HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկսվել է Վահագն Չախալյանի գործով վերաքննիչ բողոքի դատալսումը

chakhalyanՆա մեկ տարի է` անազատության մեջ է

Այսօր Թբիլիսիի Վերաքննիչ դատարանում սկսվել է «Միասնական Ջավախք» դեմոկրատական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի գործով   դատալսումը: Դատարանը մերժել է Չախալյանների փաստաբանների բոլոր միջնորդությունները բացառությամբ վրացի փաստաբան Նինո Անդրիաշվիլու ներկայացրած` զենքերի փորձաքնությունը այլընտրանքային փորձագիտական կենտրոնին հանձնելու միջնորդությունը:

Մասնավորապես, դատարանը մերժել է մինչև դատական նիստը փաստաբանների ներկայացրած երկու միջնորդությունները, ինչպես նաև «Ռուսթավի» հեռուստաընկերությունից տեսանյութը պահանջելու և հետազոտելու, դատական նիստում լրագրողներին  տեսաձայնագրելը թույլ տալու վերաբերյալ միջնորդությունները: Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 18-ը` հաշվի առնելով ինչպես Նինո Անդրիաշվիլու միջնորդությունը, այնպես էլ ամառային արձակուրդները: Փաստաբան Ստեփան Ոսկանյանի տեղեկացմամբ, այսօրվա դատական նիստում ապահովված թարգմանությունը նույնպես վատ էր իրականացվում, նույնիսկ աղավաղվում էին դատական և իրավական տերմինները: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը անցյալ տարի հուլիսի 21-ին ձերբակալվեց: Նրա ձերբակալմանը նախորդել էին հուլիսի 17-ին  Ախալքալաքի Թամար թագուհու փողոցում, շրջանի ոստիկանապետի տան մոտակայքում հնչած պայթյունը,  «Միասնական Ջավախքի» անդամ, Ախալքալաքի Սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանին այդ ամենում կասկածելը,  մինչ օրս չպարզված հանգամանքներում երկու հայ ոստիկանների մահը, «Միասնական Ջավախքի» մի շարք ակտիվիստների ձերբակալումները, այնուհետև` հետապնդումները: Մինչ օրս Գուրգեն Շիրինյանը փախուստի մեջ է, և նրա գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չկա: Հեռակա կարգով անցկացվող դատավարություններում նա մեղավոր ճանաչվեց սպանություն եւ զենք-զինամթերքի պահպանման մեջ: Նրան 17 տարի ազատազրկման ենթարկեցին: Հուլիսի 21-ի «Միասնական Ջավախքի» եւ Երիտասարդական ռադիոյի գրասենյակից, ինչպես նաեւ Վահագն Չախալյանի տնից` իբրև հայտնաբերվեց ու առգրավվեց զենք։ Վահագն Չախալյանը ձերբակալվեց, կալանավորվեցին նրա եղբայրը եւ հայրը: Վահագն Չախալյանի նկատմամբ առաջադրվեց մեղադրանք Վրաստանի քրեական օրենսգրքի 6 հոդվածներով` զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերմում կամ պահպանում, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում, ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն , խուլիգանություն` կատարված խմբակային համաձայնությամբ և պետական պաշտոնյայի նկատմամբ: Ախալցխայի առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճռով Վահագնին արդարացրել է իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կազմակերպելու մասով, սակայն նրան մեղավոր է ճանաչել այդ զանգվածային անկարգություններին մասնակցություն ունենալու համար: «Ինչպես 2006թ-ի մարտի 11-ի, այնպես էլ հոկտեմբերի 9-ի զանգվածային միջոցառումներին մասնակցել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնցից ոչ մեկին նախաքննության ընթացքում մեղադրանք չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ դատական նիստի ընթացքում տեսաերիզի վերարտադրության ժամանակ դատավարության մասնակիցներն ականատես եղան գործի քննությամբ չպարզված անհայտ անձանց կողմից պրովոկացիոն ելույթների ու գործողությունների փաստին»,-հիմնավորում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ բողոքի հայցադիմումում: Վրաստանի արդարադատության նախարարությունը թույլ չտրեց նաև ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին` ստանձնել Չախալյանների պաշտպանությունը: Օրենքի հունիսի 24-ի փոփոխությամբ հիմնավորելով` Թբիլիսիի վարչական դատարանը մերժեց նրա բողոքն ընդդեմ Վրաստանի ԱՆ-ի որոշման: «Միասնական Ջավախքի» և «Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության» (ՋԵՄՄ) շենքը մինչ օրս փակի տակ է: Առգրավված է ողջ գույքը, չեն գործում ՋԵՄՄ-ի մշակութային և սպորտային խմբակները, չի գործում նաև Ջավախքի միակ հայկական ռադիոկայանը` «Երիտասարդական ռադիոն», «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter