
Ազգային փոքրամասնությունների հետ հարաբերություններում Վրաստանի համար ամենամեծ խնդիրը արտաքին այն ուժերի միջամտությունն է, որոնք թշնամաբար են տրամադրված Վրաստանի նկատմամբ: Նպատակը` ազգային փոքրամասնությունների շրջանում դժգոհություններ առաջացնելն է կենտրոնական իշխանությունների նկատմամբ և սրել քաղաքական իրավիճակը երկրում: Այս տեսակետն արտահայտեց Գարդաբանի շրջանից ընտրված Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի անդամ Ռամին Բայրամովը երեկ
Կովկասյան լրագրողների ցանցում օնլայն հարցազրույցի ժամանակ:
«Որպեսզի զերծ պահենք մեզ նմանատիպ միջամտությունից, Վրաստանի կառավարությունը ստիպված է ծախսել մեծ քանակությամբ էներգիա և ռեսուրսներ, որոնք կարող էին օգտագործվել ազգային փոքրամասնությունների կյանքը բարելավելու համար»,- «Հետքի» հարցին, թե վրացական իշխանության համար որո՞նք են ամենալուրջ և ամենադժվար խնդիրները ` կապված ազգային փոքրամասնությունների հետ, պատասխանել է պատգամավորը:
Ռամին Բայրամովը շեշտել է, որ Վրաստանում ապրող ադրբեջանցիներին առաջին հերթին անհանգստացնում են այն խնդիրները, որոնք ակտուալ են երկրի ողջ բնակչության համար:
«Խոսքը վերաբերում է սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես, օրինակ, գործազրկությունն է և ցածր եկամուտը: Որպես ազգային փոքրամասնություն, ադրբեջանցիները առավել շատ տուժում են պետական լեզվի չիմացության պատճառով, որից բխում է նաև նրանց իրավական անգրագիտությունը և երկրում կատարվող բազմաթիվ հասարակական-քաղաքական գործընթացներում նրանց մասնակցության պասիվությունը»,-ասել է պատգամավորը:
«Ձեր կարծիքով` եթե հայերը բարձրացնում են հայերենի` ռեգիոնալ լեզվի կարգավիճակի հարցը, ապա կբարձրացնե՞ն նույն հարցը նաև ադրբեջանցիները»,-հետաքրքրվել է ադրբեջանցի լրագրողը:
«Ես չեմ ցանկանում միևնույն հարթությունում դիտարկել Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի շրջանները: Դրանք տարբեր ժողովուրդներ են, տարբեր մշակույթներ և տարբեր մոտեցումներ: Երբեմն, եթե մի շրջանում ծագում է որևէ խնդիր, չգիտես ինչու` այդ հարցը տեղափոխում են նաև մյուս շրջան, այն դեպքում, երբ այնտեղ գոյություն ունի այլ մոտեցում նույն հարցի վերաբերյալ,-պատասխանել է պատգամավորը: -Ինչ վերաբերում է Վրաստանի ադրբեջանցիների ակտիվ մասսային, կարող եմ վստահաբար ասել, որ նրանք սեփական հայացքներն ունեն` անկախ ներքին խաղացողների հայացքներից, և բավական հստակ ռազմավարություն: Տվյալ դեպքում ես խոսում եմ հասարակության այն ակտիվիստների մասին, որոնք իրապես Վրաստանի ադրբեջանցիների հարգանքն ու աջակցությունն են վայելում»:
Շրջանցելով լրագրողի հարցը` Ռամին Բայրամովը հաստատում է, որ Վրաստանում ապրող ադրբեջանցիների մեծ մասը չի տիրապետում պետական լեզվին, որը լուրջ արգելք է ինտեգրվելու ճանապարհին: Վրաստանի խորհրդարանի պատգամավորը այս հարցին նախընտրում է մոտենալ գործնական տեսանկյունից. «Այն գյուղերում, որտեղ չկան մանկապարտեզներ, մենք աշխատում ենք ստեղծել վրաց լեզվի թեքումային մանկապարտեզներ: Իսկ այն գյուղերում, որտեղ կան մանկապարտեզներ, պետք է կատարելագործել վրաց լեզվի ուսուցումը: Այս ծրագրի իրականացումը բավական մեծ ֆինանսական հոսքեր է պահանջում»,-մանրամասնում է Ռամին Բայրամովը:
Վրաց հասարակությանն ինտեգրվելու երկրորդ և կարևոր պայմանը պատգամավորը դիտարկում է միջնակարգ դպրոցների վիճակը այն տարածքներում, որտեղ համախումբ ապրում են ադրբեջանցիները:
«Ցավոք լրագրողները և ոչ կառավարական կազմակերպությունները քիչ են հետաքրքրված այդ դպրոցների բյուջեներին վերաբերող հարցերով և իրավական պարտականություններով: Այդ դպրոցների ճակատագիրը հիմնականում կախված է ծնողներից ու ուսուցիչներից, որոնք իրենց հերթին շատ պասիվ են, շատերը չգիտեն իրենց իրավունքները, որից և օգտվում է դպրոցների տնօրինությունը»,-ասում է պատգամավորը:
Ինտեգրման երրորդ պայմանը պատգամավորը դիտարկում է պրոֆեսիոնալ դասատուների և ուսուցման մեթոդների արդյունավետությունը, որի վրա այս պահին աշխատում է Վրաստանի կրթության նախարարությունը:
Անդրադառնալով «Հետքի» մյուս հարցին, թե արդյոք օբյեկտիվ են լուսաբանվում Վրաստանի ադրբեջանցիներին առնչվող խնդիրները հենց Ադրբեջանում, Ռամին Բայրամովը պատասխանել է. «Նորմալ երևույթ է, երբ պատմական հայրենիքը հետաքրքրվում է իր հայրենակիցների ճակատագրով այլ երկրներում: Իհարկե, հաղորդած ինֆորմացիայի օբյեկտիվության տեսակետից ամեն ինչ չէ, որ իդեալական է: Բայց կարծում եմ, որ մեր պետությունները` Հարավային Կովկասի պետությունները զարգացող երկրներ են, դեռևս չհասունացած, երիտասարդ ժողովրդավարությամբ, և ապագայում ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Ադրբեջանցի լրագրողի հարցեին, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը, Ռամին Բայրամովը նկատել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում որևէ լուրջ վատթարացում չի դիտարկվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել