
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը «Գինդ» տպարանի հայցն ընդդեմ «Չորրոդ իշխանություն» օրաթերթի բավարարեց մասնակի: 2009թ-ի հունվարի 13-ին կնքված տպագրական ծառայությունների մատուցման պայմանագրերը լուծեց հօգուտ «Գինդ» տպարանի`«ՉԻ» օրաթերթի պատվիրատու «Օգոստոս» գործակալությանը պարտավորեցնելով վճարել 2 մլն 673 հազար 165 դրամ:
«Օգոստոս» ՍՊԸ-ն ընդհահուր գումարից 2 մլն 620 հազար 750 դրամը պետք է վճարի որպես պայմանագրերով սահմանված տպագրական ծառայությունների մատուցման համար չվճարված և դրա վրա հաշվարկված տույժի գումար, 52 715 դրամը` որպես հայցվորի կողմից վճարված պետական տուրքի մաս, իսկ 20 731 դրամի բռնագանձման մասով հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառով:
Դատարանը վճռեց Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի 2009 թ-ի օգոստոսի 12-ին և նոյեմբերի 5-ի որոշումները, որով դադարեցվել էր «ՉԻ» տպագրությունը, թողնել անփոփոխ մինչև այս վճռի կատարման մեկամսյա ժամկետի ավարտը: Իսկ վճռի չկատարման դեպքում այն ի կատար կածվի կրկին ԴԱՀԿ-ի միջոցով:

«Ես պնդում եմ, որ սա իշխանությունների կողմից իջեցված վճիռ է, որը դատավորը ընդամենը հրապարակեց»,- համոզված է «ՉԻ» գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը:
Հիշեցնենք, որ «Չորրորդ Իշխանություն» օրաթերթն այժմ տպագրվում է այլ անվամբ` «Չորրորդ ինքնիշխանություն»: «ՉԻ» հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հովիկ Արսենյանը դատարանի այս ակտը ևս քաղաքական համարեց: Իսկ օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյանը վստահեցրեց, որ իրենց հաջորդ քայլը լինելու է վերաքննիչ ատյանում վճիռը բողոքարկելը, բացասական արդյունքի դեպքում`վճռաբեկ, այնուհետև էլ` Եվրադատարան:
«Թող ապացուցեն, նրանք չեն ապացուցել»,- «Հետքի» հարցին, թե չե՞ն պատրաստվում վճարել տպագրման ծախսերն ու տույժը, ասաց Շողեր Մաթևոսյանը:
Իսկ հարցին, թե եթե ԴԱՀԿ-ը փորձի բռնագանձել թերթի գույքը, Շողեր Մաթևոսյանը պատասխանեց. «Ինչո՞վ է ապացուցվում, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» իրավահաջորդն է: Նույնիսկ բովանդակային առումով վերնագիրը չի կրում, որտեղի՞ց են բռնագանձելու այդ գումարը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել