11 հաստատված և ևս 5 կասկածելի դեպք
Այսօրվա տվյալներով` Հայաստանում խոզի գրիպով վարակված 11 քաղաքացի կա, որոնցից 3-ն արդեն առողջացել և դուրս են գրվել: Նորքի Հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում դեռևս 8 հիվանդ կա: Եվս 5 կասկածելի քաղաքացիների անալիզների պատասխաններն առայժմ պատրաստ չեն: Հայտաբերված 11 հիվանդներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը` Թուրքիայի: Վաղը թուրքը հիվանդանոցից դուրս կգրվի:
Մնացած հիվանդերը ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից: Դուրս գրված հիվանդները բուժվել են 5-6 օրում: Ծանր դեպք չի գրանցվել: Ընդ որում` հիվանդներից 4-ին բուժում են առանց «Տամիֆլյուի»: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրած ասուլիսը նվիրված էր «Խոզի գրիպի» և դրա հետևանքով առաջացած խուճապային իրավիճակին: «Խուճապային իրավիճակ պետք չէ ստեղծել և չկա, առողջապահության ամբողջ համակարգի բժշկական հիմնարկները, հիգիենիկ-համաճարակային ծառայությունները, բացի իրենց ընթացիկ սովորական աշխատանքից, բերված են մի փոքր արտակարգ իրավիճակի, որովհետև, բնականաբար, կա խնդիր, կա գրիպ, որը կարող է սպառնալ` շատանալու, մեծանալու»,- ասաց Բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը: Նա վստահեցրեց, որ բոլոր հիվանդանոցները հրահանգավորված են կանխարգելիչ միջոցառումների համար: Հակահամաճարակաբանական ծառայություններն իրենց առօրեական աշխատանքից նույնպես անցել են ակտիվ ու արտակարգ իրավիճակային աշխատանքի: «Համաճարակների պատմությունն ուսումնասիրելով` կա եզրակացություն, որ ինքը համաճարակն այնքան վտանգավոր չէ, որքան նրա հետ կապված խուճապը, որից ավելի շատ վնասներ է կրել ցանկցած պետություն»,- ասաց ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, Նորքի Հանրապետական ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը և լրագրողներին խնրեց ոչ թե խանգարել, այլ համատեղ աշխատել` մաքսիմալ իրազեկման և խուճապի բացառման գործում: Արա Ասոյանի տեղեկացմամբ` գրանցված հիվանդներից 3-ը սկզբում դիմել են Էրեբունի բժշկական կենտրոն, 5 քաղաքացի անմիջապես դիմել է ինֆեկցիոն հիվանդանոց, ևս 3 քաղաքացի հայտնաբերվել են օդանավակայանում: «Սա ապացույցն է, որ համակարգն ամբողջությամբ աշխատում է, մարդիկ, քաղաքացիներն իրազեկված են»,- վստահ է ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստը: Դեղատներում «Տամիֆլյուի» բարձր գներով սպառվելը, ըստ ինֆեկցիոնիստի, ևս խուճապի արդյունք է: Ըստ մասնագետի` «Խոզի գրիպի» դեպքում «Տամիֆլյուն» նշանակվում է միայն ծանր, վտանգավոր հիվանդներին, ովքեր ունեն շնչառական ապառատի խրոնիկական հիվանդություններ: Իսկ ըստ վիճակագրության` այդ դեպքերը կազմում են մոտ 3 %: «Եթե հաշվի առնենք, որ մենք այսօր 9000 դեղաչափ «Տամիֆլյու» ունենք, դուք պատկերացրեք, թե քանի հարյուր հազար մարդ պետք է հիվանդ լինի, որ սա չպակասի, եթե հաշվի առնենք, որ նախարարի կողմից հրահանգվել է ևս 20 հազար «Տամիֆլյու» ներկրել, այսինքն` մոտ օրերս մենք կունենանք «Տամիֆլյուի» մոտ 30 հազար դեղաչափ, հո մեր երկրում 3 մլն մարդի չի՞ հիվանդանալու: Մենք այս մասով ապահովված ենք, և ես կոչ եմ անում քաղաքացիներին` չդիմել ագրեսիվ արշավների դեպի տեղատներ, որ ամեն ինչ այնտեղից տանեն»,- ասաց Արա Ասոյանը: Ինֆեկցիոնիստի պարզաբանմամբ` «Խոզի գրիպից» մահացությունը կապված է հիվանդության շրջանում թոքաբորբի զարգացման հետ: Մահացության 99 %-ը գրանցվել է հենց թոքաբորբի առկայության պարագայում: Իսկ մեր երկրի կլիմայական պայմանների համար թոքաբորբը բնորոշ չէ: «Մեզ մոտ երբ եղել է գրիպի համաճարակ, մեր թոքաբորբի զարգացումը, որպես բարդություն, միշտ եղել է մի քանի անգամ ավելի նվազ, քան այլ երկրներում: Հիմնականում դա բնորոշ է բարձր խոնավություն ունեցող երկրներին»,- հիմնավորեց մասնագետը:
Խոզի միս կարելի է ուտել
H1N1 գրիպի առաջին համաճարակը գրանցվել է 1916-19 թթ., և ըստ տեղանքի տարածման` կոչվել է «Իսպանկա», 74 թ.-ին այն նորից կրկնվել է` «Խաբարովսկ» անվամբ, հիմա էլ կոչվում է «Խոզի գրիպ» կամ «Մեքսիկական», քանի որ վարակվել է Մեքսիկայի խոզաբուծական ֆերմաներից մեկում աշխատողի երեխան, և վարակը սկսվել է տարածվել: Այդուհանդերձ, «խոզի միս կարելի է ուտել»,- վստահեցնում է ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Համաշխարհային առողջապահության կազմակերպության վերջին տվյալներով` աշխարհում «Խոզի գրիպի» լաբորատոր հաստատված դեպքերի քանակը հասել է 503 536-ի, որից մոտ 6000-ը` մահվան ելքով: Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է ԱՄՆ-ում: Եվրոպական տարածաշրջանում մահվան դեպքերը համեմատաբար քիչ են: Վրաստանում արդեն խոզագրիպի 59 դեպք է հաստատվել, որից 7-ը` տեղական, այսինքն` հիվանդները վարակվել են ոչ թե դրսի հետ շփումից, այլ երկրի ներսում: Հայաստանում տեղական դեպքեր չեն արձանագրվել: Ռուսաստանում արդեն 3000-ից ավելի H1N1-ով վարակվածներ կան, որոնք ավելանում են օրեցոր: 5-ը` մահացու ելքով: Թուրքիայում և Պարսկաստանում ևս օրըստօրե վարակվածների թիվն աճում է: Ադրբեջանում, ոչ պաշտոնական տվյալներով, 10-ից ավելի դեպքեր են գրանցվել: Վրաստանում և Ադրբեջանում մահացության դեպքեր դեռևս չեն արձանագրվել. հիվանդները մոտ վարակն անցել է թեթև ձևով: ՀՀ Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը խորհուրդ է տալիս թեթև գրիպի դեպքում նույնիսկ չգնալ աշխատանքի, երեխաներին չտանել դպրոց կամ մանկապարտեզ: «Մեր վերջին օրերի մոնիտորինգը ցույց է տալիս, որ երեխաները թեթև մրսածության երևույթներով, հարբուխով, թեթևակի ջերմությամբ հաճախում են դպրոց և մանկապարտեզ: Այդ դեպքերում երեխաներին չպետք է թույլ տալ հաճախել դպրոց կամ մանկապարտեզ, որովհետև երեխաները ռիսկային խումբ են, և կարող է վարակը արագ տարածվել»,- ասաց Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետը: Դիմակների կամ դեղորայքի թանկացումը դեղատներում, ըստ Վահան Պողոսյանի, հսկողության տակ է: Մի քանի ներկրողների` գերշահույթներ ստանալու ցանկության մասին արդեն տեղյակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որն արդեն մոնիտորինգ է իրականացնում ոլորտում և շուտով արդյունքները պարզ կդառնան: «Բոլոր դեղեր ներկրող կազմակերպությունների ղեկավարները հրավիրվել են նախարարություն, զգուշացվել են, որպիսզի նման բաներ չանեն, որովհետև սա համաժողովրդական խնդիր է, իրենք էլ այդ հասարակության մի մասնիկն են: Եթե նրանք փորձեն այս ընթացքում գերշահույթներ ապահովել, իրենց ոչ մի ձևով թույլ չենք տա դա անել: Սանկցիաներ կկիրառվեն, և բոլոր այդ դեղերը կդրվեն դեղատոմսի տակ, այսինքն` առանց բժշկի դեղատոմսի ոչ մի տիպի նմանատիպ դեղեր չեն վաճառվի»,- վստահեցրեց Վահան Պողոսյանը: «Պետք չէ խուճապի մատնվել, մենք այսօր պայքարում ենք ընդհանուր գրիպի դեմ, էական չէ, թե դա H1N1-ն է, թե մեկ այլ ենթատեսակ: Այն միջոցառումները, որ մենք իրականացնում ենք, դա ընդհանուր գրիպի դեմ է»,- հավելեց Արտավազդ Վանյանը:
Մեկնաբանել