HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու ծրագիրն ամբողջությամբ ձախողվել է

i-zaqaryan_23.09.092008-2009թթ-ի ընթացքում առանց ծնողների կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների բնակարանների համար նախատեսված ծրագիրը տապալվել է: Գումարները ետ են գնացել բյուջե, և ծրագիրը 100 տոկոսով ձախողվել է: Այսօր այս մասին ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում հայտարարեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեից հատակցումներն ուսումանսիրելիս` ՎՊ-ն մի շարք խախտումներ է արձանագրել: Մանկատան շրջանավարտների բնակարան ձեռք բերելու ծրագրի համար 2008թ-ին պետական բյուջեից նախատեսված էր 285 մլն դրամ: 2009թ-ին նախատեսված էր` 309 մլն դրամ: Առանց ծնողական խնամքի մնացած` երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար 2008թ-ին հատկացված էր 124 մլն դրամ, նույնքան էլ` 2009-ին: «Այս երկու ծրագրերն էլ չի կատարվել, և համարում ենք այս ծրագրերը ձախողված այն պարզ պատճառով, որ պետական բյուջեից նախարարությանն այս գումարները ընդհանրապես չի հատկացվել, որի արդյունքում բնակարաններ, բնականաբար, չեն գնվել»,- ասաց Իշխան Զաքարյանը: Երկու տարի առաջ ևս այս ծրագիրն ուսումնասիրվել է, մասնավորապես «Սոկոլ գրուպ» և «Արիաց գրուպ» կազմակերպությունները: Այն ժամանակ էլ ՎՊ-ն, ինչպես բնութագրեց Իշխան Զաքարյանը, խայտառակ փաստեր էր հայտնաբերել: Պարզվել է, որ երեք տարիների ընթացքում` մինչև 2008թ-ը ձեռք է բերվել ընդամենը 40 բնակարան: Վերահսկիչ պալատը նպատակահարմար է գտել, որպեսզի այդ ծրագրերը ևս մեկ անգամ ուսումնասիրվեն: Այն ժամանակ պատժվել են որոշ պաշտոնատար անձինք, երկու քրեական գործ է հարուցվել, 100-ավոր մլն դրամներ վերադարձվել են պետական բյուջե: Իշխան Զաքարյանն այս ծրագիրը բնութագրեց ամենավատերից մեկը, որովհետև թե առաջին ուսումնասիրությունների ընթացքում, թե այժմ ոչ մի լավ բան չեն տեսել: Ավելին, 2009թ-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում մանկատների շրջանավարտների թիվը կազմել է 507: 322-ը հաշվառվել են որպես բնակկարիքավորներ, ընդգրկված են եղել շահառուների ցուցակում, սակայն նրանցից բնակարան է ստացել ընդամենը 153-ը: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ առաջնահերթ բնակկարիքավոր մանկատների սաներից 209-ը անօթևան են, որից 100-ը դեռ շարունակում են բնակվել մանկատներում, թեև վաղուց արդեն չափահաս են և դուրս են գրվել մանկատներից, 40-ը բնակվում են ՀԿ-ների նախաձեռնությամբ գործող ապաստարաններում կամ ժամանակավոր կացարաններում, իսկ 69-ը բնակվում են պատահական վայրերում: Օրինակ` 20 շրջանավարտներ բնակվում են այնտեղ, որտեղ պատահի, աշխատում են այս կամ այն շինարարական ծրագրերում, և եթե նրանց տեղ են տալիս այդ տարածքներում, ապա մնում են: «Այդ երեխաներին Երևան քաղաքում ինչ-որ բնակարան են տալիս, այն էլ Աստված գիտի ինչ բնակարաններ: Այդ բնակարանները գնում են 6,7 մլն դրամով, ես առաջարկել եմ, որ մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովեն գյուղական վայրերում»,- նշեց ՎՊ նախագահը: Այդ բնակարանները, ըստ նրա, կարելի է գնել շատ ավելի էժան, դրա դիմաց նաև հողամաս և որոշակի խնդիրներով ապահովել, որպեսզի երեխաները ինտեգրվեն համայնքին և ապրեն, իսկ 15-րդ թաղամասի բարձրահարկ շենքերում բնակարան տալը չի կարող լուծել նրանց հետագա ապրուստի և   աշխատանքի հարցերը: Վերահսկիչ պալատի նիստին ներկա էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մխիթար Մնացականյանը: Իշխան Զաքարյանը այս ծրագրի տապալումը բնավ չկապեց նոր նախարարի հետ, այլ նշեց, որ շատ կարճ ժամանակում նոր նախարարը այս խնդիրները կարգավորելու է: «Այս ծրագիրը մշտապես լինելու է Վերահսկիչ պալատի ուսումնասիրության կետրոնում»,- նշեց Իշխան Զաքարյանը և խոստացավ, որ մինչև վերջ հետամուտ են լինելու այս ծրագրի կարգավորմանը: Նորանշանակ նախարարը, «Հետքի» հարցին, թե ինչպես է կարգավորվելու այս խնդիրը, դժվարացավ պատասխանել, և ինչպես մեկնաբանեց, դեռևս ծանոթանում է նախարարության և իր գործառույթների հետ: «Կանենք ամեն ինչ, որ ոչինչ չփոշինանա»: Ովքեր են պատժվելու կամ կլինեն արդյոք աշխատանքից հեռացվող պաշտոնյաներ` հարցին նախարարը ևս խուսափեց պատասխանել. «Անբարեխիղճները պետք է չաշխատեն»: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում պետական բյուջեի հատկացումների վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատը տարբեր ծրագրերի վերահսկողության ընթացքում հայտնաբերել է մոտ 12.5 մլն դրամի խախտում, որից 8 մլնից ավելին փոխանցվել է պետբյուջե, մոտ 2.4 մլն դրամը վերականգնվել է լրացուցիչ կատարողական ակտերով: Այսօրվա դրությամբ դեռևս չի վերականգնվել 1.3 մլն դրամ: Այս գումարն էլ, ըստ ժամանակացույցի, մինչև դեկտեմբերի վերջ պետք է փոխանցեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter