
Շենգավիթ համայնքի դատարանում քննվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի քրեական գործը: Այսօր մեղադրող Կորյուն Փիլոյանը հրապարակում է գործում առկա փատաթղթերը: 11 ոստիկանի զեկուցագրերի հրապարակումից հետո Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ գործի նյութերում բացակայում է մոտ 20 ոստիկանի զեկուցագիր, քանի որ գործով պարզ է, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին մոտ 30 ոստիկան է եղել Կորյուն-Աբովյան խաչմերուկի տարածքում:
Փաստաբանը նշեց, որ գործում բացակայում է նաև տուժող Վազգեն Դաբաղյանի զեկուցագիրը` չնայած նա դատարանում ցուցմունք տալիս նշել էր, որ գրել է զեկուցագիր: «Իսկ ընթերցված 11 ոստիկանների զեկուցագրից 7-ը որևէ առնչություն չեն ունեցել այսպես կոչված «կատարված հանցագործության հետ»»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաշինյանի մյուս փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, որ տեղազննության ժամանակ որպես ընթերակա ներկայացված, քննչական բաժնի համակարգչային օպերատոր Շաքե Հովհաննիսյանը և նույն բաժնին կից գործող սննդի կետի աշխատակից Սուսաննա Քոչարյանը մարտի 1-ին առնչվող բոլոր գործերում հանդես են եկել որպես ընթերականեր և որպես ընթերակա են ներկայացված եղել նաև Սմբատ Այվազյանի գործում:
Լուսինե Սահակյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 23-ի տեղազննության արձանագրությունը կեղծված է, քանի որ լուսանկարները չեն համապատասխանում հեկտեմբերի 23-ի տեսաերիզներում և այդ օրվա աշնանային եղանակին: Լուսանկարներում ծառերն արդեն տերևաթափ են եղել, մինչդեռ հոկտեմբերի 23-ին դեռևս տերևաթափ չէր:
Կորյուն Փիլոյանն ավարտեց 10-րդ հատորի փաստաթղթերի հրապարակումը: Այս պահին դատական նիստը շարունակվում է, և հրապարակվում են 11-րդ հատորի նյութերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել