Մտավորականությանը չե՞ն հարցնում
Երվանդ Մանարյանն ու Ռազմիկ Դավոյանը այսօր «Տեսակետ» ակումբում իրենց կարծիքներն արտահայտեցին հայ-թուրքական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ:
Երվանդ Մանարյանը, իրեն իրավունք չվերապահելով քաղաքական հարցերի մասին հեղինակավոր կարծիք հայտնել, այս իրավիճակը դժվարին գնահատեց: «Հայ մարդիկ ենք, ուզում ենք, որ առավելագույնը ստանանք: Պատմության առաջացրած բոլոր ծանր հետքերից պետք է կարողանալ հրաժարվել և առավելագույն շահույթ ստանալ»,- ասաց Երվանդ Մանարյանը:
Ռազմիկ Դավոյանը հայտնի փաստաթղթի վերաբերյալ հասարակության անհանգստությունները բնական համարելով` նշեց, որ ինքն էլ է անհանգստացած, բայց անհանգստությունը չպետք է լինի խուճապային ձևով: Իսկ ինքն այս փաստաթղթի միայն մեկ կետով է անհանգստանում, այն է` սահմանների վերաբերյալ բազմակողմանի համաձայնումը: «Այս սահմանային խնդիրը արձանագրության մեջ չպետք է լինի»,-կարծում է նա:
Ռազմիկ Դավոյանը իշխանությունների այս քայլը խիզախություն համարեց և նշեց, որ պետք է մի կողմ դնել սեփական նախասիրությունները, աշխատել պնդացնել նրանց թիկունքը, ովքեր գնալու են բանակցությունների: Իսկ Ղարաբաղի ու Ցեղասպանության հարցը նույնիսկ քննարկման խնդիր չէ, որովհետև արձանագրություններում չի նշվում դրանց մասին:
«Մենք հո չենք կարող դարերով ապրել այն բարդույթը շալակած, թե թուրքերը մեզ կխաբեն: Թուրքերը կխաբեն, դուք մի խաբվեք, և առհասարակ, եթե մեր միջի թուրքը մեզ չխաբի, թուրքերի խաբածն այդքան մեծ ազդեցություն չի ունենա մեր ժողովրդի վրա»,- ասաց բանախոսը:
Երվանդ Մանարյանը անեկդոտներով ու ասացվածքներով հիմնավորեց իր մտավախությունը. «Ընկույզ առանք, ընկույզ ծախեցինք, մեզ մնաց չըխկչըխկոցը»` վախենում եմ, որ այդ վիճակում չհայտվենք հանկարծ,- ասաց նա և շարունակեց,- էն խինկալու հետ կապված պատմությունը հիշում եք. ասում է` «այ ընկեր, այսպես չի լինի, էլի քեզ խաբեցին: Ասում է` ամեն անգամ տարբեր ձևով են խաբում»: Հիմա թուրքերի հետ հարաբերվելը և նրանց հետ գործ անելը կարող է այս խնդիրներից մեկի առաջ կանգնեցնել, նայած` թե բանակցություն վարողները որքանով իմաստուն կլինեն»:
Երվանդ Մանարյանն այս համաձայնագրում միջին ճանապարհին մոտ ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեսնում է:
Անդրադառնալով այս հարցում մտավորականների անելիքներին` նա կարևորեց մտավորականների հավատը. «Իմաստուն լինենք, իսկ իմաստությունը տարիների հետ կապված խնդիր է: Մի բան ակնհայտ է. մեր ազգային արժանապատվությունը ոտնատակ չտան»,- կարևորեց Երվանդ Մանարյանը:
«Ճիշտն ասեմ` մտավորականությանն ո՞վ է հարցնում,- կատակեց Ռազմիկ Դավոյանը,- ենթադրությունները հիվանդագին ձևով չպետք է խորացնել, մենք պետք է աշխատենք, ինչու չէ` աղոթենք, որ դրական ընթացք ստանա»:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել