
«Առաջին հերթին մենք պետք է իրականացնենք ենթակառուցվածքներին վերաբերող այն ծրագրերը, որոնք կբարելավեն այս տարածաշրջանի կապը երկրի այլ մասերի հետ: Մենք նաև պետք է խթանենք տնտեսական, և առաջին հերթին Սամցխե-Ջավախքի գյուղատնտեսության զարգացմանը»,-երեկ կովկասյան լրագրողների ցանցում օնլայն հարցազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ընդդիմության առաջնորդ, «Դաշինք հանուն Վրաստանի» միության առաջնորդ Իրակլի Ալասանին: Նա նաև եղել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը:
Իրակլի Ալասանին շեշտել է, որ Վրաստանի հայ բնակչությունը վրաց հասարակության անքակտելի մասն է, իսկ դրա ապացույցը Վրաստանում երկու ժողովուրդների բազմադարյան համատեղ գոյատևումն է:
«Նրանք շատ աշխատասեր ժողովուրդ են, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ տարածքի համար բաց լինեն բոլոր շուկաները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում: Բնակչությունը պետք է մասնակից լինի երկրում ընթացող բոլոր կարևոր և կենսական գործընթացներին»,-հայերի ինտեգրումն ապահովելու այս միջոցն է տեսնում Իրակլի Ալասանին:
Թե ինչպիսի փոփոխություններ են սպասվում ղարաբաղյան հակամարտության շուրջ երեկվա Ալիև-Սարգսյան-Մեդվեդև հանդիպումից հետո, վրացի ընդդիմադիր առաջնորդը նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, մշտապես շատ ուշադիր հետևում են երկու երկրների առաջնորդների հանդիպումներին, քանի որ դա մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի կայունության համար:
«Եվ մենք մեր հերթին պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այդ խնդիրները լուծելու հարցում, քանի որ Վրաստանը ռազմական ու եղբայրական հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: Մենք բոլորս պետք է գիտակցնեք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավումը ոչ միայն մեր երկրների համար են կարևոր, նկատի ունեմ Հարավային Կովկասի պետությունները, այլև կարևոր է կովկասյան տարածաշրջանի հաջող ինտեգրմանը ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության այլ համակարգերին»,-ասել է Իրակլի Ալասանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել