Կանխատեսում են ճգնաժամի խորացում
Այսօր Հայաստանի տնտեսական վիճակի մասին «Հայացք» ակումբում կանխատեսումներ արեցին Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը, ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:
Ներկա իրավիճակը գնահատելով` փոխնախարար Վարդան Արամյանը նշեց, որ տնտեսության 16.3 % անկումը հիմնականում նկատելի է շինարարության և արդյունաբերության ոլորտներում: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ շինարարությունը 53.5 % անկում է գրանցել, իսկ արդյունաբերությունը` 11.5 %:
«Անկումները շատ ավելի խորն էին, քան մենք ակնկալում էինք եռամսյակներ առաջ»,- խոստովանեց փոխնախարարը:
Վարդան Արամյանը նշեց, որ համաշխարհային տնտեսության համար կանխատեսումները նույնպես չեն արդարացել, անկումը ավելի խորն է եղել: Իսկ Հայաստանի տնտեսական զարգացումը համահունչ է համաշխարհային զարգացումներին:
Ֆինանսների փոխնախարարը տեղեկացրեց, որ իրենք մինչև տարվա վերջ կանխատեսում են ունենալ 12-15 % անկում:
«Ճգնաժամը համառորեն թակում էր մեր դուռը, բայց մենք ասում էինք, թե այն ազդեցություն չի ունենալու մեր համար: Դա ոչ վաղ անցյալում էր: Իրականում, բոլոր այն մարդիկ, ովքեր կանխատեսումներ են անում կարճ ժամանակի համար, երևի թե իրենց մոտ դա լավ չի ստացվում: Այս պարագայում մենք պետք է, խեղճ տեսք ընդունելով, օտարների փողեր ուզենք և ներարկենք մեր տնտեսություն, որ իբր թե տնտեսությունը մի փոքր աշխուժանա, դա վատագույն դեպքում շատ լավ բան է»,- ասաց ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը:
Փորձելով իրական գնահատական տալ տնտեսական ներկա վիճակին` Վարդան Բոստանջյանը նկատեց, որ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը տնտեսական աճ չեն կարող ապահովել: Իսկ շինարարությունը այս պահին խոցելի վիճակում է:
«Մենք տեսնում ենք, որ պարզապես կանգանծ են շինարարության բազմաթիվ օբյեկտներ,-ասաց բանախոսը:- Ավելի աշխույժ է մեր արտահանում-ներմուծում հարաբերակցության ցուցանիշը, որը գրեթե մոտիկանում է 1/7-ի հարաբերակցության: Մենք, փաստորեն, վճարում ենք ուրիշի կողմից ստեղծածի համար»:
Այդուհանդերձ, Վարդան Բոստանջյանը նշեց, որ կառավարությունը ինչ-որ բան անում է, որ Հայաստանը դուրս գա ճգնաժամից և կանխատեսեց, որ դուրս կգանք այդ իրավիճակից, առավել ևս` Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում կարծես թե կասեցվել է ճգնաժամը, որը կհասնի նաև Հայաստան, բայց 2010 թվականին:
ԿԲ նախկին նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը հիշեցրեց, որ դեռևս անցյալ տարվա վերջին գնահատական էր տվել, որ Հայաստանի տնտեսության անկումը կանխատեսված էր մոտ 20 %:
«Կիսամյակը ցույց տվեց, որ մեր վատագույն կանխատեսումը իրական է: Տատանումները հիմնականում պայմանավորված էին շինարարության փաստացի ծավալների ավելի մեծ անկմամբ, քան նախատեսված էր: Մենք այս պահին ունենք առևտրի և սպասարկման ոլորտի զարմանալի աճ: Իմպորտի 27-28 % կրճատում ունենք, արդյունաբերության 11 %-ից ավելի բարձր անկում ունենք, բայց առևտուրը աճում է»,- ասաց Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքերով` առևտրի աճը պայմանավորված է մեծ ստվերի և կառավարության տարբեր միջոցառումների, ՀԴՄ-ների կտրոնների խաղարկությամբ:
Բագրատ Ասատրյանի լավատեսական կանխատեսմամբ, անկումը շարունակվելու է: 2010 թ-ին անցյալ տարվա անկմանը կգումարվի նաև 1-1.5 % անկում: Հիմնականում նկատելի է լինելու առևտրի և սպասարկման ոլորտներով, փոքր աճ նախատեսվում է շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում:
«Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի համար որոշիչ են լինելու այն զարգացումները, որոնք լինելու են Ռուսաստանում: ԵՄ-ն մեր տնտեսության վրա համարյա ազդեցություն չի թողնում»,- կարծում է բանախոսը:
ԱՊՀ անդամ երկրները ամփոփել են իրենց երկրների տվյալները, և վատագույն ցուցանիշներ են ցուցաբերել Ուկրաինան` մոտ 30 % անկում, Հայաստանը` 16.3 %, Ռուսաստանը` 12 %: Փոխնախարար Վարդան Արամյանն էլ փաստեց, որ ԱՊՀ-ի համար արդեն իսկ կայուն վիճակի հասնելու միտումներ կան:
«Եթե Ռուսաստանի տնտեսությունում 2010 թվականին դրակամ միտումներ նշմարվեն, և տնտեսական աճը կազմի առնվազն 3 %, այս պարագայում կարող ենք սպասել, որ Հայաստանում տնտեսական աճը կվերականգնվի լավագույն դեպքում 2011 թ.-ին»,- կանխատեսեց Բագրատ Ասատրյանը:
Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ դրական միտումներ չկան, չեն էլ սպասվում, քանի որ Հայաստանում հակաճգնաժամային ծրագիր գոյություն չունի: Սակայն փաստելով, որ կառավարությունը փորձում է արտաքին միջոցներով իրավիճակը փոխել, Բագրատ Ասատրյաը նշեց, որ հիվանդությունը պետք չէ հիվանդության պատճառով բուժել, այսինքն` ոչ թե փողի ներհոսքով, այլ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, համալիր ծրագիր, որ պետք է ներառի կյանքի բոլոր հատվածները, այդ թվում նաև քաղաքական:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել