Գերմանացի ներդրողն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի. գործը մտել է դատարան
Գերմանական «ԻստԻնվեստոր» ներդրումային ընկերությունը դատի է տվել ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին` ընկերությունում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ դեռեւս 2006 թ. մայիսին «ԻստԻնվեստոր» (Ostinvestor - գերմ.) ընկերությունը Հայաստանի ֆոնդային բորսայից գնել էր «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի 1520 բաժնետոմս, որը կազմում էր ընկերության բաժնետոմսերի 3,2%-ը: Այդ ժամանակ «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը» («Արարատ» ԿԳՕԿ) 124 բաժնետեր է ունեցել: Բաժնետոմսերի մոտ 82%-ը պատկանում էր Գ. Ծառուկյանին, 10%-ը` «Մուլտի Գրուպ»-ին (սեփականատեր՝ Գագիկ Ծառուկյան), մոտ 7%-ը վերաբաշխված էր մնացած բաժնետերերի միջեւ, որից ամենամեծ բաժինը` 3.2%-ը, պատկանում էր «ԻստԻնվեստորին»: («Հետքն» այս մասին գրել է իր նախորդ համարներում` «Օտարերկրյա ներդրողը կորցնում է իր բաժնետոմսերը Հայաստանում», հատուկ թողարկում N 2, 2009, «Գերմանացի ներդրողը Հայաստանը ապահով եւ անվտանգ երկիր չի համարում» N 4, հոկտեմբերի 15-21, 2009): 2008 թ. հունիսին «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը «Արարատ» ԿԳՕԿ-ի գլխավոր բաժնետիրոջ` Գագիկ Ծառուկյանի ներկայացուցչի կողմից պահանջ է ստացել` վաճառել բոլոր բաժնետոմսերը: Բայց քանի որ «ԻստԻնվեստորն» այդ բաժնետոմսերի մեջ ներդրել էր իր ներդրողներից ստացած միջոցները, այդ առաջարկն անընդունելի է համարվել, եւ գերմանական ընկերությունը հրաժարվել է վաճառել իր բաժնեմասը: Ի վերջո, «Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետերերի 2008 թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել է համախմբել (կոնսոլիդացնել) «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը` դրանցից ամեն 2363.5 հատը փոխարկելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Եվ քանի որ «ԻստԻնվեստոր» ընկերությանն է պատկանել թվով 1520 բաժնետոմս, իսկ մեկ նոր բաժնետոմսը պետք է հավասար լիներ 2363,5 հատ հնի, ընկերությունը չի կարողացել ձեռք բերել նույնիսկ մեկ բաժնետոմս: Համախմբման արդյունքում «ԻստԻնվեստորի» եւ մյուս մանր բաժնետերերի մոտ առաջացել են կոտորակային բաժնետոմսեր: Նույն արտահերթ ժողովը սահմանել է կոտորակային բաժնետոմսերի հետգնման կարգը: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի հետգնման շուկայական արժեքը «Էն-Աուդիտ» գնահատող ՍՊԸ-ն սահմանել է 28 000 դրամ: Մինչդեռ «ԻստԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: 2009 թ. փետրվարի 12-ին «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում» կատարվել են բաժնետոմսերի հետգնմանը վերաբերող գրանցումներ, եւ «ԻստԻնվեստորի» բաժնետոմսերը հանվել են գրանցումից: Ընկերությունը «ԻստԻնվեստորին» հանել է նաեւ Ռեեստրի գրանցումից: «ԻստԻնվեստորը» «Արարատ» ԿԳՕԿ-ի բաժնետերերի դեմ հայցում 4 պահանջ է ներկայացրել` վերականգնել բաժնետիրոջ իրավունքները, անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը: «Արարատ» ԿԳՕԿ-ի շահերը ներկայացնող փաստաբան Դավիթ Մանթաշյանը «Հետքի» հետ զրույցում բաժնետոմսերի համախմբման որոշումը մեկնաբանելիս նշել է, որ որոշակի դեր է խաղացել համաշխարհային ճգնաժամը, որի պատճառով գործարանը գրեթե պարալիզացված վիճակում է: Փաստաբանը հավաստիացրեց, որ 2008 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից սկսած` իրացումներ գրեթե չկան: «Այս իրավիճակը գործարարին դրդում է ավելի օպտիմալ մտածել, ճկուն քաղաքականություն վարել»,- ասաց փաստաբանը: Նա մատնանշեց, որ այդ «օպտիմալ լուծումը» եղել է հենց բաժնետոմսերի համախմբումը, որն իրենք իրականացրել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքին համապատասխան եւ որեւէ խախտում չեն արել: Մինչդեռ «ԻստԻնվեստոր» ընկերությունը հայցադիմումում հիմնավորում է, որ հոդվածը չի ենթադրում այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում որեւէ բաժնետեր ունենա 1 հատից պակաս լրիվ բաժնետոմս եւ արդյունքում դուրս մնա ընկերությունից: «Օրենսդրի տրամաբանությունը ավելի քան հստակ է. համախմբման արդյունքում պետք է առաջանա առնվազն մեկ բաժնետոմս, այնինչ ընկերության կողմից «ԻստԻնվեստորի» 1520 հատ բաժնետոմսերի խմբավորման արդյունքում որեւէ բաժնետոմս, փաստորեն, չի առաջացել, ինչը, բնականաբար, վկայակոչված իրավանորմի բառացի տեքստին համահունչ չէ, այլեւ հակասում է դրան»,- նշված է հայցադիմումում: Ըստ «ԻստԻնվեստորի»` հակառակ տրամաբանության դեպքում իրավաբանական անձի բաժնետոմսերի առավել մեծ քանակին տիրապետող բաժնետերը կարող է ուղղակի համախմբումը կազմակերպել այնպես, որ բոլոր այն բաժնետերերը, որոնք ունեն ավելի պակաս քանակությամբ բաժնետոմսեր, ուղղակի դուրս մնան ընկերությունից: «Օրենքի որեւէ դրույթ չի նախատեսում բաժնետիրոջ կամքին հակառակ ընկերությունից նրան դուրս թողնելու հնարավորություն»,- հիմնավորում է հայցվորը եւ վկայակոչում ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը,- հոդվածը օրենքով նախատեսված դեպքում թույլ է տալիս անձին զրկել սեփականությունից, սակայն միայն դատական կարգով, մինչդեռ «Արարատ» ԿԳՕԿ-ն, չհանդիսանալով դատարան, զրկել է բաժնետիրոջը բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից»: «ԻստԻնվեստորի» տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հիմնավորմամբ` 1 բաժնետոմսի հետգնման համար «Էն-Աուդիտ» գնահատող ընկերության սահմանած 28 հազար դրամը եւս համարժեք չէ բաժնետոմսերի շուկայական արժեքին: Ստեֆան Լաքսհուբերը պնդում է, որ ընկերության հիմնական միջոցների վերագնահատումը եղել է կամայական, նպատակ է ունեցել անհարկի նվազեցնել սեփական կապիտալը, դրանով իսկ` բաժնետոմսի հետգնման գինը, քանի որ ընկերության միայն Երեւանի Իսակովի 9 հասցեում գտնվող 4,5601 հա հողամասի շուկայական արժեքը կգերազանցի 5մլրդ ՀՀ դրամը: «2008 թվականի հոկտեմբերի 12-ի հաշվեկշռի թիվ 1 ձեւի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ընկերության սեփական կապիտալը տարեսկզբի համեմատ նվազեցվել է մոտ 6.9 մլրդ դրամով: Միայն հիմնական միջոցների մասով մոտ 10 մլն դրամից նվազեցվել է եւ սահմանվել շուրջ 5.3 մլն դրամ: Այս տողի վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարվել է հիմնական միջոցների վերագնահատում` արժեզրկման ձեւով»,- փաստում է «ԻստԻնվեստորը»: Հիշեցնենք նաեւ, որ խոշոր հարկատուների ցուցակի վերջին 4 տարվա ցուցանիշները եւս այլ պատկեր են ցույց տալիս: 2006 թ. Երեւանի «Արարատ գինու-կոնյակի-օղու կոմբինատը» խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 166-րդ տեղը, 2007-ին՝ 139-րդ, իսկ 2008 թ. գրեթե կրկնակի աճ է ապահովել եւ հայտվել 70-րդ հորիզոնականում` վճարելով 1.119.979.2 դրամ հարկ: «Ես երկար ժամանակ է սպասում էի եւ հույս ունեի, թե ինչ-որ մեկը կարող է լուծել այս խնդիրը բիզնես կամ դիվանագիտական ճանապարհով, բայց քանի որ մենք չստացանք որեւէ արձագանք, որեւէ պատասխան, ես մեծապես համոզված եմ, որ հայկական դատարանում եւս որեւէ շանս չունենք: Այնպես որ, մենք բոլոր ճանապարհներով կանցնենք, որպեսզի գործը հասցնենք Եվրադատարան: Մեր հիմնադրամի համար սա փոքր ներդրում է, բայց սկզբունքի հարց է` կստանա՞մ այս երկրում իրավական պաշտպանություն, թե՞ ոչ»,- «Հետքի» հետ զրույցում նշել է Ստեֆան Լաքսհուբերը: Հունվարի 29-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «ԻստԻնվեստորի» հայցի քննության առաջին դատական նիստը: Այն հետաձգվեց պատասխանող կողմի, այսինքն՝ «Արարատ» ԿԳՕԿ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով։ Նիստը նշանակվեց փետրվարի 12-ին։
Մեկնաբանել