
Ճանապարհը Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքով
Առավոտյան ժամը 08:20-ին Քանաքեռի կայարանից Երևան-Սևան-Շորժա ուղղությամբ մեկնում է էլեկտրագնացքը: Ուղևորները քիչ են, էլեկտրագնացքի վագոնները` գրեթե դատարկ: Գնացքը շարժվում է: Սակավաթիվ ուղևորների գերակշիռ մասը երիտասարդներ են: Ամռան երեք ամիսներին էլեկտրագնացքն աշխատում է ամեն օր` Երևան-Շորժա ուղղությամբ, իսկ ձմռանը` Երևան-Հրազդան:
Ամռան այս սեզոնին էլեկտրագնացքից օգտվում են Սևանա լիճ ուղևորվող հանգստացողները: Երիտասարդ խմբեր, ընկեր-ընկերուհիներ, կիթառ, հեռախոսների ռադիոընդունիչներից երաժշտության կիսախուլ հնչյուններ և… մոտենում է տոմսավաճառը:
Երևան-Սևան` 500 դրամ: Երևան-Շորժա` 750 դրամ: Միջանկյալ կայարաններում բարձրացող կամ իջնող ուղևորների համար պատին փակցված է գնացուցակը: Դանդաղ շարժվում է գնացքը` հետզհետե ավելացնելով արագությունը. 40 կմ/ժամ արագությամբ դուրս է գալիս Երևանից և մոտենում Աբովյան քաղաքին: Նոր ուղևորներ, արդեն` բեռներով: Այստեղից էլ գնացքը հասնում է Չարենցավան` կրկին ուղևորներ վերցնելով: Եվ կրկին տոմսավաճառը…. Գնացքի անդորրը ժամանակ առ ժամանակ «խանգարում է» թերթ վաճառողը. ժամանցային բնույթի թերթերը և խաչբառները ձեռքին` անցնում է Տիգրանը: Ձեռնափայտով է, կաղում է: Դժվարությամբ է անցնում վագոնից վագոն: Ծամոն էլ է վաճառում: Շուկայական 120-150 դրամի փոխարեն` 250 դրամով: Ուղևորներից մեկն ուզում է գնել, փորձում է սակարկել: -Որ 200 տամ կլինի՞: -Որ 250 տաք` ավելի լավ կլինի: Չի մերժում Տիգրանին, տալիս է: Տիգրանը գոհ հեռանում է: Շաբաթ-կիրակի օրերին Տիգրանը աշխատում է գնացքում: Դժգոհ չէ, օրը մոտ 2000 դրամ վաստակում է: Գնացքում ոստիկան էլ է շրջում: Պահպանում է հասարակական կարգը: Սոլակի կայարանից նա օգնում է Աղավնի տատին բարձրանալ էլեկտրագնացք: - Շատ լավ գնացք է, հարմարավետ: Մեզ համար ձեռնտու է, էսքան բեռներ եմ տեղափոխում, «մառշռուտնիով» հո չէի կարող, ոչ էլ` ավտոբուսով,- ասում է Աղավնի տատը և տեղավորում իրերը` բանջարեղենով ու մրգերով լեցուն:
Մեքենավար Սերգեյ Աբրահամյանը ուղևորներին հասցնում է մինչև Հրազդան և իր տեղը զիջում գործընկերոջը` Հավերժ Խաչատրյանին: Էլեկտրագնացքը մեծ չէ: Բաղկացած է 4 վագոնից և մեքենավարի կիսավագոնից: Մեքենավարի խցիկը փոքր է: Տեղավորվել են մեքենավարը, օգնականը և ավագ տոմսավաճառը:
Հերթափոխն ընդունում է Հավերժ Խաչատրյանն իր օգնականի` Արտյոմ Եղիազարյանի հետ: - Ամեն ինչ նորմալ է, գնացինք,- ստուգելով սարքավորումներն ու հետևելով արդեն տեղավորված ուղևորներին` շարժվելու նշան է տալիս մեքենավարի օգնականը: - Սերգեյը 40 տարվա փորձ ունի, Բաքու-Երևան է քշել,- հերթափոխը հանձնած գործընկերոջ մասին ժպիտով պատմում է Հավերժ Խաչատրյանը:- Իսկ Արտյոմը Թիֆլիս է ավարտել: - Մենք բոլորս Թիֆլիս ենք ավարտել: Էս անկախությունը որ չկար, ժամանակին եղել ենք «զակավկազսկի ժելեզնադարոժնիկներ»,- համեստորեն, բայց հպարտությամբ հավելում է Արտյոմը: Արտյոմը 1979 թ.-ից աշխատում է իր մասնագիտությամբ: Բայց դժգոհում է, որ այս ընթացքում ծովափում հանգստանալու ուղեգիր ոչ մի անգամ չեն տվել: Մեքենավարը ավելացնում է արագությունը: Բայց առավելագույն թույլատրելի արագությունը 50 կմ/ժամ է: Այն էլ` շատ քիչ վայրերում կարելի է հասցնել 50-ի: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն է շահագործում երթուղին: Կատակասեր մեքենավարի օգնականը սկսում է գնացքից ու իրենց աշխատանքից պատմել: - Տեխնիկական մասերը հարմար է` համեմատած մեր հներին: Մերոնք շատ վատ վիճակում էին, մաշվել էին, շունչը փչում էր,- ասում է Արտյոմ Եղիազարյանը: Նա գոհ է գնացքից, որը մոտ 5 ամիս առաջ է Ռուսաստանից բերվել` Լենինգրադից: - Սպասիբո Ռասիի, բայց մի քիչ եթե աշխատավարձերը բարձրացնի, ավելի լավ կլինի,-շարունակում է մեքենավարի օգնականը,- չենք բողոքում, բայց այսօրվա պայմաններում շատ քիչ է: Նա ստանում է 70 հազար դրամ: Մեքենավարը` 100 հազար: Աշխատում են երեք բրիգադով` հերթափոխով: - Սա՞ է նորը, 73 թվի մեքենա է, ցախավելով էլ ներկած: Մուսռնի սվալկեքում սենց տրանսպորտ չկա,- միջամտում է ավագ տոմսավաճառը: Նա չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակենք: - Ինձ գործից կհանեն, գործ չունեք,- հիմնավորեց նա: - Իմիջիայլոց, երբ որ այստեղ «սկվազնյակ» է, ոչ մի բան մի գրի,- հումորով ավելացրեց Արտյոմը: Նոր գնացքը մի փոքր փոփոխություն մտցրել է, առավել հարմարավետ է, քան հինը: Բայց աշխատակիցներն ասում են, որ կայարանը տեղափոխելուց հետո էլեկտրագնացքից օգտվողների թիվը զգալիորեն նվազել է: Ուսանողներն ավելի քիչ են օգտվում: Քչերն են գալիս Քանաքեռի կայարան: Նախկինում էլեկտրագնացքը շարժվում էր Կասկադի մոտից, Ուսանողական (հանրակացարանների մոտ) և Արաբկիր կայարաններից: 2004 թ.-ից կանգառը տեղափոխվել է Քանաքեռի կայարան: - Քաղաքի հետ կապ ունեինք, ուսանողները Կասկադից իջնում էին Պոլիտեխնիկ: Հետո այնտեղ ճանապարհ սարքեցին և կայարանը տեղափոխեցին,- ասում է ավագ տոմսավաճառը:- Օգտվողների ծախսն էլ է շատացել:
- Ես Քաղսի գյուղից եմ: Մեր գյուղի 80 տոկոսը այս գնացքից էր օգտվում: Գյուղատնտեսական ապրանքներ էին տանում ծախելու, իսկ հիմա չեն կարող: Ախտա, Քաղսի, Սոլակի ժողովուրդը, որը որ այս գնացքից էր օգտվում, հիմա վատ վիճակի մեջ է, քանի որ գնացքը գնում է մինչև Քանաքեռ: Քանաքեռում հարմար տրանսպորտ չկա, իսկ Ուսանողական կայարանը շատ հարմար էր: Ասենք` խնձորը տանում էին, գնացքից իջացնում էին և սպառում: Մենք շատ ենք բողոքել, բայց հաշվի չեն առնում,- ասում է Արտյոմը: Մյուս աշխատակիցներն էլ են փաստում, որ իսկապես բողոքել են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավարությանը, հայ վերադասներին: Նամակներ են ուղարկել, սակայն որևէ պատասխան չեն ստացել: Նույնիսկ ուղևորներն են գնացել, մեծահասակներ, վետերաններ, հայտնել են իրենց դժգոհությունը: 150 հոգանոց ստորագրություններով բողոք են գրել, այդպես էլ դրական պատասխան չեն ստացել:
- Գյուղական կառամատույցները, կայարանները և սպասասրահները գոմի են վերածված, ավերակի, Քելբաջարից բեթար է: Միայն փողը դնում են գլավնի կայարաններին` Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Շորժա: Սոլակ, Քաղսի, Դդմաշեն` կառամատույց չկա,- ցույց տալով Դդմաշենի կայարանը` իր դժգոհությունն է շարունակում արտահայտել Արտյոմը: - Ինչ ես բողոքում,- գործընկերոջ խոսքին միջամտում է ավագ տոմսավաճառը:-Լրագրողները քամի են. ինչքան մեռելին ծաղիկն է օգնում, այնքան էլ լրագրողները` մարդուն: Եկան խմբագրություններից, գրեցին, գնացին, ոչ մի օգուտ, ձևական բաներ են: Ոչինչ էլ չի փոխվի: - Ինչ անեմ, թող իմանան, որ մենք էլ խնդիրներ ունենք,- արդարանում է մեքենավարի օգնականը:
Մոտեցանք Ծաղկունք կայարանին: Մեքենավար Հավերժ Խաչատրյանը ցույց է տալիս դիմացի բացատը. - Այստեղից պետք է սկսվի Իրան-Հայաստան երկաթգիծը: - Նախկինում այստեղ կառուցված էր գիծ, որը գնում էր մինչև Կամո: Քանի որ քանդեքանդը սկսվավ, թալանը սկսվավ, խելացի մարդիկ սաղ քանդեցին, տարան հանձնեցին: Դրա համար գծերի տեղը բան չի մնացել,- ավելացրեց ավագ տոմսավաճառը: Գնացքը հասավ Սևան: Ուղևորների մեծ մասն իջավ: Հետո հասավ Աղթամար կղզի:
Էլեկտրագնացք բարձրացավ արևից վառված դեմքով «գծերին նայողը»: Նա էլ է երկար տարիներ աշխատում այս գծի վրա: Բայց միայն մի դեպք հիշեց, երբ 1989 թ.-ին հորդառատ անձրևից քարեր էին գլորվել երկաթգծի 105-րդ կմ-ում` Արևիկ կայարանում, հայ աշխատողներ չեն եղել. թուրք բանվորներն են վերականգնել գիծը: - Սեկցիան գծից թռավ, բայց մարդիկ չվնասվեցին,- պատմեց նա: Կատակասեր և աշխույժ մեքենավարի օգնականը, Ախթամարի արձանի կողքով անցնելիս, հիշեց Հ. Թումանյանի «Ա~խ, Թամարը» և երգեց` «Ծիծաղախիտ Վանա ծովի...» առաջին և վերջին քառյակները: - Միանգամից մեռցրիր խեղճին, բա նա ամեն գիշեր սպասում էր իր սիրեցյալին, կրակ էր վառում,- կատակեց ավագ տոմսավաճառը:
- Մենք այսպես ուրախ ենք անցկացնում մեր օրը, կատակներով, երգով, որ հեշտ անցնի ճանապարհը, կյանքն էլ` ուրախ,- վերջին պահին ավելացրեց մեքենավարի օգնականը: Ժամանակացույցից 5 րոպե անց էլեկտրագնացքը մտավ կայարան: Էլեկտրագնացքը սուլեց վերջին անգամ և կանգ առավ: Մնացած մի քանի ուղևորները ևս լքեցին վագոնները: Անձնակազմի աշխատակիցները հեռակա հրաժեշտ տվեցին ուղևորներին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել