HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երաժշտական փառատոն` զբոսաշրջության զարգացման համար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերությունը օգոստոսի 28-ին, Սևանա լճի ափին նախաձեռնել է անցկացնել «Երաժիշտներ հանուն խաղաղության» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնը: Այսօր Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախաձեռնությանն աջակցելու նպատակը նոր, մրցունակ զբոսաշրջություն ձևավորելն է: «Նախաձեռնությունը համապատասխանում է պետական քաղաքականության խնդիրներին, քանի որ այն միջազգային բնույթ է կրում, քանի որ մասնակցում են թե' տեղական, թե' այլ երկրների երաժշտական խմբեր և կազմակերպություններ: Այն հնարավորություն է տալիս նպաստել ներքին զբոսաշրջությանը և միտում ունի ավանդական դառնալու` Հայաստանը որպես փառատոներ կազմակերպող երկիր միջազգային շուկայում ներկայանալու համար»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: Փառատոնին աջակցում են նաև Տրանսպորտի և կապի, Սփյուռքի, Մշակույթի նախարարությունները: «Սա պետության և մասնավոր հատվածի հնարավոր բոլոր շահագրգիռ կողմերի  համագործակցությամբ իրականացվող միջոցառում է»,- հավելեց Մեխակ Ապրեսյանը: «Հետքի» հարցին, թե փառատոնի կազմակերպման համար որքան գումար է ծախսվել, Ֆորշը կարճ պատասխանեց` շատ: Նա չցանկացավ կոնկրետ թիվ նշել. «Ես չեմ սիրում ներքին խոհանոցը հանել ջրի երես»: Պարզվեց, որ վերոնշյալ աջակից նախարարությունները ֆինանսապես չեն աջակցում, ֆինանսական միջոցները հոգում է «Ֆորշ ընդ ֆրենդս»-ը: Այս տարի փառատոնին կմասնակցեն ռոք և բլյուզ ժանրերի խմբեր Հայաստանից` Ֆորշ և «Ռե մինոր», «Քրոսսռոդս», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», Վրաստանից` «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ», «Վովա Մագիլաձե», «Զումբալենդ» և Անգլիայից` «Ամրիտա»: Մուտքը տոմսերով է, սակայն դեռևս արժեքը չի որոշված: Տոմսի մեջ մտնելու է նաև փոխադրամիջոցը: Ֆորշը տեղեկացրեց, որ իրենք սկսել են բանակցել նաև ամերիկյան մի շարք հայտնի երաժիշտների հետ, որոնք գործարարների աջակցությամբ կկարողանան մասնակցել հաջորդ տարվա փառատոնին: Անցում կատարելով երաժշտությանը` Ֆորշը նշեց, որ ռոք երաժշտությունը Հայաստանում ծաղկում է ապրում: «Ջազ ոճը նույնպես իր նիշան ունի, կարելի է ասել` ամբողջ նախկին Սովետական Միության տարածքում»,-հավելեց երաժիշտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter