HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուժեղ երկրաշարժեր չեն կանխատեսվում

14_08-Antonyan-KosobokovՍեյսմիկ տեսակետից այս տարի անհանգստացուցիչ կանխատեսումներ դեռևս չկան: ՀՀ «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պետ Ալվարո Անտոնյանն այսօր «Ուրբաթ» ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  2009 թ.-ին ավելի քիչ երկրաշարժեր են գրանցվել, քան նախորդ տարիներին` նույն ժամանակահատվածի համեմատ: «Դեռևս այնքան հանգիստ է, որ մենք չենք էլ ցանկանում, որ այդքան հանգիստ լինի»,- կատակով ավելացրեց բանախոսը: Սեյսմիկ տեսակետից 2009 թ.-ի ամենաուժեղ իրադարձությունը Գառնիի երկրաշարժն էր, որը խուճապ էր առաջացրել թե' մայրաքաղաքում և թե' էպիկենտրոնի հարևան բնակավայրերում: Իսկ թույլ երկրաշարժեր ամեն օր լինում են, քանի որ երկրակեղևն անընդհատ շարժման մեջ է գտնվում: Մասնագետի հավաստմամբ` Հայաստանի տարածքը տարեկան շարժվում է 15-20 մմ արագությամբ դեպի հյուսիս: Հարավից նրան հրում է արաբական սալը, հյուսիսում է ռուսական հսկա սալը: «Փաստորեն, հարավից արաբական սալը մեզ տանում է դեպի հյուսիս»,- ասաց Ալվարո Անտոնյանը: Ասուլիսի մյուս բանախոսը Երկրաշարժի կանխատեսման միջազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ, ՌԴ ԳԱԱ անդամ, գեոդեզիայի եւ գեոֆիզիկայի պրոֆեսոր Վլադիմիր Կոսոբոկովն էր: Նրա հավաստմամբ` իրենց միջնաժամկետ կանխատեսումները ևս վկայում են, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում որևէ վտանգ չկա: «5-ից ավելի մագնիտուդով երկրաշարժի վտանգ չէր գրանցվել, և այս 2-2.5 տարիները այդպես էլ ցույց տվեցին: Հիմա ևս մենք հիմքեր չունենք անհանգստանալու: Յուրաքանչյուր կես տարին մեկ մենք նորացնում ենք տվյալները, որոնք վկայում են, որ ապագայում ուժգին երկրաշարժ չի սպասվում»,-ասաց Վլադիմիր Կոսոբոկովը: Լրագրողների հարցին, թե որքանով են կանխատեսումներն իրականությանը համապատասխան, պրոֆեսորի մեկնաբանմամբ, Հայաստանն այն տարածաշրջանն է, որը նաև առաջին վառ օրինակն է եղել` կանխատեսված երկրաշարժերի առումով: Սպիտակի երկրաշարժը, փաստորեն, այն երկրաշարժն էր, որը դեռևս 1986 թ.-ին կանխատեսվել էր Կովկասում: «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը զբաղվում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման խնդիրներով, այսինքն` սեյսմիկ ռեժիմի վերլուծությամբ: Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում գործում են ավելի քան 150 կայաններ, որոնցից տեղեկատվությունը հավաքվում և մշակվում է Երևանում: 10 օրը մեկ գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության սարքավորումների մի մասը ամենաժամանակակից են, մյուս մասը, որ շահագործվում է արդեն 20-25 տարի, ինչպես Ալվարո Անտոնյանը նշեց, մաշվել է և' բարոյապես, և' ֆիզիկապես: Վայքում շուտով կտեղադրվեն սեյսմոլոգիական խմբային նոր ժամանակակից կայաններ, որոնք ձեռք են բերվել ֆրանսիացիների օգնությամբ: Դա նաև կհեշտացնի աշխատանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter