Երկու օրաթերթերն էլ դժգոհ են դատական ակտերից և դիմում են վերադաս ատյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի վճռաբեկ բողոքից դեռևս պատասխան չկա, թեև մեկամսյա ժամկետն արդեն լրացել է: Օրաթերթի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Վճռաբեկ բողոքը ներկայացրել է հոկտեմբերի 27-ին, սակայն մեկամսյա ժամկետը լրացել է, և գործը վարույթ ընդունել մասին պաշտպանական կողմը մինչ օրս որոշում կամ մերժում չի ստացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահի կրտսեր որդին` Լևոն Քոչարյանը դատի էր տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին` պահանջելով հերքել պատիվն ու արժանապատվությունն արատավորող այն տեղեկությունները, թե Ամանորից առաջ Լևոն Քոչարյանը եղել է Դուբայում և տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է: (Տես հոդվածը` «Հայկական ժամանակը» չի հերքելու Լևոն Քոչարյանի մասին տպագրած տեղեկությունը և չի վճարելու 3 մլն դրամը) «Ելնելով դատական պրակտիկայից` մենք 7-8 ամիս հետո կարող ենք ստանալ նոյեմբերի քսանքանիսով թվագրված մի որոշում: Բավականին աննորմալ փորձ են որդեգրել մեր դատարանները, թե երբ փաստացի նրանք կծանուցեն, դժվար է ասել»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:
Ինչպես «Հետքին» տեղեկացրեց «Չորրոդ իշխանության» (այժմ` «Չորրոդ ինքնիշխանություն» ) հրատարակիչ «Կողմնակի անձնաց Մ» ՍՊԸ-ի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, իրենց վերաքննիչ բողոքն արդեն պատրասվում է: Հիշեցնենք, որ այս գործում «Գինդ» տպարանն էր դատարան դիմել` «Չորրորդ իշխանություն» օրաթերթի պատվիրատու «Օգոստոս» գործակալություն ՍՊԸ-ի` պայմանագիրը լուծելու եւ պտագրական ծառայությունների դիմաց առաջացած պարտքերի բռնագանձման պահանջով:
(Տես հոդվածը` «Գինդ» տպարանն ընդդեմ «Չորրորդ իշխանության». քաղաքական պատվե՞ր, թե՞ չվճարված պարտքեր )
Մեկնաբանել