HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանը տեղի՞ է տալիս

23_02-sh_torosyanՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը աշխարհաքաղաքական փոփոխությունների է հանգեցնելու տարածաշրջանում, մասնավորապես հայ-վրացական հարաբերությունների ենթատեքստում: ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր «Փաստարկ» ակումբում այսպես մեկնաբանեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սահմանի բացման դեպքում գործընկերային հարաբերություններ կձևավորվեն Հայաստանի և Վրաստանի միջև: Այս պարագայում իրական բարեկամություն կձևավորվի երկու երկրների միջև»,-համոզված է ՀՀԿ խմբակցության պատգամավորը: Շիրակ Թորոսյանը նկատեց, որ հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունների մասին խոսելու առաջին իսկ օրերից վրացական կողմը անմիջապես համապատասխան քայլեր է ձեռնարկել և սկսել է տեղի տալ: Ռուս-վրացական հարաբերությունների սրման արդյունքում փակված Վերին Լարսի անցակետի շուրջ Վրաստանի անվտանգության խորհրդի նիստում որոշվեց թեկուզ միայն հայկական ապրանքների փոխադրման համար բացել անցակետը: «Հասկանալի է, որ հանկարծ վրացական իշխանությունների սիրտը գութով չլցվեց Հայաստանի նկատմամբ: Մոտ հեռանկարում  Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհի բացման հնարավորությունը ստիպեց նրանց հնարավորություն ընձեռել մեր ապրանքների փոխադրման համար, որպեսզի չկորցնի տարանցիկ ապրանքափոխադրումների իր հնարավորությունը, և Վրաստանի պետական բյուջեն չզրկվի այն մեծածավալ մուծումներից, որ անում են մեր գործարարները` Վրաստանի տարածքով ապրանքաշրջանառություն իրականացնելով»,-ասաց Շիրակ Թորոսյանը: Հաջորդ փոփոխությունը, ըստ բանախոսի, վերջին շրջանում Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում վրացական որոշ շրջանակներում նկատված խմորումներն են: «Աշխարհի մի քանի տասնյակ երկրներ ճանաչել են Ցեղասպանությունը, մինչդեռ լինելով հարևան, բարեկամ երկիր, հաստատ վստահ լինելով Ցեղասպանության փաստի առկայությանը, այդպես էլ ձեռնպահ եղան Ցեղասպանության ճանաչումից»,-մեկնաբանեց պատգամավորը: Իսկ նպատակը, ըստ նրա, Թուրքիային սպառնալն է. եթե Թուրքիան բացում է սահմանը, ուրեմն իրենք կճանաչեն Ցեղասպանությունը: Շիրակ Թորոսյանի խոսքերով` Վրաստանն արդեն հասկացել է, որ սահմանի բացմամբ կկորցնի իր մոնոպոլ դիրքը, կոմունիկացիոն առավելությունները Հայաստանի նկատմամբ և տարածաշրջանում ընդհանրապես: Շիրակ Թորոսյանի կարծիքով, Կարս-Ախալքալաք երկաթգծի շինարարության դադարեցումը ևս պայմանավորված է հայ-թուրքական սահմանի բացմամբ: Այսինքն` եթե Թուրքիան բացի սահմանը, այդ շինարարությունն իրականացնելն անիմաստ է դառնում: Հայ-թուրքական սահմանի բացմամբ մրցակցություն կառաջանա և կնվազեն նաև տարանցիկ փոխադրումների գները: Շիրակ Թորոսյանը համոզված է, որ Ջավախքի վրա հայ-թուրքական սահմանի բացումը ևս դրական կանդրադառնա: Այսինքն` եթե մինչ այժմ հայկական իշխանությունները ոչ այնքան կոշտ դիրքորոշում էին ցուցաբերում որոշ հարցերում, քանի որ Ջավախքը տարանցիկ ճանապարհ էր, ապա այժմ այս փաստն այլևս չի կաշկանդի Հայաստանի իշխանություններին` իրենց դիրքորոշումն ազատ արտահայտել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter