
Առաջին գծի անդորրը խաբուսիկ է
Արցախի պաշտպանության բանակի երկու «Վիլիսները», կտրելով փոշոտ դաշտը, կանգ առան ճակատային գծի հարևանությամբ` Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկի հետնամասում: Սա այն դիրքն է, որը մոտ 16 ամիս առաջ հակառակորդն օգտագործում էր մեր իսկ դեմ. ադրբեջանցիներն այն գրավել էին, բայց ընդամենը 8 ժամով:
«Վիլիսների» ուղևորներից երկուսը փոխգնդապետ էին: Նրանք դիրքում մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ, «շպալներով» երիզված խրամատներով, շարժվում էին դեպի առաջնային գիծ: Այդ ընթացքում հնչեց գնդի հրամանատարի` Կարեն Առուստամյանի բջջայինի հեռախոսազանգը:
«Անթել» հեռախոսի հակառակ կողմից խոսողին հրամանատարը ոչինչ չասաց: Բջջայինն անջատելուց հետո նա Արթուր Պետրոսյանին կարգադրեց ոտքի հանել բոլոր դիպուկահարներին և ուժեղացնել դիտարկումը. հակառակորդը ծանր զենք էր բարձրացնում առաջնային գիծ:
Այս լուրը ոչնչով չխռովեց դիրքում հերթապահողների, նույնիսկ զինվորների առօրյան: Փոխգնդապետ Առուստամյանը նրանց բոլորին հարցնում է որպիսության և մարտական հերթապահության մասին: Արտառոց ոչինչ չէր եղել, պարզապես մի քանի ժամ առաջ հակառակորդի սովորական դարձած կրակահերթը խախտել էր գիշերային անդորրը:
Հրամանատարը ձիգ կեցվածք ունի, բարձրահասակ է ու թիկնեղ: Նրա` մեղմ թվացող հայացքի խորքում կոշտություն կա թաքնված: Խոսում է հակիրճ, իսկ ձայնի մեջ ավելի շատ գերակշռում է հրամայական հնչերանգը:
Սակավախոս փոխգնդապետը ոչինչ չի պատմում նաև մոտ 16 ամիս առաջ այս դիրքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ժամանակ հայկական կողմի գործողությունները ղեկավարել է անձամբ: Այդ օրը` 2008 թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երևանում արտակարգ դրություն էր, ադրբեջանցիների լավ սպառազինված հատուկ նշանակության ստորաբաժանումը հարձակումից հետո խուճապահար նահանջել է` ճողոպրելու ընթացքում դիակները թողնելով մարտի դաշտում:
«Հետախուզական տվյալներով` մարտի 3-ին հակառակորդը նշում էր մեր դիմաց կանգնած մոտորահրաձգային բրիգադի կազմավորման տարելիցը, որի կապակցությամբ բրիգադի հրամանատարությունը որոշել էր նվեր մատուցել իր վերադասին, և «ընտիր» ստորաբաժանումն ուղարկել էին մեր դիրքը գրավելու»,- մանրամասնում է դիվիզիայի հրամանատարի տեղակալ Ն. Մկրտչյանը:
Հիշյալ դիրքը հարթավայրային տեղանքում է, բայց պաշտպանական բանակն արհեստականորեն այն բարձրացրել է` տեղադրվածության առումով հակառակորդի նկատմամբ հայտնվելով գերիշխող դիրքում: Այս հատվածում երկու կողմերի խրամատները միմյանցից հեռու են մոտ 70 մետրով: Դրանք իրար է միացնում Խորհրդային Միությունից «ժառանգություն» մնացած ոռոգման ջրի բետոնե կանալը: Հենց այդ ջրանցքով էլ թշնամու «սպեցնազն» անցյալ տարի աննկատ սողոսկել էր մեր դիրք:
«Գիշերը 23:30-ի սահմաններում էր, մեքենայով գնում էի հրամանատարական կետ: Թանձր մութ էր ու շատ ուժեղ քամի. ավտոն ուղղակի տարուբերվում էր: Մեկ էլ զանգ եկավ, բա` պարոն փոխգնդապետ, հակառակորդը կրակ է բացել: Մտածեցի` երևի հայաստանյան խառն իրավիճակով պայմանավորված` թշնամին ուզում է ինչ-որ խաղեր տալ, լուրջ բան չկա: Հետևեց երկրորդ զանգը, բա` թշնամին մտել ա խրամատ,- պատմում է դիրքում հերթապահություն իրականացնող գումարտակի հրամանատար Արթուր Պետրոսյանը: – Ճիշտն ասած` չէի ուզում հավատալ, մի տեսակ ամոթանք զգացի: Անմիջապես զեկուցեցի գնդի հրամանատարին և տեղակալներիս հետ ուղևորվեցի դիրք»:
Ա. Պետրոսյանի հրամանով` Արցախի պետական սահմանի տվյալ հատվածը պահպանող 7 զինվորները, ջոկի հրամանատար սերժանտի ղեկավարությամբ, նահանջել են երկրորդ խրամատ և անցել շրջանաձև պաշտպանության:
Դիրքի առաջին և երկրորդ խրամատները միացնող խրամուղու աջ և ձախ հատվածներում այսօր էլ առկա են ավազով լցված պարկերի մնացորդները: Գրավելով առաջին խրամատը` թշնամին դրացով փակել է միջանցիկ խրամուղին և փոխհրաձգության մեջ մտել մեր 19-20 տարեկան 7 զինվորների հետ` թիկունքից օգտագործելով ծանր զենքեր: Քիչ անց փոխգնդապետ Պետրոսյանի գլխավորությամբ դեպքի վայր են հասել մի քանի սպաներ, ինչի արդյունքում առաջին իսկ րոպեներին թշնամին կորցրել է երկու մարտիկ:
«Շատ չանցած` զորամասի հրամանատարն օժանդակ ուժերի հետ եկավ դիրք: Տվյալները ճշտելուց հետո նա խնդիր դրեց, որ թշնամուն հենց խրամատում ջարդենք,- հիշում է Ա. Պետրոսյանը:- Հրամանատարն ու իր տեղակալը շատ դիպուկ նռնակներ էին նետում, ամենաշատը նռնակներ օգտագործեցինք, իսկ նրանք հիմնականում ծանր զենքեր` գրանատամյոտ ու մինամյոտ էին օգտագործում: Արդեն ժամը 3:40-ին փոխգնդապետ Առուստամյանից խնդիր ստացանք, որ պետք է մտնենք խրամատ ու դիրքն ազատագրենք»:
Մեր ուժերն առաջադրանքը կատարել են փայլուն կերպով: Հաշված ժամեր անց ադրբեջանցիները, ծանր կորուստների գնով, սկսել են փախչել` տալով 30-ից ավելի վիրավոր և 11 զոհ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ:
«Եթե նորմալ մարդ լինեին, իրենց դիակները չէին թողնի ստեղ: Նույնիսկ իրենց հրամանատարի, կապիտանի կոչումով վաշտի հրամանատարի դին էին թողել»,- ասում է Պետրոսյանը:
Մարտի ընթացքում մեր սպաներից երկուսը վիրավորվել են. մեկը պատահաբար կանգնել է ականի վրա, մյուսին ձեռքից խոցել է թշնամին: Արթուր Պետրոսյանը նշում է, որ թեև ժամկետային զինծառայողներին թույլ չեն տվել երկրորդ գծից առաջ գալ, այնուամենայնիվ, որոշներին պահելը շատ դժվար է եղել:
Հիշյալ մարտական գործողությունների ժամանակ դրսևորած արիության համար ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից խրախուսման են արժանացել նաև 9 ժամկետային զինծառայողներ:
«Տվյալ ռազմական գործողությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է և մարտական պատրաստվածությունը թույլ է տալիս լուծելու մեր առջև դրված ցանկացած անկանխատեսելի խնդիր»,- ասում է հրամանատարի տեղակալ Մկրտչյանը: Իբրև ասվածի ապացույց` նա մատնանշում է մեկ այլ փայլուն օպերացիա, որը, նրա խոսքերով, հաստատում է ռազմի դաշտում մեր ունեցած հաջողությունների օրինաչափությունը:
Անցյալ տարվա հունիսին հայկական ստորաբաժանումները հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում, ավելի քան 11 կիլոմետրով խորացել են դեպի հակառակորդը` առաջ տալով դիրքերը: Արդյունքում մոտ 2000 մ բարձրության վրա գտնվող մեր ռազմական հենակետերը հայտնվել են ավելի գերիշխող դիրքերում` տեղ-տեղ հասնելով 3400-3600 մ բարձրության:
«Դրա մեջ նաև իմաստ կար` հակառակորդին ապացուցելու, կապված անցյալ տարվա մարտի 3-4-ի դեպքերի հետ, որ այն, ինչ փորձում են կատարել իրենք, չի հաջողվելու: Բայց եթե պետք լինի, մենք կարող ենք դա կատարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել