Հղի կինը սպանե՞լ է հղի կնոջը
2 տարեկան Սյուզաննան ծնվել եւ մեծանում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան ժամանակ առ ժամանակ հայրը տուն է տանում, սակայն Սյուզին դեռ կմնա բանտում այնքան ժամանակ, մինչեւ նրա մորը` Բելլա Մնացականյանին, արդարացնեն կամ մեղմեն պատիժը: Իսկ Բելլայի ավագ որդին` 7-ամյա Սամվելը, զուրկ է մոր հոգատարությունից, մեծանում է հոր եւ տատիկի խնամակալության ներքո:
«Ես միայն խնդրում եմ` արդար դատավճիռ կայացրեք, մի զրկեք երեխաներին մոր խնամքից, մի դատեք անմեղ մարդուն, ինձ էլ դատեք իմ արարքի համեմատ»,-Վերաքննիչ դատարանում իր վերջին խոսքը եզրափակեց Բելլա Մնացականյանը: 25-ամյա Բելլային Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 11 տարի ազատազրկման` 2007թ-ի մայիսի 12-ին Նոր Նորքի 9-րդ զանգվածի իր հարեւանուհու` 1988թ.-ի ծնված, հղի Մերի Մաթեւոսյանի սպանության եւ խմբի կողմից եւ ուրիշի գույքին զգալի չափի գաղտնի հափշտակության համար (ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 7-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի առաջին մասով): Նրա հետ միասին 12 տարի ազատազրկման է դատապարտվել Գուրգեն Գեւորգյանը` ամուսնու եղբայրը: Սակայն երկուսն էլ պնդում են, որ իրենք չեն կատարել այդ սպանությունը: Բելլա Մնացականյանը 2002թ.-ին ամուսնացել է եւ ամուսնու ու նրա եղբոր հետ բնակվել է Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի 81 բնակարանում: Սպանվածը` Մերին ամուսնացել եւ բնակություն է հաստատել Մնացականյանների հարեւանությամբ: Բելլան եւ Մերին պահպանել են բարիդրացիական հարաբերություններ: Ժամանակ առ ժամանակ սուրճ են խմել միասին, զրուցել: Սպանության օրը, սովորականի պես, առավոտյան Մերին զանգահարել եւ Բելլային հրավիրել է իրենց բնակարան` սուրճ խմելու: Բելլան գնացել է: Ըստ մեղադրական եզրակացության` Բելլան Մերիի հետ առանձնազրույցներում պատմել է իր անձնական, ներընտանեկան, նաեւ արտաամուսնական ինտիմ կյանքի մանրամասներն ու գաղտնիքները, իսկ երբ դրանց ընկալման ու գնահատման հարցերում իր եւ Մերիի միջեւ առաջացել են տարաձայնություններ, եւ Մերին իբեւ թե սպառնացել է բարձրաձայնել այդ գաղտնիքների մասին, Բելլան չարությամբ ու ատելությամբ է լցվել Մերիի նկատմամբ: Այդ օրն էլ հերթական առանձնազրույցից վրդովված, նախապես տեղյակ լինելով, որ Մերին հղի է, Բելլան որոշել է սպանել նրան: Վերադարձել է տուն, վերցրել խոհանոցային դանակը, ետ եկել ու թիկունքից դանակով երկու հարված հասցրել Մերիի կրծքավանդակի հետին մասին, երբ նա Բելլայի խնդրանքով գնացել է խոհանոցից ջուր բերելու: Այնուհետեւ անզգայացած Մերիին թողնելով խոհանոցի հատակին` այդ մասին տեղյակ է պահել իրենց տանը գտնվող ամուսնու եղբորը` Գուրգենին: Նրա հետ վերադարձել են Մերրի մոտ: Նկատելով դեպի պատշգամբ սողացող եւ օգնության ճիչեր արձակող Մերիին, նրան կյանքից զրկելու միասնական դիտավորւթյամբ Գուրգենը ալյումինե թավայով հարվածել է Մերրի գլխին: Գուրգենը Մերիին քարշ է տվել խոհանոց եւ դանակով մի քանի հարված էլ հասցրել Մերիի կրծքավանդակին եւ անզգա ու շոկային վիճակում գտնվող Մերիին տեղափոխել հյուրասենյակ, որտեղ Բելլան սպանության դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Մերիի պարանոցին եւ մի քանի անգամ կրծքավանդակին: Իսկ սպանությունը քողարկելու նպատակով պահոցից դուրս է բերել բնակարանի երեք ննջասենյակների իրերը` այդ կերպ ստեղծելով այլ անձի կողմից իբրեւ հափշտակության նպատակով սպանությանը զուգորդված տեսարանը: Այդ ընթացքում կենդանության նշաններ ցույց տվող Մերիի կողմից տեղաշարժվելու փորձերը եւս կասեցվել են կրծքավանդակին դանակի մի քանի հարվածներով: Մերի Մաթեւոսյանին գտել են ձեռքերը, բերանը եւ ոտքերը կապած վիճակում: Սպանության դեպքի վայրից հեռանալիս Բելլան դիակի մատից հանել է Մերիի նշանադրության մատանին, ոսկյա ականջօղերը, որոնք նույն օրը Բելլան վաճառել է «Պալաս» առեւտրի տանը: 12 տարի ազատազրկման դատապարտված Գուրգեն Գեւորգյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Նա թե նախաքննական մարմնին, թե դատարանում տված ցուցմունքներում նշել է, որ այդ օրն ինքը ուշ է արթնացել, տեսել է փոքրիկ Սամվելին` հեռուստացույց դիտելիս, հետո զգացել է Բելլայի տուն մտնելը, հետո` տանից դուրս գալը, սակայն ինքը նույնիսկ տեղյակ չի եղել սպանության մասին մինչեւ երեկո, երբ լսել է Մերիի սկեսրոջ աղաղակներն ու մտել նրանց տուն, տեսել Մերրի դիակը: Գուրգենի դատապաշտպան Սամվել Միրզոյանն ասում է, որ Գուրգենի մեղքը ապացուցված չէ, այլ դատարանն ընդամենը հիմք է ընդունել Բելլայի իբրեւ թե խոստովանական ցուցմունքները, որը նրանից տարբեր միջոցներով ու մեթոդներով կորզել են քննիչներ Մ. Ենգիբարյանն ու Կ. Հովհաննիսյանը: Բելլան դատարանում խոստովանեց, որ քննիչներն իրեն սպառնացել են, տարբեր մեթոդներ են կիրառել, ասել են, որ եթե ինքը Գուրգենի դեմ ցուցմունք տա, իրեն բաց կթողնեն եւ կկարողանա իր երեխաներին ինքը դաստիարակել: Ինքն էլ տվել է այդ ցուցմունքները: Բելլայի փաստաբան Վ. Սաֆարյանն էլ պնդում է, որ Բելլային հարցաքննել են առանց պաշտպանի բազմիցս եւ երկար ժամանակներով: Ինքը դրան պատահաբար է մեկ անգամ ականատես եղել: Բելլան խոստովանել է, որ զրպարտել է իր ամուսնու եղբորը, եւ նա մեղավոր չէ սպանության մեջ: «Քննիչ Մ. Ենգիբարյանն առանց պաշտպանի մոտավորապես 1 ժամ տեւողությամբ եղել է իմ մոտ եւ համոզել, որ ցուցմունք տամ այն մասին, իրբ ես ու տեգրս` Գուրգենն ենք կատարել այդ հանցագործությունը ու դրա փոխարեն կմեղմացնի իմ վիճակը,- գրել է Բելլան Վերաքննիչ բողոքում,- քննիչ Կ. Հովհաննիսյանը ինձ մարտի 23-ին տեղափոխել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՁԱՊՎ, որտեղ լույս 24-ի գիշերը իմ նկատմամբ կիրառել է հոգեբանական ճնշում ու ստիպել ցուցմունք գրել, որ ես ու տեգրս ենք սպանություն կատարել: Քննիչն իմ մոտ է եկել առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու ու ստիպել է նաեւ, որ հրաժարվեմ իմ պաշտպանից: Չդիմանալով քննիչի ճնշմանը, կիսաարթուն վիճակում ես հարկադրված գրել եմ քննիչի կողմից պահանջված ցուցմունքը` նպատակ ունենալով շուտափույթ ազատվել այդ մղձավանջից»: Սակայն դատարանը հաշվի չի առել Բելլայի խոստովանությունը եւ նրա հարկադրաբար տված ցուցմունքների հիման վրա դատապարտել է Գուրգեն Գեւրոգյանին: Փորձաքննությունը պարզել է, որ սպանվածը` Մերին, 8 շաբաթական հղի է եղել, սակայն երեխայի հայրը ոչ թե Մերիի օրինական ամուսինն է, այլ մեկ ուրիշը: Երեխայի հոր իքնությունն այդպես էլ չի պարզվել: Սպանվածի բնակարանում չեն հայտնաբերվել Գուրգենի մատնահետքերը: Փոխարենը եղել են մատնահետքեր, որոնք այդպես էլ չի պարզվել, թե ում են պատկանում: Թե ինչ է իրականում կատարվել, Բելլան հետո պատմել է իր սկեսրոջը` տիկին Նազիկին: Բելլան պատմել է, որ երբ ինքն այդ օրը գնացել է Մերիի կանչով սուրճ խմելու, այնտեղ է եղել ոմն Գեւորգը: Գեւորիգին Բելլան նախկինում էլ է տեսել Մերիենց տանը, սակայն Մերին ներկայացրել է նրան որպես իր հորեղբոր որդուն: Մերին խոստովանել է, որ երեխայի հայրը հենց Գեւորգն է: Բելլայի ներկայությամբ Մերիի ու ոմն Գեւորգի միջեւ երեխայի խնամքի եւ հետագա կյանքի վերաբերյալ վեճ է ծագել: Վիճաբանությունը վերաճել է բռնության, եւ Բելլան ակամայից ներկա է գտնվել ոմն Գեւորգի կողմից Մերիի սպանությանը: Բելլայի խոսքերով` Գեւորգը սպառնալիքներով ստիպել է Բելլային օգնել իրեն, կապել ձեռքերը, Բելլայի ձեռքը բռնելով հարվածել է Մերիին, այնուհետեւ Մերիի ոսկիները լցրել է Բելլայի բուռը եւ սպառնացել վաճառել ու փողն էլ հետո իրեն տալ: «Ես ցուցմունք եմ տվել, որ սպանությունը կատարել է այդ Գեւորգը ու նկարագրել եմ նրա արտաքին տեսքը, որի վերաբերյալ կազմվել է ֆոտո-նկար: Ես տուժողին չեմ հարվածել դանակով, այլ ցանկացել եմ նրան օգնել, սակայն դանակի հարված եմ ստացել ոտքիս, ես գողություն չեմ կատարել, այլ այդ ոսկեղենը Գեւորգն է ստիպողաբար իմ շորերի մեջ գցել: Դեպքի վայրում ես ինչ գործողություններ որ կատարել եմ, ապա դա կատարվել է Գեւորգի կողմից ինձ սպառնալու ու ահաբեկելու պայմաններում, որի պատճառով վախի, սպառնալիքի ազդեցության տակ գտնվելով չեմ կողմնորոշվել ու գիտակցել իմ կողմից կատարվող արարքների վտանգավոր բնույթը»,-գրել է Բելլան: «Բելլան չէր կարող սպանել Մերիին: Սպանության նկարագրությունը եւ դաժանությունը, Բելլան յոթամսական հղի վիճակում չէր կարող անել, դա անհնար է,-ասում է Բելլայի դատապաշտպան Վ. Սաֆարյանը,-ինչով է Բելլան սպանել Մերիին, ոգրն է դրդապատճառը, ինչու նախաքննական մարմինը չի փորձել գտնել այդ ոմն Գեւորգին, գործում կան բազմաթիվ ինչու-ներ, որոնց պատասխանն այպես էլ չի տրվել»: Դատական նիստերին չեն մասնակցում Մերիի ամուսնու ընտանիքից եւ ոչ մեկը: Որպես տուժողի իրավահաջորդ ընդգրկված է Մերիի հայրը` Արամայիս Մաթեւոսյանը: «Հետքի» հետ զրույցում Արամայիս Մաթեւոսյանը նշեց, որ ինքն ուզում է իմանալ ճշմարտությունը, թե, ի վերջո, ինչի համար եւ ով է սպանել իր դստերը. «Եթե Բելլան չի սպանել, ուրեմն մեկն է, որին Բելլան չի ուզում նշել: Եթե ուրիշ չկա, ուրմեն ինքն ինչու՞ է սպանել»,-հարցնում է հայրը: Վերաքննիչ դատարանում գործը քննվեց ըստ էության: Պաշտպանական կողմը ներկայացրեց ոմն Գեւորգի լուսանկարը, որի բարեկամուհուն կարողացել էին գտնել, եւ դատարանին միջնորդեց բերման ենթարկել նրան ու հարցաքննել: Սակայն դատարանը բարեկամուհուն հարցաքննելուց բացի դատարան չկանչեց եւ չհարցաքննեց լուսանկարում պատկերված անձնավորությանը, եւ այդպես չպարզաբանվեց, թե լուսանկարում պատկերված անձը արդյոք նույն Գեւորգն էր: Բելլան դատարանին խնդրեց արդարացնել իր ամուսնու եղբորը, քանի որ նա մեղավոր չէ եւ խնդրեց մեղմացնել իր պատիժը, քանի որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում այն բանի համար, որ դեպքի վայրից հեռանալուց հետո, լինելով վախի ազդեցության տակ, չի հասկացել ու գիտակցել, որ այդ մասին պետք է տեղյակ պահել ոստիկանությանը: «Մի դատեք անմեղ մարդուն: Անմեղ մարդուն դատելը մեծ մեղք է, մի վերցրեք Ձեր վրա այդ մեղքը եւ մի խորտակեք անմեղ մարդու կյանքը»,-խլացած ձայնով Գուրգենը դատարանին խնդրեց արդարացնել իրեն: Իսկ նախորդ շաբաթ կայացրած որոշմամբ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց ստորադաս ատյանի դատավճիռը: Գուրգենի մայրը եւ եղբայրը համոզված են, որ քանի որ Մերիի սպանությունը պատգամավորական ընտրությունների օրն էր տեղի ունեցել` 2007թ-ի մայիսի 12-ին, նախաքննական մարմինը պետք է արագ բացահայտեր գործը, որպեսզի այլ կասկածներ չծնվեին: Իսկ դրա համար ամենահարմար թեկնածուներ հանդիսացել են Բելլան եւ Գուրգենը: «Նախաքննական մարմինը մատը մատին չի խփել` ճշմարտությունը բացահայտելու համար, մենք իրենց տեղը ընկած ոմն Գեւորգին ենք ման գալիս»,-ասում է տիկին Նազիկը: Նա բազմիցս դիմել է թե գլխավոր դատախազին, թե արդարադատության նախարարին, թե Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն այդպես էլ որեւէ դրական պատասխան չի ստացել: Գուրգենի եւ Բելլայի հարազատները մտադիր են բողոքարկել նաեւ այս որոշումը: Նրանք, ըստ ընթացակարգի, դիմելու են Վճռաբեկ դատարան:
Մեկնաբանել