
Այսօր Նիկոլ Փաշինյանի դատավարության ընթացքում նրա պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դադարեցնել Փաշինյանի նկատմամբ Զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով իրականացվող քրեական հետապնդումը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական թեկնածության համար Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկանք էր տրամադրել` համաձայն որի` Նիկոլ Փաշինյանը 2008թ-ի փետրվարի 26-ից մինչև հուլիսի 7-ը ՀՀ-ում չի բնակվել: Այսինքն` ըստ փաստաթղթի Ն. Փաշինյանը մարտի 1-ին Հայաստանում չի եղել:
«Հարց է, թե ով է գտնվում իմ կողքին նստած, որովհետև Ն. Փաշինյանը ՀՀ է վերադարձել հուլիսի 7-ին, իսկ այս անձնավորությունը, որը գտնվում է իմ կողքին ամսի 1-ից եղել է կալանքի տակ, ուրեմն դեռ հարց է, թե Նիկոլ Փաշինյանն է իմ կողքին նստած, թե՞ ոչ: Համենայնդեպս, մի բան ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյան անձը մարտի 1-ին ՀՀ-ուն չի գտնվել»,-հիմնավորեց Լուսինե Սահակյանը:
«Այս դատական պրոցեսը ծաղրուծանակ է Հայաստանի Հանրապետության ինչպես պետականության, այնպես էլ դրոշի ու զինանշանի նկատմամբ, և այդ փաստաթղթով, որը նույնպես գրված է ՀՀ անունից ու դրոշմված է ՀՀ զինանշանը, նույնպես դա ապացուցվում է: Իրականությունն այն է, որ ՀՀ ոստիկանության, դատախազության կողմից գրված և ստորագրված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում նաև իմ առաջադրված մեղադրանքը, այդ թվում նաև գործում առկա նյութերը կտրուկ հակասության մեջ են իրականության հետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա միջնորդեց, որ դատավորը հաշվի նստի այդ փաստաթղթի հետ քննվող գործի համատեքստում:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը նշեց, որ փաստաբանը դեռ պետք է միջնորդի այդ փաստաթուղթը կցել գործին, ճանաչել որպես ապացույց և գնահատել գործի մյուս ապացույցների հետ, հետո նոր պահանջի դադարեցնել քրեական հետապնդումը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, տեղում քննարկելով միջնորդությունը, հետաձգեց դրա լուծումը:
«Ամբաստանյալի արարքին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է հետազոտել քրեական գործի նյութերը, փաստաթղթերը, դրանց հետազոտելու պարագայում և դատավարական կանոնների պահպանման պարագայում հնարավոր կլինի որոշում կայացնել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-հիմնավորեց Մնացական Մարտիրոսյանը:
Լուսինե Սահակյանը մեկ այլ միջնորդությամբ խնդրեց ամբաստանյալի աթոռին նստած անձին անհապաղ ազատ արձակել: «Այս անձը, փաստորեն, նստած է Նիկոլ Փաշինյանի փոխարեն, իսկ Ն. Փաշինյանը մինչև 07,07.2009թ. չի գտնվել Հայաստանում: Այս անձը, որը մեր համար Նիկոլ Փաշինյանն է, ոստիկանության համար ոչ Նիկոլ Փաշինյան է, ամսի 1-ից կամավոր ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և գտնվում է կալանքի տակ»,-հիմնավորեց պաշտպանը:
Լուսինե Սահայանը խնդրեց կցել գործին այդ փաստաթուղթը և կայացնել համապատասխան որոշում: Դատարանը գտավ, որ ամբաստանյալի անձի նկատմամբ դատարանը որևէ կասկած չունի, և Մնացական Մարտիրոսյանը ընդհանրապես չքննարկեց փաստաբանի այս միջնորդությունը:
Վկաների չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև նոյեմբերի 12-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել