HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջավախքը հոգևոր սննդի կարիք ունի»

«Ոսկե ծիրանը» անիվների վրա օգոստոսի 12-16-ը կլինի Ջավախքում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ռեժիսոր, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սա կինոփառատոնի արտափառատոնային երկրորդ այցն է Ջավախք: Օգոստոսի 19-23-ը փառատոնը կտեղափոխվի Արցախ` Շուշի եւ Ստեփանակերտ:

Կցուցադրվի 6-րդ «Ոսկե ծիրանի» ֆիլմերի ընտրանին, այդ թվում միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակների արժանացած վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը», ինչպես նաև Հարություն Խաչատրյանի «Սահմանը», Սերգեյ Փարաջանովի «Նռան Գույնը», Մ. Հովհաննիսյանի «Ուրվականը», Աշոտ Մելքոնյանի ֆիլմը Արարատի մասին և այլն: Ախալքալաքում կցուցադրվեն նաև հայկական և վրացական վավերագրական ֆիլմեր: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փոխտնօրեն, ռեժիսոր Արա Խանջյանն է ծրագիրը կազմել: Նրա խոսքերով` ընտրվել են այն ֆիլմերը, որոնք լեզվի հետ կապված խնդիրներ չեն առաջացնի ինչպես ջավախքցիների, այնպես էլ արցախցիների համար, այսինքն` հայալեզու և ռուսալեզու ֆիլմեր: Հանդիսատեսը հետաքրքրություն է ցուցաբերում և խնդրում է ցուցադրել հատկապես հայկական հին ֆիլմերը: «Օրինակ` այս տարի մենք «Նռան գույնը» ընդգրկել ենք ոչ միայն նրա համար, որ 40-ամյակն է, այլ երկու տարի շարունակ Արցախ գնալիս մեզ մոտենում էին մարդիկ և ասում, որ շատ են ուզում տեսնել «Նռան գույնը»»,- ասաց Արա Խանջյանը: Այս տարի առաջին անգամ փորձ կարվի ենթագրերի միջոցով ներկայացնել առաջին մրցանակ շահած վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը: Ցուցադրությունները կայանալու են Ախալքալաքի մշակույթի տանը: Ախալքալաքն ուներ նաև կինոյի տուն, սակայն այն վաղուց չի գործում և արդեն վաճառվել է: Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք փորձել են գնել կինոտունը, սակայն չեն հասցրել: Այն վաճառվել է մասնավոր անձանց: Ախալքալաքի մշակույթի տունը տեխնիկական հնարավորություններ չի ապահովում, արտափառատոնային ծրագրի կազմակերպիչներն իրենց հետ տանում են անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները: Արդեն 150 գովազդային պաստառներ են փակցված Ջավախքում, տեղական հեռուստաընկերություններով հաղորդվում է «Ոսկե ծիրանի» ջավախքյան այցելության մասին: Հրավիրատոմսերն ուղարկված են: «Եկողները շատ չեն լինելու, մարդիկ ետ են սովորել»,- ասաց Հարություն Խաչատրյանը և նշեց, որ «Ոսկե ծիրանի» առաջին տարիներին էլ քիչ հանդիսատես կար, սակայն հետզհետե նրանց թիվն ավելացավ: «Ոսկե ծիրանը» Ջավախք տանելուն աջակցում են Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի, Վրաստանի Ազգային կինոկենտրոնի», Հայաստանի մշակույթի նախարարությունը, «Արցախ Ալկո» ընկերությունը, Sorvano ընկերությունը և ԳԱԱ պատմության ինստիտուտը:

«Ոսկե ծիրանը» անիվների վրա` Ջավախքում ծրագրի հիմնադիրներն են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ծնունդով ջավախքցի Աշոտ Մելքոնյանը, Sorvano ընկերության հիմնադիր տնօրեն, գործարար Սոս Սահակյանը: Աշոտ Մելքոնյանի կարծիքով` Ջավախքը կարող է ոչ թե ջրբաժան հանդիսանալ Հայաստանի և Վրաստանի միջև, այլ բարեկամության կամուրջ դառնալ: «Երբեք Ջավախքը չի կարող թշնամության դեր կատարել Հայաստանի և Վրաստանի միջև, որոնք այդ հանգամանքը չհասկանալով, չգիտես ինչու, մի կողմից Հայաստանը Ջավախքն ընկալում է որպես հոգս, մյուս կողմից ընկալում է Ջավախքը անջատողականության շրջան` վրացական իշխանությունների կողմից, և ավելորդ զգուշավորություն է հանդես բերում այս խնդրում»,- ասաց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենի կարծիքով` մշակույթը այն բնագավառն է, որի միջոցով կկարողանան առաջացած ջրբաժանը վերածել բարեկամության կամրջի Հայաստանի և Վրաստանի միջև: «Հայ-վրացական կինոարվեստը, որը խորը արմատներ ունի, կարող է նպաստավոր լինել Ջավախքում մշակութային կյանքը աշխուժացնելու համար»,- նշեց Աշոտ Մելքոնյանը և շեշտեց, որ այսօր Ջավախքն ավելի շատ կարիք ունի մշակութային աջակցության, քան նույնիսկ նյութական: Նա նաև նկատեց, որ չնայած չկան աշխատատեղեր, կան բազմաթիվ խնդիրներ, բայց հոգևոր սննդի պակասը կարող է ավելի աղետալի լինել, քան նյութականը: Սոս Սահակյանը գործարար է` ծնունդով Սամցխե-Ջավախքից: Նա հպարտությամբ նշեց, որ Sorvano ընկերությունը հարկատուների ցուցակում 17-րդ տեղն է զբաղեցնում: Նրա խոսքերով` իրենք խնդիր են դրել զարգացնել մշակութային կյանքը Ջավախքում: Անցյալ տարի Տամալա գյուղում համատեղ ուժերով բացվել է գյուղի եկեղեցին: Հաջորդ մշակութային քայլը Սուրեն Սուրենյանցի հուշաքարի բացումն էր Ախալցխայում: «Այսօր վրացական իշխանությունների կողմից նկատվում է շրջադարձային մոտեցում դրական իմաստով, նրանք հրավիրում են բիզնեսի կազմակերպման, արտադրական կառույցների ստեղծման գործին»,- ասաց գործարարը: Ջավախքից բացի, մյուս տարի նախատեսվում է «Ոսկե ծիրանը» տեղափոխել նաև հայաշատ այլ վայրեր` Ասպինձա, Ախալցխա և այլուր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter