
«2009 թվականը լի էր փորձություններով ու դժվարություններով, և մեր երիտասարդ պետությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք նման ծանր արհավիրքներ հաղթահարել»,- այսօր կառավարությունում կայացած ամփոփիչ ասուլիսին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չէր կարող շրջանցել նաև Հայաստանը, և բացահայտել է տնտեսության թույլ կողմերը:
«Կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունը արդյոք ուներ այլընտրանք,- հարցրեց վարչապետը և ինքն էլ պատասխանեց հարցին,- իհարկե, մենք զերծ չէինք բազմաթիվ քննադատություններից, բայց համագործակցությունը միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ցույց են տալիս, որ մենք ընտրել էինք արդյունավետ և ճիշտ ռազմավարություն»: Ըստ վարչապետի` ծախսերի կտրուկ ավելացումը հակաճգնաժամային ծրագրի կարևոր ռազմավարությունն էր, ինչի արդյունքում 2009թ-ի ընթացքում պետությունը ծախսել է շուրջ 900 մլրդ դրամ` 2008թ-ի 810 մլրդ-ի փոխարեն, այն պայմաններում, երբ 2008թ-ին տնտեսական աճ էր գրանցվել, իսկ 2009թ-ին` ավելի քան 15 % անկում:
«Ծախսերի ավելացումը խթանեց տնտեսության որոշ ոլորտների զարգացումը, ավելացրեց մեր քաղաքացիների դիմադրողականությունը»,-ասաց վարչապետը` հիմնավորելով, որ այս տարի 16 %-ով ավելացրել են թոշակները, 11 %-ով` աշխատավարձերը` ոչ միայն պետական, այլ մասնավոր հատվածում: Ստեղծել է ավելի քան 3 000 աշխատատեղ, աղետի գոտում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնք շարունակվելու են հաջորդ երկու տարիներին: Կառուցվել է 415 կմ ճանապարհ` և գյուղական և հանրապետական նշանակության, ինչի արդյունքում միայն այս ոլորտում 1000-ից ավելի աշխատատեղեր են ստեղծվել:
Ոռոգման համակարգում 300 կմ ջրամատակարարման խողովակներ են կառուցվել: 2010-ին նախատեսվում է կառուցել ավելի քան 500 կմ ջրագիծ:
2009թ-ին գրացնվել է 8 000 գործազուրկների ավելացում: Տնտեսական անկման առյուծի բաժինը շինարարության ոլորտից էր` մոտ 40 %, որոնք իրականացվում էին մասնավոր ներդրումների հաշվին` ՌԴ-ից կամ ԱՄՆ-ից: «Հայաստանի տնտեսությունը դեռևս խոցելի է, և կան անելիքներ»,- եզրակացրեց Տիգրան Սարգսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել