ՀԴՄ-ները տեղումներ են բերում
Վաճառողները փոխում են իրենց մասնագիտությունը
Կիրակնօրյա թոհուբոհը Մալաթիա տոնավաճառի աշխատակիցների միակ սփոփանքն է: Այստեղ առեւտուրը միայն շաբաթ եւ կիրակի օրերին է ծաղկում: Ամբողջ շաբաթն անցնում է հանդարտ: Վաճառող Տիգրան Սարգսյանն ասում է, որ տոնավաճառում առեւտուրը վերջին տարիներին «նստել է», այսինքն` հաճախորդները հետզհետե պակասում են:
Կաշվե եւ մորթե վերարկուներ վաճառող կանանցից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ, դժգոհեց, որ դրան զուգահեռ ավելանում են հարկերն ու տեղի վարձավճարները: Հիմա էլ «ինչ-որ ՀԴՄ-ներ են սկսելու տեղադրել»:
Մալաթիայի տոնավաճառում հաշվիչ-դրամարկղային մեքենաներ դեռ չեն տեղադրել: Տոնավաճառում մեր զրուցակիցները տեղյակ էին հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներմուծմանը: Սակայն նրանց ասել են, որ ՀԴՄ-ների տեղադրման վերջնաժամկետը հունվարի 1-ն է:
Օգոստոսի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ Հարկային ծառայության պետի տեղակալ Քաջավան Նուրիջանյանը հայտարարել էր, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը բոլոր տոնավաճառներում եւ սպասարկման կետերում պետք է դրվեն հաշվիչ- դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ): Դրանցով հարկային ծառայությունը ստուգում է առեւտրի շրջանառության չափը, եւ կրճատվում է ստվերային շրջանառությունը: Սակայն մինչ այժմ Մալաթիա տոնավաճառում ՀԴՄ-ներ չեն տեղադրված: Տոնավաճառի տնօրինության աշխատակից Սամվել Ավետիսյանն ասաց, որ դեռեւս պայմանագրեր հասցրել են կնքել 500 սուբյեկտների հետ: Նրանց արդեն տրվել են ՀԴՄ-ներ:
Հաշվիչների մյուս խմբաքանակը Մոսկվայից սպասում են ստանալ այսօր: Աշխատակցի խոսքով` շատ քաշքշուկներ են առաջանում` կապված փաստաթղթերի, պետռեգիստրում գրանցման եւ հարկայինից կոդ ստանալու հետ. «Կան մարդիկ, որ նույնիսկ իրենց անունները չեն կարող գրել, մինչեւ մի ճշգրիտ դիմում են գրում, ինչքան են չարչարվում»: Մինչդեռ հարկային ծառայության ղեկավարները հավաստիացնում էին, որ գրանցման գործընթացը շատ հեշտ էր լինելու` ընդամենը 1 լուսանկար, անձնագրի պատճեն, դիմում (դիմումի ձեւը տրվում է պետռեգիստրում) եւ 3 հազար դրամ պետական տուրք:
ՀԴՄ-ների ձեռքբերումը եւ տեղադրումը կատարվում է բացառապես շուկաների եւ առեւտրի կազմակերպման վայրերի տերերի հաշվին եւ առեւտրականների համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնում: Ցանցային համակարգը հնարավորություն կտա տեղեկատվությունը կուտակել մի վայրում եւ գրանցել բոլոր տնտեսվարողների առեւտրաշրջանառության իրական ծավալը: Մեր այն հարցին, թե ինչպես է վերահսկվելու առք-վաճառքի` ՀԴՄ մուտքագրվելը, եւ արդյոք վաճառողը չի կարողանա առանց ՀԴՄ մուտքագրելու վաճառել իր ապրանքը, որպեսզի չմուծի ապրանքի հարկը, Սամվել Ավետիսյանը պատասխանեց. «Դե, դա արդեն սպառողները պետք է պահանջեն, որ իրենց կտրոնը տան, իրենք պետք է վերահսկեն»:
Առեւտրի կազմակերպման վայրում ՀԴՄ տեղադրված չլինելու համար տուգանք է սահմանված` 150 հազար դրամ։ Առանց ՀԴՄ-ի կտրոնի տրամադրման առեւտրի կազմակերպման համար եւս սահմանված են տուգանքներ։ Առեւտրի կազմակերպման վայրերում ՀԴՄ-ների չտեղադրման համար տվյալ վայրը կարող է անգամ զրկվել գործունեության լիցենզիայից։
Հագուստի բաժնում աշխատող տիկին Լարիսան պատմեց, որ ամսական 170 հազար դրամ վճարում են միայն տարածքի վարձակալման համար: Մուծում են նաեւ կենսաթոշակային հարկը` 5000 դրամ: Նրա կարծիքով` ՀԴՄ-ները նոր խնդիրներ ու մուծումներ են առաջացնելու. «Ամեն դեպքում, մենք էդ գաղափարի մեջ չենք աշխատում, գոնե տեղերը էժանացնեն, քառակուսու վրա էդքան գումար ենք ծախսում, մեզ ինչ է մնալու: Չգիտենք` գլխներիս ինչ է գալու` կարկուտ, անձրեւ, թե ձյուն»:
Տիկին Լարիսան իրեն հայրենասեր է համարում: Սակայն դժգոհում է, որ, ապրելով Հայաստանում, իր աշխատանքի արդյունքը չի տեսնում. «Համենայնդեպս, եթե ամեն ինչ ճիշտ ձեւով արվի, մարդն իր երկրից չի գնա: Գնում, ապրանքը բերում ես, հարկը տալիս ես, ռաստամոժկեն տալիս ես, քաշը մուծում ես, տեղի փողը տալիս ես, գործընկեր ես վերցնում հերթով աշխատելու համար` տալիս ես, հաստատագրված արժեքը մուծում ես` 10.000-ի չափով, մեզ ինչ է մնում: Ես եթե մեկ այլ երկրում այսքան չարչարվեի, հաստատ մի բանի տեր կլինեի, առավոտվա 9-ից մինչեւ 6-ն անց կես կանգնես այստեղ, անհանգիստ վիճակում, բա դա կնոջ գործ է: Այդքան չարչարվում ենք ամուսնուս հետ, միջին ենք ապրում, լավ էլ չենք ապրում»:
Վաճառողուհի Ալինա Խաչատրյանը կանխատեսումներ չի անում, դեռեւս անորոշ է տեսնում ՀԴՄ-ներ տեղադրելու եւ կիրառելու ապագան: Ասում է` կապրենք, կտեսնենք: Բայց որ այդ հաշվիչները գլխացավանք են առաջացրել, դա հաստատում է:
Տիգրան Սարգսյանը արդեն երկու տարի է` գրանցված է հարկային դաշտում: Վճարում է 5 000 դրամ կենսաթոշակայինը, ամեն ամիս 9500 դրամ հարկ է վճարում, ամսական 150 000 էլ` վարձակալած տարածքի համար: ՀԴՄ-ների տեղադրման մասին լսել է, սակայն
հաշվիչներով աշխատելը դեռ չի պատկերացնում: Ավելին, դրանց կիրառումն անիմաստ է համարում. «Դա, իհարկե, կդժվարացնի մեր գործը, ինձ թվում է դեռ այստեղ տեղադրելու ժամանակը չի հասել: Քաղաքում այնքան տեղեր կան տեղադրելու, թող տեղադրեն, հետո նոր այստեղ հասնեն: Այստեղ առանց այն էլ մարդիկ երկու կտոր բան են ծախում, իրենց օրվա հացն են վաստակում, դա էլ տեղադրեն որ ի՞նչ: Դա ավելորդ գումար չի՞: Ավելորդ հարկ չէ՞,-հարցական տոնով դժգոհում է նա,- առանց այն էլ մարդիկ սկսել են տոնավաճառներից քիչ օգտվել, նախընտրում են խանութներից գնումներ անել»:
Մանկական բաժնի աշխատակցուհին էլ պատրաստվում է թողնել այդ զբաղմունքը. «Ինչ եմ ծախում, որ մի հատ էլ հարկեր կարողանամ տալ: Ես էս տեղի համար 11 հազար եմ մուծում, մի վերխը եթե ես ծախեմ 5000 դրամով, տոկոսն էլ իրենց տամ, էլ ինձ ինչ կմնա: Ես էս երկու ամիսն եմ աշխատելու: Հունվարից էլ չեմ աշխատելու»,-հաստատակամորեն ասաց նա:
Տոնավաճառներում ՀԴՄ-ներ տեղադրելու կառավարության որոշմումը կայացվեց 2007 թ. ապրիլին: Հաջորդ օրը տոնավաճառների աշխատակիցները կառավարության շենքի դիմաց հավաքվել էին` բողոքելու այդ որոշման դեմ: Մալաթիա տոնավաճառում առեւտրի կետ ունեցող Հակոբ Ղազարյանը նույնպես մասնակցել է այդ ցույցին: Ասում է, որ հաշվիչների հետ կապված շատ դժգոհություններ կան տոնավաճառի աշխատակիցների կողմից, քանի որ ՀԴՄ-ները խնդիրներ են առաջացնում հաճախորդ-վաճառող փոխհարաբերություններում. «Պատկերացրեք` Դուք հաճախորդ եք, վերցրեցիք ապրանքը, հետո ցանկանում եք փոխարինել մեկ այլ ապրանքով, խնդրում եք, որ հետ վերադարձնեք, մեկ այլ բան եք հավանել: Այստեղ խնդիրներ են առաջանում, մենք մուտքագրում ենք այդ ապրանքը, հետո ինչպես վարվենք: Մենք այսպես թե այնպես մեծ հարկեր ենք տալիս, դա խոչընդոտ է դառնում, մենք արդեն կթողնենք այս գործը եւ այլ բանով կզբաղվենք»,- ասում է Հակոբ Ղազարյանը:
Հակոբ Ղազարյանը մեր զրուցակիցներից ամենատեղեկացվածն էր: Ուսումնասիրել էր “ՀԴՄ-ների կիրառմա մասին” ՀՀ օրենքը, ծանոթ էր վարչապետի ելույթներին ու կառավարության որոշմանը: Գիտեր, որ հարկի գանձման դեպքում հաշվի է առնվում առեւտրի, ապրանքների շրջանառությունը: Սահմանված տոկոսադրույքների համաձայն` եթե առեւտրի շրջանառությունը գերազանցի 1 մլն 200 հազար դրամը, հարկերը ավելի բարձր են: Ահա այստեղ էլ, ըստ Հակոբ Ղազարյանի, ամենաբարդ խնդիրն է առաջանում. «Յուրաքանչյուր վաճառող կձգտի, որ այդքան շրջանառություն ցույց չտա: Այսինքն` այդ օրենքը արդեն խոչընդոտ է հանդիսանալու, որպեսզի մարդիկ, կամա թե ակամա, քողարկված ձեւով կազմակերպեն իրենց առեւտուրը, ավելի փորձառու դառնան իրենց հաշվարկների մեջ, որպեսզի կարողանան կեղծել իրենց կատարած առեւտուրը: Ապրանքներն էլ, բնականաբար, կթանկանան` կապված ՀԴՄ-ների տեղադրման հետ»,- ասաց նա:
Հակոբ Ղազարյանը տեղի վարձակալական պայմանագրի հիման վրա վճարում է 700 դոլարին համարժեք դրամ, հարկային դաշտ հաստատագրված հատուկ գումար` մոտ 20 հազար դրամ, եւ սոցվճարը: «Փաստորեն, ես ունեմ ընտանիք, երկու բալիկներ, որպեսզի սոված չմնան, փորձում եմ պայքարել, աշխատել, երբեմն հաճախորդների համար սիրալիր եւ հաճելի լինել, որ կարողանամ հանապազօրյա հաց ձեռք բերել»,- ասում է Հակոբը: Եթե ՀԴՄ-ների կիրառումը ձեռնտու չեղավ, Հակոբ Ղազարյանը կփոխի իր աշխատանքը: Թե ինչ կընտրի, դեռ չի որոշել, սակայն, հետաքրքրվելով լրագրողի գործունեությամբ, մեզ հարցրեց. «Ինչ կարծիքի եք, կարող եմ ձեր հետ լրագրող աշխատել, թե ոչ»:
Մեկնաբանել