HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Սեֆիլյանին մեկ ագամ էլ մերժեն, դատարանում կվիճարկեն նախագահի մերժման հրամանագիրը

j-sefilyan_23.09.09Եթե Ժիրայր Սեֆիլյանին մեկ անգամ էլ մերժեն`շնորհել ՀՀ քաղաքացիություն, նրա քաղաքացիության հարցերով զբաղվող պաշտպանության խումբը կդիմի դատարան: Պատասխանելով «Հետքի» հարցին, թե ինչ են նախաձեռնելու, եթե Սեֆիլյանին անընդհատ մերժեն, այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը պատասխանեց, որ դատական կարգով վիճարկելու են նախագահ Սերժ Սարգսյանի` քաղաքացիություն շնորհելու մերժման հրամանագիրը: Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիության իրավունքի  պաշտպանության կոմիտեի համակարգող, ազատամարտիկ Աղավնի Սահակյանը նշեց, որ նրա քաղաքացիության հարցը միշտ էլ արծարծվելու է, և «պայքար, պայքար է լինելու ոչ թե մինչև վերջ, այլ մինչև հաղթանակ»: 2004թ-ից Ժիրայր Սեֆիլյանը արդեն 4 անգամ  դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն անընդհատ մերժել են` առանց հիմնավորման: Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ նրան նույնիսկ մերժել են ժամանակավոր կացության վկայական տրամադրել: Փաստորեն, Ժիրայր Սեֆիլյանն այժմ Հայաստանում բնակվում է ոչ օրինական հիմունքներով: Նրան չեն վտարում, քանի որ ունի անչափահաս երեխաներ, որոնք ծնվել են Հայաստանի Հանրապետությունում: Աղավնի Սահակյանի և Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի հանդիպման ժամանակ, վերջինս բանավոր նշել է, որ մերժման հիմնավորումները պետական գաղտնիք է և ենթակա չէ հրապարակման: Մինչդեռ փաստաբան Շուշանյանի դիտարկմամբ, դա մարդու` իր անձի վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանափակում է: Պաշտպանության կոմիտեն գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը օմբուդսմենին հայտնել է, որ «Սեֆիլյանի կացության ժամանակավոր կարգավիճակ տալու դիմումը մերժվել է ԱԱԾ- ի բացասական կարծիքի հիման վրա»: Իսկ մերժման հիմք հանդիսացող փաստաթուղթը կամ պատճենը չեն տրամադրել ՄԻ պաշտպանին, «քանի որ այն համարվում է ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթուղթ» ՄԻ պաշտպանի ԱԱԾ տնօրենին ուղղված դիմումի պատասխանում ասվում է, որ 2006թ.-ի դեկտեմբերի 10-ին ՀՀ պետական կարգը  բռնի կերպով տապալելուն ուղղված կոչերը և հայտարարությունները, ինչպես նաև դրանց իրականացման ուղղությամբ կոնկրետ գործողություններ և նախապատրաստական ծավալուն գործունեություն կազմակերպելու փաստով Սեֆիլյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ ՀՀ ԱԱԾ քննչական վրաչության կողմից  հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ազատազրկման է դատապարտել ժ. Սեֆիլյանին 1 տարի 6 ամիս ժամկետով: Ելնելով վերոնշյալից և «Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան դրույթից, ըստ որի` օտարերկրացուն կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին լուրջ և հիմնավորված սպառնալիքներ, և Սեֆիլյանին ՀՀ կացության կարգավիճակ տրամադրելը մերժվել է: Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության կոմիտեն դիմել է տարբեր կազմակերպությունների ու անհատների: Սփյուռքի նախարարությունը ևս պատասխանել է, որ իրենց իրավասությունների շրջանակներում չէ լուծել Սեֆիլյանի քաղաքացիության հարցը: Դիմել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Շուշի եք վերակառուցում, հիմնադրամ եք բացել, բայց Շուշին ազատագրող Սեֆիլյանին չես տալիս քաղաքացիություն, որը ինքը պետք է իրավունք ունենար գար և բնակեցներ շուշին, ոչ թե  դատարակ Շուշիի համար հազարավոր դոլարներ ուղղակի մուրում եք, ինչի համար, ով է ապրելու»,- ասաց Աղավնի Սահակյանը:  Հիմնադրամից պաշտպանության կոմիտեն ակնակալում է բարոյական աջակցություն: Պաշտպանության կոմիտեի անդամ Գրիզելդա Ղազարյանն ասում է, որ քանի դեռ իրենք իրավական ճանապարհով չեն կարողանում աջակցություն ստանալ, դիմում են մարդկանց և կազմակերպությունների, որ բարոյական աջակցություն ստանան: Այդուհանդերձ, մերժման մեկ տարին լրանալուց հետո մեկ անգամ ևս Ժիրայր Սեֆիլյանը կդիմի քաղաքացիություն ստանալու համար, եթե մերժեն` արդեն կդիմեն դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter