
Հանրապետությունում այս պահի դրությամբ ծիրանի բերքահավաքի շուրջ 80 %-ն իրացվել է: Եթե անցյալ տարի շուրջ 80 հազար տոննա ծիրան էր հավաքվել, ապա այս տարի սպասվում է ծիրանի 80-82 000 տոննա բերք: Միայն Արմավիրի մարզում անցյալ տարվա համեմատությամբ արձանագրվել է 4-5 հազար տոննա ավելի բերք:
«Նույնիսկ որոշ համայնքներում բերքն այնքան առատ է, որ նկատվում է մանրապտղություն»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ նկատեց Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը

Եթե անցյալ տարի այս նույն օրվա տվյալներով արտահանվել էր մոտ 7 000 տոննա ծիրան, ապա այա տարի` շուրջ 11 000 տոննա: Արտահանման ծավալներն իրականացվում են Վերին Լարսի փակ լինելու պայմանում` միայն նավերով դեպի Ուկրաինա, ՌԴ, Բելառուս: «Եթե ճանապարհները բաց լինեն, մենք ցամաքային ճանապարհով ՀՀ-ից կարող ենք արտահանել նվազագույնը 20, առավելագույնը` մինչև 25 հազար տոննա բարձրորակ ծիրան, որը ԱՊՀ և եվրոպական երկրների շուկաներում իր լուրջ ասելիքն ունի»,- ասաց փոխնախարարը:
Նշված թվից արդեն ՌԴ է արտահանվել 7058 տ, Վրաստան` 3304 տ, Ուկրաինա` 814 տ, Բելառուս` 54 տ: Ծիրանը նույնիսկ մտել է եվրոպական շուկա` արտահանվել է Բելգիա` 200 կգ-ի սահմաններում:
Գյուղատնտեսության փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունն արդեն սկսել է իրականացնել միջազգային շուկա դուրս գալու քաղաքականություն, համապատասխան փաստաթղթերի հավաստագրման գործընթաց, որպեսզի Հայաստանն ունենա տեխնիկա-տնտեսական փաստաթղթերի համապատասխան ձևեր, որոնք տարբեր երկրներում գործելու լիազորություններ ունեն:
Կոտայքի, Արագածոտնի մարզում և Թալինի տարածաշրջանից կարտահանվի ծիրան 300-500 տոննայի սահմաններում: Արտահանման ծավալը կգերազանցի 13 հազար տոննան, որն անցյալ տարվա ցուցանիշը կգերազանցի մոտ 5000 տոննայով: «Սա ռեկորդային թիվ է վերջին տարիների ընթացքում»,- արձանագրեց գյուղփոխնախարարը:
Այսօր հանրապետության տարբեր մարզերի սառնարաններում պահպանվում է 1 000 տոննայի սահմաններում բարձր որակի ծիրան:
Հանրապետությունում արդեն մթերվել է մոտ 2800 տ ծիրան` անցյալ տարվա մոտ 6000 տոննայի դիմաց: «Եթե արտահանումը ավելացել է 5 000 տոննայով, ապա մթերման ծավալները շուրջ 3000 տոննայի սահմաններում ետ են մնում: Մթերումն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում:
Արարատի մարզում այն իրականացնում են «Արտֆուդ», «»Բոռոդինո», «Ավշարի», «Նոյան», Արմավիրում` «Մապ» ձեռնարկությունները և այլ անհատ ձեռներեցներ:
Այս տարի ծիրանը լուրջ պաշարներով մթերում են ծիրանի օղի արտադրելու նպատակով: Եթե նախկինում ծավալները շատ փոքր էին, ապա այս տարի ծավալներն ընդլայնվել են, ինչը հնարավորություն է տալիս ծիրանի գերհասունացած, վայրագ տեսակները հավաքել ու հանձնել այդ մթերող ձեռնարկություններին:
Մթերման գները տատանվում են 45-50 դրամի սահմաններում, եթե գյուղացիներն իրենք են հանձնում այն ձեռնարկությանը:
Սամվել Գալստյանը շեշտեց, որ ճանապարհի բացումը էապես կազդի արտահանման ծավալների վրա: Արտահանման գները ևս կախված են դրանից:
Հանրապետությունից առաջին հերթին ծիրան արտահանվում է Արարատի մարզից, որտեղ առաջին բեռներն արտահանվում են ինքնաթիռով: Մոտ 500 տոննա ծիրանն արտահանվել է ինքնաթիռով: Սա վաղ հասունացած և 500-700 դրամով արտահանված ծիրանի բերքն է:
Իսկ մեքենաներով բարձվող բեռները սկսում են 300 դրամից և հասնում մինչև իսկ 100 դրամ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել