
«Նույնիսկ Ինտերպոլը համարում է, որ սա քաղաքական հետապնդում է և չի հաշվառել Ն. Փաշինյանին և Խ. Սուքիայանին հետախոզվողների ցուցակում»,-այսօր Նիկոլ Փաշինյանի գործով քննվող նիստում հայտարարեց վերջինի փաստաբան Լուսինե Սահակյանը, երբ մեղադրող Կորյուն Փիլոյանը ներկայացնում էր գործի նյութերում առկա հերթական փաստաթուղթը:
Փաստաբանը նիստի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հ.. Թամամյանի գրությունը Հատուկ քննչականի պետ Ա. Միրզոյանին: Համաձայն գրության` Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվողներ Ն. Փաշինայնի և Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ 2008թ-ի մարտի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հայտարարվել է միջազգային հետախուզում և տարածվել Ինտերպոլի անդամ բոլորի երկրներին: Սակայն Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը վերջիններիս տվյալները չի ներառել կազմակերպության տվյալների էլեկտրոնային բազայում: Գլխավոր քարտուղարության իրավական հարցերով գրասենյակից պատասխանել են, որ «ՀԺ» գլխավոր խմբագիրը մեղադրվում է այն գործողություններում, որոնք տեղի են ունեցել նախագահական ընտրությունների ենթատեքստում և քաղաքական բանավեճերի արդյունք է: Մի շարք լրագրողներ, ներառյալ Փաշինյանը, կապված են եղել ընդդիմադիր գործիչների հետ, և նրանց մի մասը ձերբակալվել են ընդդիմադիր երթին մասնակցելու համար:
Վկայակոչելով Ինտերպոլի սահմանադրությանը` փաստաթուղթը հստակ նշում է, որ Կազմակերպությանը խստորեն արգելվում է միջամտել քաղաքական, ռազմական, կրոնական և այլ բնույթի հարցրեին: Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը հավելյալ տեղեկություններ է պահանջել, որը կհիմնավորի Փաշինյանի` սովորական հանցագործ լինելու հանգամանքը:
Այսօր դատական նիստը ավարտվեց գործում առկա փաստաթղթերի հրապարակմամբ: Պարզվեց նաև, որ նախաքննության ընթացքում քննիչը դատարանին միջնորդել է թույլ տալ Փաշինյանի գույքի վրա կալանք դնել, ինչպես նաև ստանալ հայաստանյան բանկերում Նիկոլ Փաշինյանի անձնական հաշիվների վերաբերյալ տեղեկատվություն 2007թ-ի սեպտեմբերից մինչը 2008թ-ի ապրիլը:
Լուսինե Սահակյանը եզրակացրեց, որ արդեն 2007 թ-ի սեպտեմբերից Նիկոլ Փաշինյանի նկատմամբ արդեն քաղաքական հետապնդում էր իրականացնում, ինչը վկայում է նաև Ն. Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանին պատկանող գույքի մասին տեղեկատվություն ստանալու քննիչի միջնորդությունը, ինչպես նաև Փաշինյանի հեռախոսազրույցների, նամակագրական, փոստային կապի վերասկմանը վերաբերող միջնոդրությունը:
Փորձաքննական եզրակացությունների շարքից պաշտպանական կողմն առաձնացրեց փորձագիտական այն փաստաթուղթը, որում Նիկոլ Փաշինյանի ելույթները որակված են որպես ժողովրդի մոտ հուզականություն առաջացնող: Ընդ որում` տեսաերիզների արձանագրություններում Նիկոլ Փաշինյանի ելույթները ոչ ամբողջական են. հանված են հանդարտության կոչերը:
«Հուզականությունը բարեբախտաբար, թե դժբախտաբար ես չեմ ստեղծել, հուզականությունը ստեղծվել է ՀՀ քաղաքացիների իրավունքների և արժանապատվության երկարամյա ոտնահարումների արդյունքում,-նշեց Նիկոլ Փաշինյանը և կատակով շարունակեց,-եթե ես նման կարողանայի մոգական ներազդել մարդկանց վրա, որ նրանք զանգվածային անկարգություններ կամ բռնարարքներ անեին, ես կսպասեի, օրինակ, որ քրեակատարողական հիմնարկի պետը ներազդվեր, որ դուռս բացեր ես դուրս գայի»:
Դատական հաջորդ նիստին կսկսվի լազերային սկավառակների և տեսանյութերի ուսումնասիրությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել