HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոջալուի դեպքերի կենդանի վկան Հայաստանում է

Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան 1982 թվականից կապված է տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի հետ: Նա «անցել» է Ղարաբաղյան պատերազմով: Երկու կողմում էլ ներկա է եղել, քանի որ ընդգրկված էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին ուղեկցող լրագրողական խմբում: Դանա Մազալովան Հայաստան է հրավիրվել որպես փորձագետ եւ Խոջալուի դեպքերի ականատես: Այսօր նա հանդիպեց նաեւ լրագրողների հետ եւ մանրամասներ պատմեց Խոջալուի դեպքերից:  Չեխոսլովակիայի գյուղերից մեկը 1942 թվականին նացիստները ավիրել են: Դանա Մազալովան բոլորովին վերջերս է իմացել, որ 2007 թվականից ադրբեջանցիներն այս գյուղն օգտագործում են որպես քարոզչամիջոց, որ Խոջալուում տեղի են ունեցել նույն դեպքերը: Ավելին` այս ամենի համար օգտագործվում են ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի կադրերը: «Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերի ցուցահանդես էին բացել, որտեղ ռազմական պեդոֆիլ էր ներկայացված, դա կեղծված էր»,- համոզված է լրագրողը: Դանա Մազալովան տարածաշրջան կատարած իր այցելություններից մեկի ժամանակ է ծանոթացել ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաեւի հետ: «Ես տեսել եմ այն բոլոր «հում» նյութերը, որոնք նկարել է Չինգիզ Մուստաֆաեւը: Ես գիտեմ նաեւ, որ այդ մարդկանց, Չինգիզ Մուստաֆաեւից բացի, ոչ ոք չի նկարել, եւ նրա կադրերում միայն դիակներ են. ոչ մի կենդանի մարդ չի շարժվում` բացի մեկից»,- պատմում է լրագրողը` առանձնացնելով այդ մեկին, որին կանդրադառնա ավելի ուշ: Որպես հեռուստալրագրող` Դանայի լուսային հիշողությունը զարգացած է, եւ հիշում է, թե ինչ լույսի ներքո է Չինգիզ Մուստաֆաեւը կատարել իր նկարահանումները: «Երբեւէ չեմ մոռանա երկու փոքրիկ տղաների դեմքերը, որոնք առավելագույնը 2 տարեկան կլինեին: Ինչ-որ մեկը սկզբից նրանց ծնկներին է կրակել, որ չկարողանան շարժվել: Փոքրիկի դիակը նմանատիպ տասնյակ դիակների շարքում էր, ինչ-որ մեկը նաեւ կացին էր օգտագործել: Բոլորը միանման էին սպանված»,- Խոջալուի դեպքերից հետո տպագրած հոդվածներից մեկում պատմել է Դանա Մազալովան: «Ծնկներին կրակելը ամենասարսափազդու եւ ցավոտ բանն է, երբ ցավից մարդիկ շատ ուժեղ բղավում են: Չինգիզը նախկին մասնագիտությամբ բժիշկ էր եւ ինձ բացատրելով ցույց էր տալիս այն կադրերը, որտեղ պատկերված էին նրանց կրակած ծնկները»,- շարունակում է լրագրողը: Նա նաեւ հիշում է, որ 1992 թվականի սկզբին Չինգիզ Մուստաֆաեւը ինքնաթիռից նկարահանումներ է կատարել, որտեղ պատկերված են եղել թուրք-մեսխեթցիների դիակները: Լրագրողն իր հոդվածում արձանագրում է, որ Ստալինը նրանց Վրաստանից աքսորել էր: Վերակառուցման տարիներին նրանց սկսել են հետապնդել եւ սպանել, մեսխեթցիները հետզհետե ցանկացել են ետ վերադառնալլ, բայց Գամսախուրդիան թույլ չի տվել կրկին վերաբնակվել իրենց բնակավայրերում: Նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Մութալիբովը, որպեսզի փոփոխի Ղարաբաղի ժողովրդագրական կազմը: Դանա Մազալովան պատմում է նաեւ, որ Չինգիզ Մուստաֆաեւի նկարահանումներից մեկում հստակ երեւում է, թե ինչպես թուրք-մեսխեթցիների դիակների մեջ զինվորական հագուստով մեկը ադրբեջանական տարածքում ազատ տեղաշարժվում է, չի վախենում վերեւից թռչող ադրբեջանական ինքնաթիռից: Սրանք միակ կադրերն են, որտեղ Մուստաֆաեւը շարժվող մարդ է նկարել, որի մասին վերեւում հիշատակեց Դանան: Դա տարօրինակ է թվացել Չինգիզին: Իսկ մեկ այլ դեպքի ժամանակ, երբ դիակները հավաքող խմբի հետ է Չինգիզը գնացել, հասցրել են ինքնաթիռ բարձրացնել այնքան դիակներ, որքան ինքնաթիռում տեղավորվել է: Երկու օր անց, երբ վերադարձել են մյուս դիակների հետեւից, դիակների գլուխներն արդեն աղավաղված ու այլանդակված են եղել: «Երբ ես նրա տանը նայում էի նրա արած կադրերը, իմ գրկում նստած էր նրա մի քանի ամսական երեխան, Չինգիզն ասաց, որ վախենում է իր երկրի մայրաքաղաքում առանց զրահաբաճկոնի դուրս գալ: Ավելի ուշ նա հասցրեց «նկարել» իր մահը: Նրան սպանեցին, երբ դեռ չէր լրացել իր որդու մեկ տարին»,- իր հոդվածում պատմում է լրագրողը: Տեսնելով Չինգիզի մոտ «հում» կադրերը` լրագրողն այնուհետեւ գնացել է Խոջալուի դեպքերի ժամանակ նախագահող Ա. Մութալիբովի մոտ` հարցազրույցի: Նախկին նախագահը լրագրողի հարցին, թե  ինչ է մտածում Խոջալուի դեպքերի մասին, որից հետո հրաժարական է տվել, պատասխանել է, որ այդ ամենը կազմակերպված է եղել, որպեսզի իր հրաժարականի համար պատճառ լինի: «Ես չեմ կարծում, թե հայերը, ովքեր հստակ ու բանիմացորեն են վերաբերում նման դեպքերում, թույլ տային ադրբեջանցիներին իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստեր ունենալ: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը շահագրգռված էր դրանում, որպեսզի այդ կադրերը հետագայում ցույց տան Գերագույն Խորհրդի նստաշրջանին եւ ամբողջը կենտրոնացնեն իմ անձի շուրջ: Եթե ես հայտարարեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքով է, կարող են ասել, որ ես նրանց զրպարտում եմ: Բայց մտորումների ընդհանուր ֆոնը այդպիսին է, որ միջանցքը, որով մարդիկ կարողացել են հեռանալ, հայերն, այդուհանդերձ, թողել էին»,- ասել է Ա. Մութալիբովը «Նեզավիսիմայա Գազետա» թերթում 1992թ-ի ապրիլի 2-ին լույս տեսած հարցարույցի ժամանակ: Չինգիզ Մուստաֆաեւը մահացել է Աղդամի եւ Խոջալուի իրադարձություններից 6 ամիս անց` անհայտ պայմաններում: Լրագրող Դանա Մազալովան համոզված է, որ այն կադրերը, որոնք այսօր Ադրբեջանը ներկայացնում է որպես Չինգիզ Մուստաֆաեւի կադրեր, որոնք նաեւ տարածվում են ԶԼՄ-ներով եւ տեղադրվում ինտերնետայի կայքերում, Չինգիզ Մուստաֆաեւի կադրերը չեն: «Այդ բոլոր մարդիկ հագուստներով էին Չինգիզի նկարահանումներում, իսկ ադրբեջանցիներն ամեն տեղ ցույց են տալիս մերկ աղջիկների, երեխաների: Այդ նկարները եւ մարդիկ, որ ներկայացնում են ադրբեջանցիները` որպես խոջալուցիների, այն կադրերը չեն, որոնք նկարել է Չինգիզը: Իսկ մեկ այլ անձ այդ կադրերը չի նկարահանել, ուրեմն դրանք կեղծված են»,- համոզված է Դանան: Չինգիզ Մուստաֆաեւի հետ Դանան ծանոթացել է Ստեփակերտում, երբ Ն. Նազարբաեւի հետ այցելել են տարածաշրջան` Բաքու, Ղարաբաղ, Երեւան եւ այլն: Չինգիզի սպանությունից հետո Դանա Մազալովան լրագրողական մրցանակ է ստացել` Ղարաբաղից եւ Ղարաբաղի մասին օբյեկտիվ ռեպորտաժներ պատրաստելու համար: Մրցանակը կոչվում է  «3 333 կրոն», իսկ գումարը այն տարիներին համարժեք է եղել 100 դոլարին: Ստացած ողջ գումարը Դանան Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան միջոցով փոխանցել է Չինգիզի որդուն: «Դանա Մազալովան անգին վկա է, անգին ձայն է: Ադրբեջանական կողմում աշխատել է Չինգիզ Մուստաֆաեւը, բայց նա հիմա չկա: Ինչ անում է Դանա Մազալովան, իսկական լրագրողական աշխատանք է: Նա չի ասում, թե ինչ է եղել այն ժամանակ, որովհետեւ նա չգիտի դա եւ չի կարող ճշմարտությունը հաստատել, բայց նա կարող է սուտը հերքել»,- ասում է Դանա Մազալովային արդեն երկար տարիներ ճանաչող քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօերն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter