«Գինդ» տպարանն ընդդեմ «Չորրոդ իշխանություն» օրաթերթի
Թերթի հետագա ճակատագիրը պարզ կդառնա նոյեմբերի 16-ին
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Չորրորդ իշխանություն» թերթի դեմ «Գինդ» տպարանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ նույն դատարանի նոյեմբերի 6-ին տրված կատարողական թերթի համաձայն` ԴԱՀԿ-ն արգելել էր ինչպես «Օգոստոս», այնպես էլ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի և ցանկացած այլ ընկերության կողմից թերթի հետագա տպագրությունը որևէ այլ տպարանում:
Այսօր դատարանի հարցին, թե արդյո՞ք չեն ուզում հաշտեցման եզրեր գտնել դատական վեճը հանգուցալուծելու համար, «Գինդ» տպարանի ներկայացուցիչները դատարանում պնդեցին, որ իրենք դեմ չեն` միայն եթե թերթը փակի տպարանին ունեցած պարտքի ամբողջ գումարը: «ՉԻ» հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հովիկ Արսենյանը նիստի սկզբում միջնորդություն ներկայացրեց վերացնել թերթի տպագրումն արգելող հայցի ապահովումը, քանի որ ըստ պայմանագրի` հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն որևէ պարտավորություն չունի «Գինդ» տպարանի նկատմամբ, ուստի թերթի տպագրումն արգելելը օրինական պահանջ չէ: Հայցվոր կողմը` «Գինդ» տպարանի ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանը, հիմնավորեց, որ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն հանդես է գալիս որպես հրատարակիչ, և իրենց պահանջը բխում է պայմանագրից, համաձայն որի` «մինչ պարտավորությունների կատարման ավարտը պատվիրատուն իրավունք չունի սույն պարբերականը կամ այլ անվան տակ տպագրել այլ տպարանում»: Դատարանը միջնորդության լուծումը հետաձգեց մինչև դատական վերջնական ակտի կայացումը: Ըստ հայցվոր կողմի` «ՉԻ»-ն չի վճարել ոչ միայն պարտքերը, այլև տույժը, որը միասին կազմել է 5 մլն 457 986 դրամ, որից 4 մլն-ից ավելի դրամ կազմում է թերթի պարտքը, իսկ 1 մլն 296 հազարից ավելին` տույժը: Թերթի տպագրության պատվիրատու «Օգոստոս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը պահանջեց այդ թվի հիմնավորմանը համապատասխան հաշիվ-ապրանքագրեր ներկայացնել, քանի որ ներկայացրածները այլ գումար են ցույց տալիս, որը թերթն արդեն վճարել է տպարանին: Ըստ Էդգար Հովհաննիսյանի` թերթը 2 մլն 816 հազար 500 դրամի չափով վճարում է կատարել, և ըստ ներկայացրած ապրանքագրերի` դա ավելին է, քան պահանջվում էր, և թերթը որևէ պարտք ու պարտավորություն չունի տպարանի նկատմամբ: «Ես ստիպված տպարան եմ փոխել իրենց պատճառով»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանը: Իսկ տպարանի ներկայացուցիչ Պողոս Թերզլյանը բացառեց «ՉԻ»-ն փակելու քաղաքական դրդապատճառները: «Տվեք մեր գումարը, օրը երեք անգամ տպվեք, ո՞վ է բան ասում»,- ասաց Պողոս Թերզլյանը: Այդուհանդերձ, հայցվոր կողմը դատարանից պահանջեց պարտավորեցնել «ՉԻ»-ին վճարել մնացած` 2 մլն 641 486 դրամը: Դատարանը, հետազոտելով բոլոր փաստաթղթերն ու ներկայացրած ապացույցները, փակեց դատական նիստը: Վճիռը կհրապարակվի նոյեմբերի 16-ին:
Մեկնաբանել