
«Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արհեստական արգելքներ են ստեղծվում Վրաստանում ազգային փոքրամասնությունների մասնակցության համար: Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են մայիսի 30-ին: Ջավախքում ևս պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին:
Մելս Թորոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Ջավախքում ՏԻՄ ընտրություններին պատրաստվում է մասնակցել թե' պետական օղակը, թե' հասարակական կազմակերպությունները: Յուրաքանչյուր շրջանի Շրջանային ժողովում (սակրեբուլոյում) կուսակցական ցուցակով պետք է ընտրվեն 10 պատգամավորներ: Դա կախված չէ շրջանի մեծությունից կամ ընտրողների թվից:
Մեծամասնականով յուրաքանչյուր ընտրական օկրուգից պետք է ընտրվի 1-ական պատգամավոր: Ախալքալաքի շրջանում 17 հայաբնակ օկրուգ կա: Կան այնպիսի օկրուգներ, որոնք ընդգրկում են 6-7 հայկական գյուղեր: Մելս Թորոսյանը նշում է, որ վերադաս մարմինները գիտակցաբար վրացական յուրաքանչյուր գյուղի մեկ օկրուգի իրավունք են տվել, իսկ հայկական գյուղերը միավորել են: Այսինքն` վրացական յուրաքանչյուր գյուղից մեկ պատգամավոր կընտրվի:
«Անհամամասնություն է ստացվել, որպեսզի իրենք պատգամավորների թիվ ապահովեն շրջանային ժողովում: Եթե, օրինակ, վրացի բնակիչների թիվը Ախալքալաքի շրջանում կազմում է 2.5-3 %, ունեն 6 պատգամավոր, իսկ մոտ 65 հազար հայերն ունեն 20 պատգամավոր,-ասում է Մելս Թորոսյանը,-հույսեր տածել, որ մենք կարող ենք մեծամասնություն կազմել, ունենալ այնպիսի մի խմբակցություն, որ կարողանա ինքնուրույն ազգային և տեղի բնակչությանը հուզող հարցեր բարձրացնել` շատ դժվար է, նույնիսկ անհնարին է, բայց պետք է աշխատել»:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, որն ընդգրկում է շուրջ 50 կազմակերպություններ, զբաղված է այդ խնդիրների վերացման ուղղությամբ, բայց հույսերը քիչ են: Թե ովքեր են առաջադրվելու հայակական հասարակական կազմակերպությունենրի խորհրդից, Մելս Թորոսյանը չցանկացավ նշել` հիմնավորելով, որ «այնպես են վերաբերվում այդ թեկանծուին, որ նա հնարավոր է նույնիսկ հրաժարվի իր ստորագրությունից` իր ցանկության դիմաց` հակառակ ստորագրությամբ»: «Բոլոր պետական կառույցներն աշխատում են, որպեսզի միայն ու միայն իրենց թեկնածուները լինեն»,-համոզված է Մելս Թորոսյանը:
Մելս Թորոսյանը կատակով նշում է, որ կենտրոնական իշխանությունները, ի դեմս նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, հայտարարել են, թե այս տարի պատգամավորները պետք է ոչ թե նշանակվեն, այլ ընտրվեն: «Փաստորեն նախագահը խոստովանել է, որ անցած ընտրություններում պատգամավորները նշանակվել են»,-ասում է նա և հավելում,-ես կուզեի, որ արդար ընտրություններ կայանային, բայց հույս դնել հնարավոր չէ»:
«Հետքի» հարցին, թե այս տարվա ՏԻՄ ընտրություններից հետո ինչ փոփոխություններ կարելի է ակնկալել Ջավախքի և տեղացի հայ բնակչության համար, Մելս Թորոսյանը պատասխանեց. «Ջավախքում ավելի կխորանա մարդկանց վախվորածությունը: Կզգան, որ հայ մարդը տեղում անզոր է: Երբ մարդը գործնականում ապացուցի իր ազնվությունը, կզգա, որ ինքն արդար է: Գրագետը, խելացին, կարող է օգուտ բերել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը, պետության հզորացմանը, բայց իրեն պետականորեն ճնշում են, չեն թողնում ընտրվել: Ընտրվում է մեկը, ով նույնիսկ հայերեն տառերն է մոռացել, և նրա համար նշանակություն չունի, թե ով է իր ղեկավարը, ում է ծառայելու: Նա է ընտրվելու պատգամավոր»:
Մելս Թորոսյանը նաև նշեց, որ դեռևս չճշտված տեղեկություններով` մեծամասնականով առաջադրվելու համար օրենսդրության փոփոխության նոր առաջարկություն կա, որ բոլորը կուսակցական ցուցակով առաջադրվեն: Իսկ Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունները, մասնավորապես ադրբեջանցիները և հայերը կուսակցություններ չունեն: «Այսինքն` այն կուսակցությունը, որտեղ պետք է դիմի անձը, որ իրեն գրանցեն կամ պաշտպանեն իր թեկնածությունը, չեն գրանցի և վերջ: Թեկնածուների գործը դժվարացվում է»:
Մելս Թորոսյանը հավելում է, որ նախկին օրենքով 5 համախոհներ կարող էին մեկին ներկայացնել որպես պատգամավորության թեկնածու, բայց նման փոփոխությամբ այլևս դա էլ անհնար կդառնա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել