HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

12 տարի ազատազրկում` 47 մարդու խաբելու եւ գույքին տիրանալու համար

07_12-a_ter-hovsepyan«Անշարժ գույքի գրավի դիմաց կօգնեմ վերցնել վարկ»,- «Գինդ» շաբաթաթերթում տպագրված այս բովանդակությամբ հայտարարությանը զոհ է դարձել 47 անձ: Արաքսյա Տեր-Հովսեփյանը պատմում է, որ իրեն շտապ հարկավոր է եղել 8 մլն դրամ: Նա 2008 թ.-ի հունիսին դիմել է հայտարարության հեռախոսահամարով` ոմն Արթուրի: Վերջինի միջոցով տիկին Արաքսյան «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ` Արսեն Բաղրամյանի հետ համաձայնության է եկել 3% տոկոսադրույքով 6 մլն դրամ ստանալ` գրավ դնելով Սարի-Թաղ 12 փողոց, տուն 11 հասցեում գտնվող, տիկին Արաքսյայի որդուն` Բաբկեն Մելքոնյանին պատկանող տունն ու հողամասը: Հայտարարության մեջ նշված անձը` ոմն Արթուրը, ուղեկցել է Արաքսյա Տեր-Հովսեփյանին եւ նրա որդուն` Բաբկենին նոտարական գրասենյակ, որպեսզի այդ գործարքը վավերացնեն: Չնայած նոտարական գրասենյակում հերթ է եղել, բայց Արթուրին հաջողվել է արագ կազմակերպել այդ փաստաթղթի նոտարական վավերացումը: Բաբկեն Մելքոնյանն առանց կարդալու ստորագրել է իրեն մեկնված փաստաթուղթը: Հետագայում պարզվել է, որ այդ փաստաթղթով Բաբկենը ոմն Ռոբերտ Մարտիրոսյանի լիազորել է կարգավորել տան հետ կապված բոլոր հարցերը` գրավ դնել, գրավից հանել տունն ու հողատարածքը, կնքել անշարժ գույքի գրավի, հիպոթեքի վարկային փոխառության պայմանագրերը, կնքել համաձայնագրեր, կատարել փոփոխություններ պայմանագրում, ստանալ գումար, հանդես գալ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, նոտարական գրասենյակում, բանկերում եւ այլն: Բաբկեն Մելքոնյանի փաստաբան Սերգեյ Մկրտչյանը կատակով նշում է, որ Բաբկենն այդ փաստաթղթով «իրենց ողջ կյանքը լիազորել է այդ Ռոբերտին»: Հետագայում լիազորված անձի միջոցով Բաբկենի տունը գրավ է դրվել մեկ այլ գործարքում: Արսեն Բաղրամյանը մեկ ամիս ժամկետով 20 մլն դրամ հիպոթեքային վարկ է վերցնում ոմն Կարեն Հարությունյանից` գրավ դնելով Բաբկեն Մելքոնյանի տունը: Ժամկետի ավարտից հետո գումարը չի վճարվել, եւ Կարեն Հարությունյանը դիմել է դատարան` կամ գումարը, կամ գրավադրված տունը վերցնելու պահանջով: Առաջին ամսվա տոկոսադրույքը վճարելուց հետո տիկին Արաքսյան այլեւս հրաժարվել է տոկոս վճարել` մինչեւ Արսեն Բաղրամյանը չտրամադրի բոլոր փաստաթղթերն ու օրինականացվեն իրենց քայլերը: Տարբեր պատճառաբանություններով Արսեն Բաղրամյանը փաստաթղթերը չի փոխանցել տանտերերին: Եվ հենց Կարեն Հարությունյանի հայցի միջոցով արդեն հայտնի է դարձել, որ այս գործարքները խաբեության շարքից են, երբ հաջորդ ամիս տիկին Արաքսյան ծանուցագիր է ստացել, որ իրենց տունը հանում են աճուրդի: Գործը մտել է դատարան: Առաջին ատյանում Կարեն Հարությունյանի հայցը բավարարվել է, եւ Բաբկենի ընտանիքը կանգնել է անօթեւան մնալու վտանգի առաջ: Բաբկենը վճիռը բողոքարկել է վերադաս ատյանում: Զուգահեռաբար, անցյալ տարվա օգոստոսի 4-ին քրեական գործ է հարուցվել Արսեն Բաղրամյանի նկատմամբ: 2008 թ.-ի նոյեմբերի 6-ից նա կալանավորված է: Մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով: Պարզվել է, որ նա, հանդիսանալով գրավատնային գործունեություն իրականացնող «Ա. Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրենը, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու եւ խարդախությամբ ուրիշների առանձնապես խոշոր չափի գույքին տիրանալու դիտավորությամբ, իր ընկեր Արթուր Ավալյանի եւ ՍՊԸ-ի գանձապահ Սուսաննա Խաչյանի հետ նախնական համաձայնությամբ 2007թ.-ի ապրիլից մինչեւ 2008թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց թույլտվության (լիցենզիայի) իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն եւ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, խաբեությամբ հափշտակել է նրանց առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը: Բացի այդ` կեղծել ու օգտագործել է իրավունք վերապահող փաստաթղթեր, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է պետությանը վճարել իր տնօրինության տակ գործող «Լոլիտա», «Ա. Բաղրամյան», «Արմանե գազպա» ՍՊԸ-ների 2006-2008 թթ. տնտեսական գործունեությունից առաջացած խոշոր չափի հարկերը եւ այլ պարտադիր վճարումները, որի գումարը կազմել է մոտ 6.7 մլն դրամ: Արթուր Ավալյանը գրավատուներին ներկայացրել է Երեւան քաղաքի տարբեր նոտարական գրասենյակներ: Նրանցից իր անվամբ կամ Արսեն Բաղրամյանի եւ այլ անձանց անունով ստացել անշարժ գույքի գրավի կամ վաճառքի լիազորագրեր, որոնց օրինակները սեփականատերերին չեն տրամադրվել, որպեսզի վերջիններս չտեղեկանան, թե ում անուններով եւ ինչ կերպ է տնօրինվում իրենց գույքը: Արսեն Բաղրամյանը այդ գույքը առավել մեծ գումարներով է գրավադրել, իսկ ստացած շահույթները օգտագործել է անձնական նպատակներով: 8 անշարժ գույք` 623 հազար ԱՄՆ դոլար եւ 24 մլն դրամի դիմաց գրավ է դրվել «ԲՏԱ ինվեստ բանկում», 9 անշարժ գույք` 85.6 մլն դրամի դիմաց` «ՎՏԲ Հայաստանում», 2 անշարժ գույք` 19.8 մլն դրամ վարկի դիմաց` «Գառնի ինվեստ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, մոտ 215 մլն դրամի եւ 100 հազար ԱՄՆ դոլարի դիմաց թվով 20 անշարժ գույք` ֆիզիկական անձանց մոտ, որից 6 անշարժ գույք, առանց սեփականատերերի գիտության ու համաձայնության, Արսեն Բաղրամյանը վաճառել է այլ անձանց: Մինչ Արսեն Բաղրամյանը կալանավորված էր եւ նախաքննություն էր ընթանում, տիկին Արաքսյայի եւ Բաբկենի վերաքննիչ բողոքը բավարարվում է. գործը կասեցվում է` մինչեւ Արսեն Բաղրամյանի եւ հանցակիցների նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննության ավարտը: Այս տարվա նոյեմբերին արագացված կարգով քննվեց Արսեն Բաղրամյանի եւ մյուսների գործը: Դատական նիստերին ներկա էին նաեւ գործով տուժողները: Նրանցից մի քանիսի հետ զրուցելուց, ինչպես նաեւ մեղադրականում ու դատավճռում առկա փաստարկներով պարզ դարձավ, որ գրեթե նույնաբնույթ խնդրի առջեւ կանգնած են նաեւ մյուս տուժողները, որոնց մեծ մասը տուն է գրավադրել, ծանր կացության մեջ է հայտնվել եւ այժմ քաղհայցով դիմելու է դատարան: Ամբաստանյալները դատարանում իրենց մեղավոր ճանաչեցին առաջադրված մեղադրանքներում: Դատարանը Արսեն Բաղրամյանին 12 տարվա ազատազրկման դատապարտեց` իր գույքի մեկ երրորդի բռնագրավմամբ (մեղադրվում էր ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178- րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 205 հոդվածի 1-ին մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով): Բավարարվեց նաեւ պետությանը պատճառված վնասի գումարի բռնագանձման հայցը, որով Արսեն Բաղրամյանը դեռ պետությանը պարտք մնաց մոտ 1.8 մլն դրամ, քանի որ ընդհանուր` մոտ 6.7 մլն դրամ գումարից մինչ դատավարության ավարտը մի մասն արդեն վճարել էր: Արսեն Բաղրամյանի համար մեղմացուցիչ հանգամանք դիտարկվեց նրա խնամակալության տակ գտնվող 14-ամյա դուստրը, իսկ որպես պատիժը խստացնող հանգամանք դատարանը հաշվի առավ այն, որ ամբաստանյալը հանցանքները կատարել է որպես արհեստ, իսկ խարդախությամբ կատարած հափշտակությունները բազմաթիվ անձանց ծանր հետեւանքներ են պատճառել: Արթուր Ավալյանը 9 տարվա ազատազրկման դատապարտվեց` գույքի մեկ երրորդ մասի բռնագրավմամբ: 7 տարի ազատազրկման դատապարտվեց նաեւ գանձապահ Սուսաննա Խաչյանը` իր գույքի մեկ երկրորդի բռնագրավմամբ: Մինչ այդ նրա քաղաքից չհեռանալու խափանման միջոցը փոխարինվեց կալանքով: 47 տուժողների հայցերը դատարանը թողեց առանց քննության` նրանց իրավունք վերապահելով այն լուծել քաղաքացիական դատավարության կարգով: Բաբկեն Մելքոնյանի տան վրա դրված կալանքը կպահպանվի մինչ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Տիկին Արաքսյայի եւ Բաբկենի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Սերգեյ Մկրտչյանը պարզաբանեց, որ իրենք այժմ կդիմեն քաղաքացիական հայցով, որպեսզի անվավեր ճանաչվի խարդախությամբ կորզված լիազորագիրը, եւ լիազորագրի վրա հիմնված հիպոթեքային պայմանագիրը: «Դատարանում ապացուցվեց, որ խարդախություն է եղել, մեր նպատակն է, որ տունը գրավից հանվի, իսկ մնացած գումարը, որը Արաքսյան ստացել է, թող դատապարտյալները դիմեն Արաքսյային եւ պայմանավորվեն ետ վերադարձնել այդ գումարները»,- ամփոփեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter