HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արշակ Բանուչյանն իրեն մեղավոր չի ճանաչում

a-banuchyan_7.12.09Մատենադարանի արդեն նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործով այսօր դատական վերջին նիստն էր: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր պաշտպանական ճառով դատարանին միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալ Արշակ Բանուչյանին, քանի որ նրա գործողություններում որևէ հանցանք չկա: Արշակ Բանուչյանը մեղադրվում է խոշոր չափով յուրացման կամ վատնման, ինչպես նաև հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ:  Ըստ մեղադրանքի` լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Արշակ Բանուչյանը  վատնել է այդ հիմնադրամիի նպատակների և խնդիրների համար տրամադրված գումարը, ինչպես նաև չի հրատարակել Մատենադարանի հիմնադրման 1600-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ հանդեսը: Բացի այդ, Արշակ Բանուչյանը մեղադրվում է նաև «Մագաղաթ» հրատարակչության ՍՊԸ-ի միջոցով, որի սեփականատերն ինքն է,  2005-2006թթ ընթացքում առանց հաշվապահական փաստաթղթերի և շահույթ ստանալու նպատակով ձեռք բերած 5000 բուկլետը և 71 հազար բացիկը  իր երկու աշխատակիցներին վաճառել հանձնարարելու մեջ: Մեղադրողը 4,5 տարի ազատազրկում է պահանջել Արշակ Բանուչյանի համար: Արդեն 1 տարի է` Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մատենադարանի արդեն նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի գործը: Մինչ դատավարություններն ընթանում էին, նրան փոխտնօրենի պաշտոնից տեղափոխեցին մեկ այլ պաշտոնի` Հնագրագիտության բաժնի վարիչ: Արշակ Բանուչյանը այս քրեական գործը այսօրվա իր վերջին խոսքում որակեց որպես քաղաքական հետապնդում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրների նկատմամբ: Իսկ որ գործը սարքած է, որպես դրվագ մեջբերեց իր և Օպերատիվ հետախուզական վարչության աշխատակիցներից մեկի հետ զրույցը: Աշխատակիցը Բանուչյանին ցույց է տվել Մատենադարանի նվիրատուների ցանկը և մատնանշել, որ այնտեղ 7000-ից ավելի նվիրատուներ կան և հարցրել է, թե ուր են նրանց նվիրած փողերը: Հետո մատը դրել է պատահական մի տողի և շարունակել` «Թումանյան Հովհաննես, 1922թ., Երևան: Ինչքան փող է տվել»: Բանուչյանը պատասխանել է, որ դա բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է, ով Մատենադարանին ձեռագիր է նվիրել: Աշխատակիցը արձագանքել է, որ դա պարզապես Թումանյան Հովհաննեսի ծննդյան թիվն է: «Լեգենդի այս փուչիկը պայթում է, երբ ես խորհուրդ եմ տալիս նրան կարդալ ցանկի վերջում գրված ծանոթությունը, որտեղ գրված է, որ ցանկում արտահայտված է միայն Մատենադարանի ձեռագրատուն մուտք գործած նվիրատուների անունները` 1795 թ-ից: Չլիներ այս բացատրությունը, ես պատասխան պետք է տայի 1795 թ-ից առ այսօր Մատենադարանի հարկային պարտավորությունների համար: Սա է այս մարդկանց գրագիտության աստիճանը»,-իր վերջիմն խոսքում մեջբերեց Արշակ Բանուչյանը: Նա հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և կրկնեց, որ իրեն ներկայացրած սույն քրեական գործը համարում է քաղաքական հայացքների համար հետապնդում: Ա. Բանուչյանը դատավոր Գագիկ Պողոսյանին կոչ արեց դատավճիռ կայացնել ՀՀ-ի անունից և ի շահ Հայաստանի Հանրապետության. «Չեմ կասկածում Ձեր մասնագիտական կարողություններին, բայց ուզում եմ, որ Ձեր մեջ կամք և համարձակություն գտնեք և վճիռը կայացնեք հանուն արդարության և Ձեր հոգու խաղաղության»: Դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter