HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեռնոբիլի աղետից հետո կորցրել է առողջությունը, հիմա էլ կորցնում է բնակարանը

65-ամյա Ալեքսանդր Տրուբչանինովը 1988 թ. փետրվարի 28-ից մինչեւ օգոստոսի 6-ը Չեռնոբիլի վթարի հետեւանքները վերացնելու նպատակով ծառայողական պարտականություններ է կատարել աղետի գոտում: Ստացած ճառագայթների արդյունքում հաշմանդամ է դարձել: Հիմա էլ մնացել է անօթեւան:

«Ինձ գիշերով եկան, տարան Չեռնոբիլ: Հիմա կես մարդ եմ դարձել, համ էլ փողոցում եմ մնացել»,- ասում է Ալեքսանդրը:

1973թ. քույր եւ եղբայր` Ալեքսանդր եւ Նելլի Տրուբչանինովները փոխանակման կարգով ստացել են Կոմիտասի 28 շենքի 3-րդ բնակարանը: Ալեքսանդրի համաձայնությամբ բնակարանի վարձակալ է ճանաչվել Նելլին: 1974 թ.-ից Ալեքսանդրը հաշվառվել եւ բնակվել է այդ բնակարանում:

Նելլին 2007 թ. մահացել է, իսկ նրա դուստրը` Աննան, ամուսնալուծությունից հետո` 2004 թ.-ից հաստատվել է այդ բնակարանում: Մոր մահից հետո Աննան տան նկատմամբ պահանջներ է ներկայացրել, փոխել դռան կողպեքը, փակել մուտքի դուռը ու այլեւս արգելել է քեռուն մտնել բնակարան, մեկ անգամ նույնիսկ հարվածել է նրա կրծքին եւ վնասել կողը:

Սկսվել են վեճերն ու դատական քաշքշուկները: Ալեքսանդրը դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին` այդ բնակարանում իրեն վերաբնակեցնելու խնդրանքով, ինչպես նաեւ Աննայի կողմից իրեն մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հաղորդում է տվել: Վերջին մասով նյութեր են նախապատրաստվել, սակայն այդպես էլ քրեական գործ չի հարուցվել: Ալեքսանդրը դատարանում բողոքարկել է ոստիկանության` քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը:

Դատարանը Ալեքսանդրի հայցը մերժել է, չնայած կա նաեւ բժշկի տեղեկանքն այն մասին, որ կոտրվել է Ալեքսանդրի 6-րդ կողը: Ալեքսանդրին ոստիկանության Արաբկիրի բաժնից գրությամբ տեղեկացրել են, որ իրեն հանել են բնակարանի հաշվառումից:

Արաբկիրի թաղապետարանի գրության մեջ Ալեքսանդրին հաշվառումից հանելը հիմնավորվել է հարեւանների վկայություններն արձանագրած մի թղթով, թե Ալեքսանդրն այնտեղ երբեք չի ապրել: Իսկ որ ինքն ապրել է այդ տանը, վկայում են թե ոստիկանության Արաբկիրի բաժնի իր դիմումները, թե «Շեն օջախ» համատիրության կողմից տրված տեղեկանքը, թե որպես պարտադիր վճարումներ համատիրությանը մուծված գումարների համար տրված անդորրագրերը: Ալեքսանդրը դիմել է դատարան:

«Փաստորեն, Արաբկիրի թաղապետարանն անհիմն կերպով զրկել է ինձ այն բնակարանում ապրելու հնարավորությունից, որտեղ ունեմ օգտագործման իրավունք, մինչ այժմ տիրապետել եմ օրինական հիմունքներով»,- գրել է Ալեքսանդրը հայցադիմումում:

Երեւանի վարչական դատարանը բավարարել է Ալեքսանդրի հայցը` անվավեր ճանաչելով Արաբկիր թաղային համայնքի ղեկավար Հ. Շահինյանի գրությունը եւ որպես դրա հետեւանքի կիրառում` վերականգնել Ալեքսանդր Տրուբչանինովի` Կոմիտասի բնակարանում հաշվառված լինելու իրավունքը: Սակայն Աննան թույլ չի տվել նրան մտնել բնակարան:

Ալեքսանդրն այս անգամ հայց է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Աննա Տրուբչանինովայի` բնակվելու իրավունքը խոչընդոտող գործողությունները դադարեցնելու պահանջով: Աննա Տրուբչանինովայի ներկայացուցիչ Վարդան Նիկողոսյանը իր պատասխանում նշում է, որ ՀՀ Քաղ. օր. 225-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները եւ դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով:

Բնակելի տարածության իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքի սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից: Իսկ նման պայմանագիր եւ փաստաթուղթ Ալեքսանդրը դատարան չի ներկայացրել, հետեւաբար Ալեքսանդրը չունի բնակելի տարածության եւ բնակվելու իրավունք:

Ավելին, պատասխանողը հայտնում է, որ Ա. Տրուբչանինովը բազմազավակ ընտանիքի հայր է, առանց օրինական գրանցման ամուսնացած է Անահիտ Կարախանյանի հետ, համատեղ բնակվում են Արզումանյանի բնակարանում: Եվ Ալեքսանդրը նպատակ ունի անօրինական ճանապարհով ձեռք բերել լրացուցիչ բնակելի տարածք: Մինչդեռ Անահիտ Կարախանյանն ասում է, որ նախկին ամուսինը իր հետ չի ապրում, ինքն ապրում է առանձին` իր երկրորդ ամուսնուց ունեցած երեխաների հետ:

«Ոտքի մատից ոսկորը դուրս է գալիս, ոտքերը ուռում են, հազիվ քայլում է այս մարդը, երբեմն գալիս է ինձ մոտ, ես մշակում եմ վերքերը,- պատմում է Անահիտ Կարախանյանը եւ հավելում,- ոստիկանությունը հաշվի չի առել Ալեքսանդրի դիմումները, որ իրեն բռնի դուրս են արել տանից: Ոստիկանությունը, թաղապետարանի հետ համագործակցելով, շպրտում են մարդուն դուրս»:

Ա. Տրուբչանինովը վարչական դատարան ներկայացրած իր հայցադիմումում նաեւ միջնորդել էր` որեւէ գործողություն չիրականացնել` կապված Արաբկիրի վիճարկվող բնակարանի հետ եւ Աննայից ոչ մի դիմում չվերցնել: Մինչդեռ Արաբկիրի թաղապետ Հ. Շահինյանն այդ ընթացքում Աննային վարձակալ եւ գույքի սեփականատեր է ճանաչում: Աննան 2008 թ. հոկտեմբերի 21-ին բնակարանը 15 մլն դրամով վաճառում է քաղաքացի Սարգիս Առաքելյանին:

Նոր սեփականատերը այն 10 օրվա ընթացքում, բայց ավելի ցածր գնով` 11 մլն դրամով վերավաճառում է Արամ Ղարագյոզյանին: Ալեքսանդրի մահացած քույրը` Նելլին, հոգեկան հիվանդ է եղել, ինչի մասին վկայում է նաեւ Առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ Ավանի հոգեբուժական կլինիկայի տեղեկանքը, համաձայն որի` Նելլի Տրուբչանինովան հաշվառված է եղել նշված կլինիկայում 1985 թ.-ից` «Շիզոֆրենիա, պարանոիդ ձեւ» ախտորոշմամբ: Ալեքսանդրը չի իմացել, որ պետք է ինքը ստանձեր քրոջ խնամակալությունը եւ տան սեփականատեր ճանաչվեր, եւ բնակարանը հանձնվել է համայնքին որպես սեփականություն:

Ալեքսանդրը նորից է դիմում վարչական դատարան: Նա պահանջում է Աննա Տրուբչանինովայի, Արաբկիրի թաղային համայնքի ավագանու որոշումը, Արաբկիր համայնքի ղեկավար Հ Շահինյանի որոշումը` մասնակի` միայն Աննա Տրուբչանինովային օտարելու մասով անվավեր ճանաչել եւ վերացնել հետեւանքները: Նախագահող դատավոր Ռ. Հակոբյանը Ալեքսանդրի հայցը բավարարում է մասնակի` միայն Աննայի մասով:

Դատարանը եւս մեկ անգամ փաստում է, որ Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարը, օժտված չլինելով համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու որոշում կայացնելու լիազորությամբ, այնուամենայնիվ, ընդունել է այդ որոշումը:

Դատարանը այդ որոշումը առ ոչինչ է ճանաչել` փաստելով, որ անհնարին էր տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ վարչական դատավարության կարգով քննվող գործով դատական ակտ կայացնելը, առավել եւս Արաբկիրի թաղապետարանը տեղյակ է եղել վիճելի հարցի շուրջ ընթացող դատական վեճերի մասին:

Սակայն թաղապետի որոշումից բխող հետեւանքները դատարանը միայն Աննա Տրուբչանինովայի մասով է վերացրել, իսկ տան առքուվաճառքի շուրջ այլ եզրակացության է հանգել. «Թեեւ եւ նվիրատվության պայմանագիրը եւ դրա հիման վրա Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի 28 շենքի 3 բնակարանի նկատմամբ Աննա Տրուբչանինովայի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը հանդիսանում են Արաբկիրի թաղային համայնքի ղեկավարի թիվ 51 որոշման ընդունման հետեւանք, այդուհանդերձ, դրանք չեն կարող վերացվել, քանի որ այլեւս իրավաբանական ուժ չունեն: Դատարանը նաեւ փաստել է, որ այլեւս իրավաբանական ուժ չունի Աննայի եւ թաղապետարանի միջեւ կնքված նվիրատվության պայմանագրից ծագող պետական գրանցումը, քանի որ Աննան բնակարանը վաճառել է քաղաքացի Սարգիս Առաքելյանին, ու դրանով դադարել է գոյություն ունենալ Աննայի անվամբ նշված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը: Իսկ քանի որ Սարգիս Առաքելյանն էլ է վաճառել բնակարանը, ապա նոր սեփականատերը ճանաչվել է բարեխիղճ ձեռքբերող: «Այսինքն` եթե նախորդ բոլոր հետեւանքները դատարանը վերացրել է, ես նշել էի նաեւ այդ մեկը, պետք է դա էլ վերացներ»,- ասում է Ալեքսանդրի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Սուսաննա Հարությունյանը:

Այժմ բողոքը Վճռաբեկ դատարանում է: Արաբկիրի դատարանում տան առքուվաճառքի պայմանագրերն առ ոչինչ ճանաչելու մասով Ալեքսանդր Տրուբչանինովի բողոքը կասեցվել է` մինչեւ վճռաբեկի որոշումը: Իսկ տունն արգելանքի տակ է: Դատարանի միտումնավոր վճիռները, ըստ փաստաբանի, կոռուպցիայի հետեւանքներ են:

«Անձնագրայինն ու թաղապետարանը, կադաստրն ու նոտարը, քաղաքապետարանն ու անշարժ գույքի գրանցումը. դա նորությո՞ւն է մեզ համար, քննչականներն ու դատարանները քո վրայով անցնում են»,-ասում է փաստաբանը:

Իսկ Անահիտ Կարախանյանը համոզված է, որ այս գործում շահագրգռված են թե Արաբկիր համայնքի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը, թե Արաբկիրի նախկին թաղապետը:

«Աննայի անունից դիմումը գրված է նույն ձեռագրով, ինչով գրել է Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանը»,- նշում է Անահիտ Կարախանյանը: Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Գեղամ Կարապետյանից: Վերջինս նշեց, որ բանավոր հարցազրույց կտա Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանի թույլտվությամբ, իսկ Համլետ Մարգարյանն ասաց, որ մեր հարցերին կպատասխանեն միայն գրավոր: Ալեքսանդրը կացարան չունի: Օրերն անցկացնում է ծանոթների եւ ընկերների տանը: Որդին` Արտաշեսը, եւս չի գնում մոր տուն: «Որտեղ հայրս, այնտեղ էլ ես»,- ասում է նա:

Մայրը` Անահիտ Կարախանյանը, ասում է, որ մի քանի օր առաջ որդուն մետրոյի գետնանցումից է գտել, տուն չի ուզում գալ: Ալեքսանդրի որդին հորը խնամելու համար 16 տարեկանից տեղափոխվել է նրա մոտ: Նա արդեն 18 տարեկան է: Հաշվառման է կանգնած զորակոչվելու համար, բայց անձնագիր ստանալ չի կարող, գրանցում չունի: Ալեքսանդրը ցանկացել է որդուն եւս գրանցել իր տանը, որտեղից նա կկարողանար նաեւ անձնագիր ստանալ: Անահիտ Կարախանյանը պատմում է, որ Աննան իր ձեռքով մեկ այլ դիմում է գրել, ստորագրել տվել մի քանի հարեւանների, իբրեւ թե որդին այդ տանը չի ապրել: Արտաշեսն այս տարի ավարտում է ուսումնարանը: Առանց անձնագրի կստանա՞ ուսումնարանն ավարտելու վկայական` չգիտի:

Ալեքսանդրը դեռեւս 2008 թ. դիմել է Ոստիկանության անձնագրային բաժին` որդու անձնագիրը ստանալու եւ համաձայնություն տվել հաշվառել որդուն իր բնակարանում: Բայց նրան անձնագիր չեն տվել:

«Քանի որ Տրուբչանինովը ուներ վարչական դատարանի որոշումները, նրանք իրավունք չունեին չհաշվառել եւ անձնագիր չտալ որդուն: Երբ դատարանը գործը քննել եւ վճիռ է կայացրել, նա դեռեւս գրանցման մեջ է եղել»,- ասում է փաստաբան Սուսաննա Հարությունյանը:

Վերջինս ոստիկանության անձնագրային բաժին հարցում է կատարել, երբ գործը վարչական դատարանում է եղել: Պատասխանում հստակ գրված է եղել, որ մինչեւ տան վերջին սեփականատերը` 2008 թ. դեկտեմբերի 25-ը, Ալեքսանդրը գրանցված է եղել բնակարանում: Ալեքսանդրը դժվարությամբ է քայլում:

Բժշկական եզրակացության համաձայն` իոնացնող ճառագայթման հետեւանքով նրա մոտ ստորին վերջույթների անոթների օբլիտերացնող աթերոսկլերոզ է առաջացել, սրունքի եւ թաթի զարկերակների օկլյուզիա, արտահայտված ստենոզ, աթերոսկլերոտիկ կարդիասկլերոզ: Նրան որակել են որպես երկրորդ կարգի զինհաշմանդամ: Բայց ստանում է սովորական հիվանդության թոշակ` 17 հազար դրամ:

«Եթե Չեռնոբիլի մասով էլ ստանայի, մոտ 40 հազար կլիներ»,-ասում է նա: Ալեքսանդրը պատմում է, որ երբ գնացել է փորձաքննությունների եւ հետազոտությունների, որպեսզի իրեն հաշմանդամության թոշակ տան, գումար են պահանջել, ինքն էլ չի ունեցել: Փորձաքննության եզրակացություն այդպես էլ չի եղել, եւ նրա համար սովորական թոշակ են սահմանել: Փաստաբան Սուսաննա Հարությունյանն ասում է, որ երբ վերջացնեն տան մասով դատական գործընթացը, կսկսի զբաղվել նաեւ Ալեքսանդրի թոշակի հարցերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter