HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սահմանի բացումը վտանգավոր է. պետք է մշակվի մշակութային անվտանգության համակարգ»

h_garukyan-020509

«Շատ ավելի մեծ զենք է մշակույթը, քան ինքը` զենքը:  Հոգևոր ոչնչացումը շատ ավելի վտանգավոր է»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և սահմանի բացմանը` այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց գեղանկարիչ Հենրիկ Գարուկյանը: Վերջինիս կարծիքով` թուրքերի` հայերի ոչնչացման ծրագիրը սահմանի բացումով կարող է իրական դառնալ:

Բանախոսն ասում է, որ քաղաքական գործիչներն իրենց գործն են անում, իսկ արվեստագետները հայ-թուրքական հարաբերությունների շուրջ պետք է մտածեն իրենց վերաբերող համատեքստում: «Այո, մենք հարևաններ ենք, ունենք շատ ցանկալի և անցանկալի ընդհանուր բաներ, բայց սահմանի բացումը մեր համար շատ վտանգավոր է: Մենք արդեն եվրոպական արժեքներն ենք ընդունել, մեր սերունդն այդպես է դաստիարակվել, մենք շարունակում ենք եվրոպական արվեստի հետ շփվել, այդ թատրոնը դիտել, և հիմա մենք կանգնած ենք մի բանի առաջ, որը շատ վտանգավոր է»,- մտահոգվում է Հենրիկ Գարուկյանը: Նրա գնահատմամբ` սահմանի բացումը նշանակում է գնալ դեպի Թուրքիա. «Թուրքերը ուզում են գնալ դեպի Եվրոպա, չգիտես ինչու` մենք ուզում ենք գնալ դեպի Թուրքիա,-ասաց Հենրիկ Գարուկյանը և շարունակեց,-այսօր առանց դրա էլ մենք արդեն լսում ենք և' այդ տիպի երաժշտություն, և' արվեստի որոշ ոլորտներում այդ տարրերը տեսնում ենք»: Իսկ նկարչական ասպարեզում, ըստ Հ. Գարուկյանի, թուրքերը դեռևս մանկական քայլեր են անում և հայերին հասնելու համար երկար ճանապարհ ունեն անցնելու: «Բայց ես վախենում եմ, որ հասարակը ու դյուըմբռնելին ավելի հեշտ է ընկալել, և այդ վտանգը, որ հեշտ ըմբռնելին ու հեշտ մարսելին կարող է օգտագործվել հայ հասարակության համար, որը նա պատրաստ է ընդունել»: Ըստ բանախոսի` սա մեծ խաղ է և այն դեռ նոր է սկսվել, և նույնիսկ ոչ մի զինվոր դեռ չի փոխանակվել, իսկ հայերն ուզում են ենթադրություններ անել, թե ինչպես է վերջանալու այն: Հայ-թուրքական հարաբերությունները նմանեցնելով շախմատային խաղի` բանախոսը հավելեց, որ հայերին թվում է, որ ողջ աշխարհը մտածում է իրենց մասին, բայց իրականում Հայաստանը միայնակ է նստած խաղատախտակի առջև, և այդ «միջազգային խաղը պետք է խաղա միայնակ»: Բանախոսի խոսքերով` հայերից հարվածներ սպասելի չեն, սակայն թուրքերը դարերի ընթացքում անընդհատ հարվածել են հայերին: «Մենք հիմա արդեն խնդիր ունենք մեր ինքնությունը լավ պահելու, հիմա էլ գալիս է մի երկիր, որի նպատակը դարերի ընթացքում եղել է մեզ ոչնչացնելը»: Ամփոփելով թեման` բանախոսը եզրակացրեց, որ հայ հասարակությունը պատրաստ չէ սահմանի բացմանը: Իսկ մշակութային անվտանգության համար պետք է մեծ աշխատանք տարվի: «Կան տեսաբաններ, որոնք աշխատում են դրա վրա, սակայն իրենց ձայնը դեռ չի լսվում, բայց պետությունը առանց մշակութային անվտանգության կոնցեպցիայի չի լինում, թուրքերն ու հրեաներն ունեն այդ կոնցեպցիան, և մենք պետք է սովորենք նրանցից: Լրջորեն պետք է մշակվի մշակութային անվտանգության համակարգ: Դա կարող է մշակել մշակույթի նախարարությունը մշակութաբանների օգնությամբ»,- եզրակացրեց Հենրիկ Գարուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter