրոցը մանկավարժներով հիմանականում ապահովված է: Մասնագետների մեծ մասը գալիս է Հրազդանից, իհարկե գյուղից էլ ուսուցիչներ կան: Դասասենյակներում ցուրտ չէ, փայտի վառարանները կարողանում են միջին ջերմաստիճան ապահովել, իսկ միջանցքներում, սպորտդահլիճում և լաբորատոր սենյակներում դասերը դժվարությամբ են անցնում:

«Լաբորատոր սարքավորումներ, նյութեր չունենք, փորձեր կատարելու համար դժվարանում ենք, բայց համակարգչի միջոցով աշակերտները տեսաֆիլմեր են դիտում, ինչ-որ չափով կարողանում են լրացնել այդ բացը, բայց դա մի քիչ այլ է,- ասում է տնօրենն ու կատակով հավելում,- քիչ ենք տուժում, բայց տուժում ենք»:
Արտավազ գյուղի աշակերտների թվաքանակը վերջին տարիներին չի նվազել: Դպրոցում առավելագույնը 120 աշակերտ սովորել է 1995-962թ-ին: «Եթե համեմատեմ մյուս դպրոցների հետ, մեր դպրոցում քիչ է նվազել»,-նկատում է տնօերնը: Իսկ նվազման հիմնական պատճառ նշում է այն, որ Արտավազ գյուղի 70 տոկոսը Ադրբեջանից տեղափոխված փախստական ընտանիքներ են, և որոշ ընտանիքներ սկզբնական շրջանում գնացել են գյուղից, իսկ հիմա տեղաշարժը քիչ է:
Թե որքան գումար է անհրաժեշտ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցման համար, տնօրենը դժվարացավ հստակ նշել, միայն ասաց, որ բավականին մեծ գումար կկազմի, քանզի պետք է կառուցվի կաթսայատուն և հիմնովին փոխվի ողջ հին ջեռուցման համակարգը: «Դա մեր ուժերի բանը չէ, այլ մարզպետարանի, կամ պետք է ինչ-որ օգնության միջոց լինի: Մեր բյուջեով դա անհնար է, սպասում ենք մեր հերթին»,- ասաց Բորիկ Կոնջոռյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել