Օրենքի փոփոխություն` փաստաբան Պատրիկ Արապյանին մերժելո՞ւ համար
Հունիսի 30-ին նշանակված էր ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանին մերժման գործով վերաքննիչ բողոքի դատալսումը: Վրաստանի Արդարադատության նախարարության ներկայացուցիչը դատարանին է ներկայացրել Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունը: Համաձայն 75-րդ հոդվածի 5-րդ կետի նոր փոփոխության` օտարերկրյա փաստաբանը չի կարող ստանձնել Վրաստանի քաղաքացու պաշտպանությունը:
Երեկ պետք է որոշումը հրապարակվեր, սակայն փաստաբան Նինո Անդրիաշվիլին միջնորդել է տեղափոխել դատական նիստը մինչև հուլիսի 15-ը, որպեսզի իր պաշտպանյալներից ճշտի նրանց դիրքորոշումը` հայցը ետ վերցնել, թե սպասել դատարանի որոշմանը:
Նինո Անդրիաշվիլին նաեւ «Մարդու իրավունքների կենտրոն» ոչ-կառավարական կազմակերպության անդամ է: Դատարանում նա ներայացնում է Պատրիկ Արապյանի և Չախալյանների շահերը: Նինո Անդրիաշվիլին հեռախոսով պատասխանեց «Հետքի» հարցերին:
Տիկին Անդրիաշվիլի, երբ է կատարվել վերոնշյալ փոփոխությունը և ո՞ր օրվանից է ուժի մեջ մտել: Դա հատուկ Չախալյանների համար է ընդունվե՞լ, թե՞ փոփոխությունները վաղուց էին նախատեսված:
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխվել է 75-րդ հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն օտարերկրացի փաստաբանը չի կարող ընդգրկվել գործում: Օրենքի փոփոխությունը ուժի մեջ է մտել հունիսի 24-ին: Ես նույնիսկ տեղյակ չէի: Այսօր դատարանում դա ինձ համար անակնկալ էր: Ես փորձում եմ ճշտել, թե ինչպես է այս փոփոխությունը հաստատվել խորհրդարանում, բայց դեռևս ոչինչ չեմ կարողացել պարզել: Այս ընթացքում դա կպարզեմ և հաջորդ նիստին կներկայացնեմ դատարանին:
Այս փոփոխությունը ինչպիսի դատական ավարտ է նախատեսում Պատրիկ Արապյանի գործում:
Եթե դատական պրոցեսը շարունակվի, ես հստակ գիտեմ, որ դատարանը հայցը չի բավարարի` հիմնավորելով, որ օրենքի փոփոխություն է տեղի ունեցել:
Իսկ այդ դեպքում Վահագն Չախլյանի մյուս փաստաբանը` Ստեփան Ոսկանյանը ինչպիսի կարգավիճակում կհայտնվի, չէ որ նա էլ Հայաստանից է ընդգրկված:
Նա մինչ գործի ավարտը կարող է պաշտպանել Վահագնին, քանի որ արդարադատության նախարարությունը այդ մասին ոչինչ չի հայտարարել, և մինչև նոր փոփոխությունների ընդունումը նա արդեն ընդգրկված էր գործում:
Ինչո՞ւ եք Դուք և Ձեր կազմակերպությունը որոշել ստանձնել նաև Վահագն Չախալյանի պաշտպանությունը:
Գործում բազմաթիվ խախտումներ կան ինչպես դատախազության, այնպես էլ դատական մարմինների կողմից: Մեր կազմակերպությունը գործը վերցնում է այն ժամանակ, երբ մարդու իրավունքները խախտվում են պետության կողմից: Մենք տեսնում ենք այդ խախտումները Չախալյանի գործում:
Ինչպիսի՞ խախտումներ են, ըստ Ձեզ, թույլ տրված Չախալյանների նկատմամբ:
Եթե դատարանը վճիռ է կայացնում, դա պետք է օրենքով լինի, այսինքն` եթե դատարանն ունի ապացույցներ` գրավոր, թե նյութական: Բայց ոչ մի այդպիսի ապացույց չի եղել, ոչ մեկը չի հաստատել, որ տեսել է Վահագնին այդ անկարգությունների ժամանակ` բղավելով կամ դրանք հրահրելով: Նման ապացույցները չուներ ոչ դատախազությունը, դատարանում էլ դա չի ապացուցվել: Դատարանը պետք է արդարացներ Վահագն Չախալյանին:
Ի՞նչ քայլեր եք նախաձեռնելու Պատրիկ Արապյանի գործով:
Հավանաբար մենք վերադաս ատյանում կբողոքարկենք Վերաքննիչի որոշումը: Ես կարծում եմ, որ Գայանե Չախալյանի իրավունքները խախտվել են, երբ նա դիմել է Պատրիկ Արապյանին գործում ներգրավելու համար, քանի որ այն ժամանակ օրենքով դա չէր արգելվում: Եթե մենք դա կարողանանք ապացուցել, կարող ենք նաև նյութական փոխհատուցում պահանջել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել