
«Երբ ներս մտա, մեկ հոգի կար միայն մեզ հետ խոսող` վրացի, կերած, խմած, ռուսերեն էլ լավ չէր կարողանում խոսել: Ազգանունս հարցրեց, որտեղից եմ, աշխատում եմ, որտեղ, քանի ժամ եմ պարապում դպրոցում, որտեղ եմ սովորել, մի խոսքով` տվյալներս: Բոլոր հարցերին նորմալ պատասխանեցի»,-պատմում է Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Պողոսյանը: Նա ջավախահայ այն 70 ուսուցիչներից մեկն է, որին հրավիրել են Վրաստանի ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննել:
«Ամեն կերպ համոզում էր, վախեցնում էր, որ հրաժարվեմ, Երևան չգնամ: Ասում է` դու երկու շաբաթում չես կարող սովորել: Ասացի` չեն սովորեցնում, վերապատրաստում են: Ասում է` մի գնա Երևան, ես քեզ, եթե ուզում ես, կուղարկեմ Թբիլիսի, գնա ինչ ուզում ես սովորիր, վերապատրաստվիր, թեկուզ` հայոց լեզու: Ասացի, որ փորձ ունեմ, տվյալ առարկան դասավանդել եմ: Ասում է` ջահել, սիրուն աղջիկ ես, ափսոս ես, եթե չհրաժարվես Երևան գնալու մտքից, խոստանում եմ, որ կզրկեմ քեզ քո ունեցած աշխատանքից: Ասում է ( իր խոսքերն են), որ իր հետևում, իր մեջքին կանգնած են թե’ ոստիկանապետը, թե ԿԳԲ-ն, թե շատ ուրիշ վրացի մեծամեծ պաշտոնավորներ, ես էլ պատասխանեցի, որ ոչ մեկն իրավունք չունի ինձ ասելու` ես որտեղ սովորեմ, կամ ինչ աշխատեմ: Ծիծաղեց ու ասաց, որ ուրիշ բան չունի ինձ ասելու»,-շարունակում է Նարինեն:
Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նարինե Պողոսյանին տեղեկացրել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերապատրաստման ծրագրի մասին: Նարինե Պողոսյանը համաձայել է մասնակցել վերապատրաստման ծրագրին և փաստաթղթերն ուղարեկել Թբիլիսի:
Նինոծմինդայի շրջանից ևս 15 ուսուցիչներ իրենց համաձայնությունը տվել էին` մասնակցելու նշված ծրագրին:
Հունիսի 10-ին ուսուցիչներին հրավիրել են շրջանի Ռեսուրս կենտրոն: Պետք է տեղի ունենար Տեր Արմաշ քահանայի հետ հանդիպումը, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվեր հունիսի 16-ին Երևան մեկնելու համար:
«Ռեսուրս կենտրոնում, երկրորդ հանդիպման ժամանակ, Տեր Արմաշը տեղեկացրեց, որ տեխնիկական պատճառներով հետաձգվում է Երևան գնալը,-պատմում է Նարինե Պողոսյանը,-և ասաց, որ ինքը մեզ մյուս շաբաթվա մեջ կտեղեկացնի, թե երբ պետք է գնանք: Մենք էլ հուսով էինք, որ ամսի 22-ին հաստատա կգանք»:
Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայության Նինոծմինդայի բաժնից զանգահարել են Նարինե Պողոսյանին և ծրագրին մասնակցող շրջանի բոլոր ուսուցիչներին, կանչել են հարցաքննության:
«Բոլորս` 15 ուսուցիչներս, ժամը 16:00-ին մեկ մարդու նման այդ բաժնում էինք: Տեր Հորը զանգեցի, ասացի, ինքը տեղյակ չէր: Տեղյակ չէին նաև Ռեսուրս կենտրոնում: Հերթով ներս էին կանչում, մոտ 10-15 րոպե կամ ավել ներսում խոսում էին և դուրս եկողը գույնը գցած, կարմրած, հուզված առանց նույնիսկ մեզ հետ խոսելու, գնում էր միանգամից: Միայն կարճ ասում էին, որ ներսում համոզում են, որ հրաժարվենք Երևան գնալու մտքից»,-շարունակում է ուսուցչուհին:
Նարինե Պողոսյանը սպասել է, մինչև բոլորը դուրս գան և հարցաքննության է մտել ամենավերջում:
Ջիգրաշենի դպրոցը 132 աշակերտ ունի: «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների համար այս տարի հատկացված էր 40 ժամ, իսկ վրաց լեզվի համար` 33:
Եթե մասնագետը վերապատրաստվեր, պետք է լրացուցիչ հիմունքներով մտցվեր նաև Հայ եկեղեցու պատմությունը, ինչպես որ դասավանդվում է մինչ օրս «Հայոց պատմություն» առարկան: Սակայն ուսուցիչների ահաբեկման փաստը շատերին արդեն ստիպել է հրաժարվել վերապատրաստման մեկնելու մտքից: Նարինեն դեռ չի հրաժարվել այդ մտքից. եթե ծրագիրը հաստատվի, անպայման կմեկնի վերապատրաստվելու:
«Այդքան էլ վախենալու չէ ԱԱԾ-ն, ինչպես որ մինչ այդ կարծում էի, եթե հայի ոգիդ` մեր լեզվով ասած` դուխդ տեղը պահես, ամեն ինչ լավ կլինի»,-վստահ է երիտասարդ ուսուցչուհին:
Վրացահայ և ջավախահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը հնարավոր է` չիրականանա: Այսօր Վիրահայոց թեմին պետք է վերջնական պատասխան տրվեր, թե արյդոք ուսուցիչներն, ի վերջո, կկարողանան մասնակցել «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի վերպատրաստման երկշաբաթյա դասընթացներին, թե ոչ:
Սակայն այդպես էլ պատասխան չի տրվել: Արդեն լրացել է Վիրահայոց թեմի` Վրաստանի կրթության նախարարությանն ուղղված նամակի մեկամսյա ժամկետը, դեռևս որևէ արձագանք չկա:
«Սա երևի մի ձև է հարցը քնեցնելու համար: Պիտի փորձենք նոր բանակցություններ սկսել, բայց դա կարող է երկար տևել, և ծրագիրը տեղափոխվի արդեն հաջորդ տարվա»,-«Հետքին» տեղեկացրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել