
«Էմփիրեյ» ռոք խմբի անդամ, երգերի խոսքերի հեղինակ Գիսանե Պալյանը կարծում է, որ հայկական հեռուստաեթերում ռաբիսի «հեղափոխություն» է տեղի ունեցել, որից հետո մուղամն ու կլկլոցը մատուցվում է որպես փոփ երաժշտություն: «Համատարած ռաբիս է, հեռուստաալիքները ինչ-որ ցենզուրայով պետք է աշխատեն, նույնիսկ դիկտատուրա է պետք»:
Իսկ երաժիշտ Արտավազդ Բայաթյանը դեմ է ցենզուրայի սահմանմանը. «Մենք վերջապես ազատվել ենք սոցռեալիզմից, երբ երգչին թույլ չէին տա բերանը բացել, մինչեւ չստուգեին, թե երգն ով է գրել եւ ինչի համար: Դուք ուզում եք, որ այդ օրերը վերադառնա՞ն»:
Այսօր Հայելի ակումբում Գիսանե Պալյանը եւ Արտավազդ Բայաթյանը խոսեցին ժամանակակից երգերի խոսքերի բովանդակության եւ դրա բացակայության մասին:

Բայաթյանը կարծում է, որ փոփ երաժշտության մեջ խոր իմաստ փնտրել պետք չէ, եւ բոլորովին պարտադիր չէ, որ երգերի խոսքերը պոեզիա լինեն: Նա ռաբիս երգից մի հատված օրինակ բերեց. «Մենք գնացինք Դիլիջան, որտեղ կերանք Բադրիջան»:
Բանախոսի կարծիքով` երաժշտական բոլոր ոճերն ու տեսակներն էլ գոյության իրավունք ունեն, պարզապես պետք է դրանք չխառնել իրար: «Փոփ երգիչը չպետք է Օպերայի դահլիճում երգի, իսկ ռաբիսն էլ պետք է ռեստորաններում հնչի»: Գիսանե Պալյանն էլ ասաց, որ պոետին պետք է տարբերակել երգ գրողից:
Այնուհետեւ բանախոսները քննարկեցին հայկական եթերը եւ եզրահանգեցին, որ եթե մասնավոր հեռուստաալիքները կարող են ցուցադրել ինչ ուզում են, ապա քաղաքացիների հարկերից սնվող Հանրային Հեռուստատեսությունը պարտավոր է որոշակի մակարդակ ապահովել:
«Կարող են դասական երաժշտություն տալ եւ ոչ ամենաբարդ գործերը, այլ մատչելի դասականները: Փոխարենը հեռարձակում են ռեստորանների երգիչների երգերը»,- ասաց Գիսանե Պալյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել