
«Արմավիրի մարզպետի լիազորությունները կրել են ձևական բնույթ»
Այսօր Վերահսկիչ պալատի խորհուրդը որոշում կայացրեց Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ծախսերի վերաբերյալ ամբողջ նյութերն ուղարկել դատախազություն: Արմավիրի մարզի մարզպետարանի և համայնքների ուսումնասիրություններն այսօր Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում ներկայացրին Վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը և 4-րդ վարչության պետ Արտավազդ Ներսիսյանը: Այս մարզում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
Ստուգման ընթացքում պարզվել է, որ Տալվորիկ համայքնի բնակչությունից 964 հազար դրամ խմելու ջրի և հոսանքի ծախսերը փակելու համար գումար է հավաքվել, որից 108 հազարը մուտքագրվել և փակվել է, իսկ 856 հազարի վերաբերյալ որևէ բացատրություն կամ փաստաթուղթ չկա: Նույն համայնքում գնվել են տարբեր տարիների արտադրության` 20-30 տարվա մեխանիզացիաներ, որոնք հիմնականում շատ հին են եղել, վաղուց արդեն շարքից դուրս եկած: Յուրաքանչյուրի համար վճարվել է 500 հազար դրամից մինչև 6-6.5 մլն դրամ: Ծավալային հավելագրումներ են արձանագրվել գյուղում կատարվող շինարարության, ճանապարհային շինարարական աշխատանքներում, ջրամատակարարման և այլ ոլորտներում: «Մեկ գյուղի համար այս փաստերը շատ-շատ են, որպեսզի մենք կարողանանք սա համակարգել և ամբողջ նյութերն ուղարկել դատախազություն և պարզել, թե ինչ է տեղի ունեցել»,- հիմնավորեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Արմավիրի մարզպետարանը շինարարական բնագավառում 2007-2008 թթ. համար հատկացված 2.3 մլրդ դրամից ստուգվել է միայն 906 մլն-ը, որտեղ արձանագրվել է 86 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ: Սոցիալական ծառայությունների ոլորտում արձանագրվել են շուրջ 46 մլն դրամի խախտումներ: «Սա բավականին խոցելի թեմա է մեր տնտեսության մեջ այն առումով, որ քաղաքային և գյուղական վայրերում կեղծ տեղեկանքներով մարդկանց ընդգրկում են սոցիալապես անապահով խավի ցուցակների մեջ և դարձնում կամ նպաստառու, կամ թոշակառու: Օրինակ` մի դեպքում տեղեկանք է տրվել, որ միայնակ ապրող է, բայց պարզվել է, որ 3-4 հոգով են ապրում միասին, որից երկուսն էլ աշխատում են: Այդ դեպքում ո՞նց է դառնում անապահով խավ և ո՞նց է ստանում նպաստ»,-հարցրեց Վերահսկիչ պալատի նախագահը: Արմավիրի մարզի համայնքներում նույնպես արձանագրվել են տարաբնույթ խախտումներ, հատկապես հողերի վաճառքի հետ կապված: Այսպես՝ 10 հա հողը, մեկ հա-ն 35 438 դրամով, վաճառվել է: Համայնքի բյուջե մուտք է կատարվել 354 հազար դրամ: Մեկ օր հետո նույն հողը վերավաճառվել է 3 մլն 900 հազար դրամով: Նմանատիպ դեպքերը շատ են, հատկապես օդանավակայան հասցնող ճանապարհի հարակից տարածքներում: Մայրաքաղաքային 10 հասցեում գտնվող կիսակառույց շինությունը գյուղապետի որոշմամբ վաճառվել է ոմն Է. Մկրտչյանի՝ 889 հազար դրամով: 3 ամիս անց նույն շինությունը քաղաքացի Է. Մկրտչյանը վաճառել է մեկ այլ անձի` 15.5 մլն դրամով: «Սրանք փաստեր են, որ, կարծում եմ, գրեթե մեկնաբանությունների կարիք չկա, և շատ պարզ է, որ համայնքային և պետական բյուջե գնացող գումարները դեպի ուր, ինչպես և ինչու են գնացել»,- նշեց Իշխան Զաքարյանը: Մարգարա գյուղում «Արաքս-ավազան» և «Վինեկա» ՍՊԸ-ներին հատկացվել է 4-ական հա հող: Պայմանագրով հողը հատկացվել է գյուղմթերքներ արտադրելու համար: 1 հա-ն տրամադրվել է 25 հազար դրամով: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները պարզել են, որ ոչ մի գյուղմթերք էլ չի արտադրվում, հողատարածքներն օգտագործվել են սև ավազի հանքավայրերը օգտագործելու նպատակով: «Մեկ մեքենա սև ավազի գինը 25-30 հազար դրամ է: Այսինքն` մեկ մեքենայի գնով մեկ հեկտարը տարեկան տրվել է վարձակալության: Սա շատ շահավետ բիզնեսի աղբյուր է իրենց համար»,- նկատեց Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ պալատում փորձեցին Արմավիրի մարզին և մարզպետի աշխատանքին գնահատական տալ: Գնահատականը միանշանակ էր` «Մարզպետը չի կատարել իր լիազորությունները»: «Այս մարզում մարզպետի լիազորությունները կրել են ձևական բնույթ, չնայած ինքն ունի բազմաթիվ որոշումներ, որ փաստում է, որ վերահսկողություն է իրականացվել, բայց այդ դեպքում ինչու՞ խախտումները չեն վերացվել»,- հարցնում է Իշխան Զաքարյանը: Անցյալ տարի Վերահսկիչ պալատը պետական բյուջեի չարաշահումների վերաբերյալ 9 գործ է ուղարկել դատախազություն, 6 գործով հարուցվել է քրեական գործ: 2 գործով ստացել են դատախազության պատասխան, որ դրանք քրեական բնույթի չեն, այլ քաղաքացիաիրավական: Մեկ գործ` կապված Վարդենիսի խողովակաշարի հետ, կարճվել է, քանի որ ժամանակին հարուցված է եղել քրեական գործ, իսկ անկախության 15-ամյակի հետ կապված համաներման արդյունքում պատիժը կրողը ազատվել է դրանից: Համաձայն քրեական օրենսգրքի` նույն գործի հետ կապված երկու անգամ քրեական գործ չի կարող հարուցել:
Մեկնաբանել